Այսօր, Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի բյուջեի և ֆինանսական հանձնաժողովի նիստում քննարկվեցին բյուջեի հերթական փոփոխությունները:
Ախալքալաքի քաղաքապետարանը Սակրեբուլոյի քննարկմանն էր ներկայացրել բյուջետային փոփոխությունների 9 կետ, որոնք հիմնականում վերաբերվում էին առողջապահության, մշակույթի և սպորտի, Մանկապարտեզների միավորման, Հանրային առողջապահության կենտրոնի և տնտեսական զարգացման և գույքային ծառայության ոլորտներին:
Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը խնդրում էր 20 000 լարիով ավելացնել հիվանդ երեխաների ու թոշակառուների սուբսիդիաները, ովքեր այս տարվա ընթացքում բուժվել են Ախալքալաքի ՍՊԸ «ՈՒնիմեդ Սամցխե» բժշկական կենտրոնում: Քանի որ հատկացրված գումարը վերջացել է:
Սուբսիդիաների ավելացման համար բյուջետային հանձնաժողովի մոտ հարցեր չառաջացավ: Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը նշեց, որ իրենք դեմ չեն երեխաների ու թոշակառուների սուբսիդիաների հնարավոր բարձրացմանը, սակայն առաջարկեց այնուամենայնիվ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կան կենսաթոշակառուներ ովքեր հնարավորություն ունեն վճարել, և կան մարդիկ ովքեր այդ հնարավորությունը չունեն:
Հաջորդ փոփոխությունը ներկայացրեց Ախալքալաքի շրջանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով ծառայության պետ Վալերի Ստելմաշովը: Նա պահանջում էր հատկացնել 2250 լարի, որպեսզի Մաջադիա գյուղում բացվի սեղանի թենիսի խումբ: Գյուղում գույք և շենք կա, իսկ այդ գումարը մարզիչի աշխատավարձի համար է:
Սակայն բյուջետա- ֆինանսական հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը առաջարկեց, որ ծառայության պետը նախ ներկայացնի շրջանի սպորտի զարգացման ծրագիրը, որից հետո կորոշվի տրամադրել Մադադիա գյուղին գումար, թե ոչ: Նրա խոսքերով, քաղաքապետարանում կան գյուղեր, որտեղ ընդհանրապես սպորտային խմբակ չկա, իսկ Մաջադիայում դա կլինի երկրորդ սպորտային խմբակը:
Մանկապարտեզների միությունը խնդրեց երեխաներին կերակրելու գումարի ավելացում և դրա համար պահանջեց 41 427 լարի, հիմնավորելով, որ փոխվել է սննդի ռացիոնը:
Նոր խմբերը բացվեցին երեք ամիս ուշացումով, իսկ սնունդը հաշվարկվել էր հունվարի 1-ից: Այս ամիսների համար սնունդը կազմում է 20 000 լարի: Հաշվի առնելով, չծախսված գումարը, պատգամավորները համաձայնության եկան պահանջվող գումարից հատկացնել ընդամենը 21 427 լարի:
Առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիկ Տոնականյանը պահանջում էր 3628 լարի, որից 2523 լարին որպես աշխատողների դեկրետային, իսկ 1150 լարին կազմակերպության պատուհաններին շերտավոր վարագույրների տեղադրման համար: Առաջին գումարի հետ կապված պատգամավորների մոտ որևէ հարց չառաջացավ, բայց երկրորդ մասի վերաբերյալ կարծիքները միանշանակ չէին:
Քննարկեցին նաև ՍՊԸ «Ախալքալաքի սպասարկման կենտրոնի» պահանջը: Նրանք պահանջում էին հատկացնել 412 100 լարի:
Տնտեսական զարգացուման և գույքային ծառայությունը պահանջում էր 1500 լարի երկրաբանական հետազոտության նպատակով, շտապ օգնության նոր շենք կառուցելու համար և Խանդո գյուղի ծիսակատարությունների տան գազի վառարան գնելու համար:
Նրանք քննարկեցին նաև մշակույթի, կրթության, զբոսաշրջության և սպորտի վարչության կողմից պահանջվող «գենդերային հավասարության հարցերի» համար 4400 լարի գումարը:
Բյուջեում կատարված փոփոխությունների ընդհանուր գումարը կազմում էր 485 705 լարի, իսկ ընդհանուր փոփոխությունների գումարը՝ 1 867 924 լարի է: Հանձնաժողովից հետո այս հարցերը կքննարկվեն Սակրեբուլույի բյուրոյում:
Շուշան Շիրինյան