Պետական գնումների Էլեկտրոնային տենդերային համակարգը, որը հայտարարվում է Ախալքալաքի շրջանում շինարարական աշխատանքներ կատարելու համար հանգեցրել է նրան, որ խոշոր ենթակառույցային աշխատանքները անորակ են կատարվում և ոչ ժամանակին:
Վրաստանում պետական գնումների էլեկտրոնային տենդերային համակարգի հիմնական նպատակներից մեկը՝ ընկերությունների միջև առողջ մրցակցության ստեղծումն է, ինչի արդյունքում շահելու է պետական բյուջեն:
«Միջազգաին թափանցիկություն – Վրաստան» կազմակերպության աշխատակից՝ Անա Դաբրունդաշվիլիի խոսքերով, տենդերների իրականացումը էլեկտրոնային տարբերակով, իրոք, հնարավորություն է տալիս նրանցում մասնակցելու շատ ընկերությունների, ինչը լավ է մրցակցության տեսակետից:
«Մրցակցությունն օգնում է պետությանը խնայել գումարներ: Բոլորը հնարավորություն ունեն նայելու, թե ինչպես է ընթանում տենդերը: Նվազում է կոռուպցիայի ռիսկը: Էլեկտրոնային ձևաչափը օգնում է մեզ Վրաստանի մարզերում անցկացնել տենդերների մոնիտորինգ, ինչը դժվար կլիներ առանց այդ համակարգի և կոռուպցիայի ռիսկը շատ ավելի բարձր կլիներ»,- ասում է Անա Դաբրունդաշվիլին:
Սակայն, Ախալքալաքում խոշոր ենթակառույցային աշխատանքների իրագործման համար անցկացվող տենդերները մրցակցություն չեն ստեղծում ու Ախալքալաքի բյուջեն չի շահում դրանից: Այդ եզրակացությանն ենք մենք հանգել շինարարական աշխատանքների տենդերների մոնիտորինգի արդյունքում:
Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների փողոցների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքներն արդեն մի քանի տարի շարունակ կատարում է միայն մեկ շինարարական ընկերություն՝ «Джавах-автогза»-ն:
Այս տարի Ախալքալաքի շրջանում հայտնվեց ևս մեկ ընկերություն՝ «FIN-ESTATE»: Եվ այդ աշխատանքների իրագործման շուկան, մեր մարզում, բաժանեցին «Джавах-автогза» և « FIN-ESTATE» երկու շինարարական ընկերությունները: Սակայն Նինոծմինդայում «Джавах-автогза»-ն դեռևս մնում է միակ մենաշնորհը այդ ոլորտում:
Հարկ է նշել, որ այդ երկու ընկերություններն էլ տեղական չեն: Տեղական բնակչությունը այդպիսի խոշոր տենդերներին չի մասնակցում, քանի որ շրջանում չկան համապատասխան ընկերություններ: Սակայն, շատ տեղացիներ, որոնք գնում են ուրիշ երկրներ արտագնա աշխատանքի ունեն այնտեղ իրենց նմանատիպ ընկերություններ, կամ աշխատում են այլ մարդկանց այդպիսի ընկերություններում: Այսինքն՝ կարելի է ասել, որ հմտություն և փորձ տեղական շինարարներն ունեն:
Այն պատճառով, որ տենդերներին մասնակցում են միայն այս երկու ընկերությունները, բնականաբար նրանք էլ շահում են: Համաձայն պաշտոնական պետական գնումների գործակալության tenders.procurement.gov.ge կայքի, Ախալքալաքի փողոցների շինարարական աշխատանքների համար 16.05.2014թ. հայտարարվել էր 1՝506՝510 լարի արժողությամբ տենդեր: Առաջարկությունների ընդունման վերջին ժամկետը հայտարարված էր մինչև 06.06.2014թ.: Տվյալ տենդերին մասնակցել է միայն մեկ՝ «Джавах-автогза»- ընկերությունը, որն էլ հաղթել է այն նախնական գումարով:
Շրջանում, նմանատիպ աշխատանքների համար, մյուս տենդերը հայտարարվել է 23.05.2014.թ 1՝679՝250 գումարով:Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը եղել է 13.06.2014թ.: Տվյալ մրցույթում մասնակցել են երկու՝ «Джавах-автогза» և « FIN-ESTATE» ընկերությունները: ԵՎ այն 1՝649՝200 լարիով շահել է «FIN-ESTATE»-ը ընկերությունը: Այսինքն՝ տվյալ դեպքում, բյուջեում խնայվել է 30՝050 լարի:
Մայթերի բարեկարգման համար տենդերը հայտարարվել էր 25.08.2014թ. 10՝626 լարի գումարի արժողությամբ: Տենդերի փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը եղել է 15.09. 2014թ.: Շահել է այն «Джавах-автогза» ընկերությունը՝ նախնական գումարով, քանի որ տենդերին մասնակցել է միայն ինքը:
Հարկ է նշել, որ երեք աշխատանքներում էլ ընկերությունները պայմանագրում նշված ժամկետի մեջ չեն տեղավորվել: Փողոցների ասֆալտապատման երկրորդ տենդերի մեծ աշխատանքները հետաձգվել են հաջորդ տարի, իսկ 1-ին և 3-րդ տենդերի աշխատանքները ավարտել են միայն ժամկետը երկարացնելուց հետո՝ այն էլ, տուգանքներով և անորակ:
Այս ամենի պատճառը՝ ևս մեկ փաստ է:Ախալքալաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների տենդերները արդեն երկու տարի է հայտարարում են տարվա կեսերին: Ու մինչ կայանում է աճուրդը, մինչ պատրաստում են փաստաթղթերը, երեք ամիս անցնում է: Ու հիմնական աշխատանքները սկսում են իրականացնել սեպտեմբեր ամսին, իսկ ասֆալտապատումը փողոցների սկսում են՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ Ջավախքում արդեն ձյուն է տեղում:
Ախալքալաքի շրջանի էկոնոմիկայի և ենթակառույցների զարգացման բաժնի պետ՝ Լյովա Կազարյանի խոսքերով, տենդերների ուշ հայտարարման պատճառներից մեկը՝ այս տարվա հունիսին տեղի ունեցած տեղական ընտրություններն էին:
«Եվ մինչ կազմում ես տենդերների նախագծային փաստաթղթերը, մինչ հայտարարում ես այն, հետո մեկ ամիս է պահանջվում, որ ընկերությունները ներկայացնեն փաստաթղթերը: Երեք ամիս կորցնում ենք»,- ասում է Լյովա Կազարյանը
Սակայն, ինչպես արդեն նշեցինք, նման իրավիճակ էր, և անցյալ, և նախանցյալ տարի:
Հաջորդ տարի, Լյովա Կազարյանի խոսքերով, Ախալքալաքի շրջանում շինարարական աշխատանքներն սկսվելու է ավելի շուտ, քանի որ իրենք արդեն իսկ ունեն 2015թ բոլոր նախագծերը:
Շուշան Շիրինյան