Սամցխե-Ջավախքի նոր նահանգապետ Կախա Սամխարաձեն այցելել էր Ջավախք:
Նինոծմինդայից հետո Կախա Սամխարաձեն ժամանել է Ախալքալաք: Այցը ծանոթանալու նպատակով էր: Նահանգապետին այցելության ընթացքում ուղեկցում էր խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը: Ախալքալաքում քաղաքապետարանի շենքի մոտ նրան դիմավորեցին Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը ու այլ պաշտոնատար անձինք: Նրանք բարձրացան քաղաքապետարանի նիստերի դահլիճը, որտեղ նրանց սպասում էին քաղաքապետարանի աշխատակիցներ, գյուղերի բնակիչներ, ուսուցիչներ և այլ անձինք:
Նահանգապետն ողջունեց հավաքվածներին: Դրանից հետո, Հենզել Մկոյանը ներկայացրեց նահանգապետին և հակիրճ խոսեց խնդիրների մասին, որոնք լուծվել են կառավարության կողմից, որոնք պատրաստվում են լուծել և որոնց լուծման համար անհրաժեշտ է կառավարության աջակցությունը: Նա բարձրացրեց Ախալքալաքից մինչ Հայաստանի հետ սահմանը ճանապարհի վերականգնման հարցը, Նարդևան գյուղից մինչ Ծալկա ճանապարհը, որպես դեպի Թբիլիսի տանող կարճ ճանապարհ, Խանդոյի ճանապարհը, նշելով, որ նախագիծը կա, ու այս ճանապարհից օգտվում են հինգ գյուղեր: Հետո խոսվեց գյուղերի գազիֆիկացման մասին, առաջարկելով պետությանը աջակցել նրանց: Պատգամավորը նաև նշեց, որ որոշ միջոցառումից հետո, որը պետությունն անցկացրեց իրենց խնդրանքով, լուծվել է կարտոֆիլի իրացման հարցը և գյուղացիները աստիճանաբար վաճառում են իրենց կարտոֆիլը:
Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը խնդրեց աջակցել գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև տարածաշրջանում այլընտրանքային գյուղատնտեսական մշակաբույսերի ներդրմանը:
Նահանգապետը խոստացավ Գյուղատնտեսության նախարարության հետ կազմակերպել հանդիպումներ:
Հավաքվածները նաև բարձրացրեցին հարցեր, խնդիրներ, որոնք նրանք կցանկանային լուծված տեսնել: Խնդրեցին օգնել Պտենա գյուղի դպրոցի շինարարության հարցում, քանի որ երեխաները հաճախում են Չունչխա գյուղի դպրոց: Դիլիսկա գյուղի բնակիչը բարձրացրեց գյուղի դպրոցի վերանորոգման անհրաժեշտության մասին: Խնդրեցին օգնել ավարտել Գումբուրդու գյուղի ոռոգման համակարգի վերականգնումը, օգնել Բավրա գյուղում մանկապարտեզ կառուցելուն, որ երեխաներին չբերեն քաղաք, քանի որ ոչ բոլորն են կարող իրենց դա թույլ տալ: Վարևան գյուղի բնակիչը խնդրեց օգնել Վարևան գյուղի խմելու ջրի հարցի լուծմանը:
Բարձրացվեց տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հարցը և առաջարկվեց օգնել Ախալքալաքի բերդի վերականգման գործում: Բարձրացվեցին նաև այլ հարցեր:
Բոլոր քննարկվող թեմաները նահանգապետը գրի առավ, խոստանալով զբաղվել դրանցով:
Շուշան Շիրինյան