Ախալքալաքի սպասարկման կենտրոնը խոստանում է հաջորդ տարվանից մշտապես մաքրել նախկին զինվորական ավանի տարածքը: Այժմ քաղաքի միկրոշրջանը գտնվում է անտեսված և կեղտոտ վիճակում:

Թիվ 1 նախկին զինվորական ավանի տարբեր վայրերում աղբով լիքը պոլիէթիլենային տոպրակներ, հյութերի և խմիչքների շշեր և այլ աղբ է նետված, չհաշված աշնանային տերևները: Ջրատար գծերը լցված են տերևներով և աղբով, դրանք վաղուց դադարել են ծառայել նրան, ինչի համար նախատեսված են:

Զինվորական ավանը պաշտոնապես հաստիքավոր հավաքարարներ չունի: Տարածքը տարվա ընթացքում մաքրվել է երկու-երեք անգամ, այն էլ շաբաթօրյակների շրջանակներում:

Տարածքը չի մաքրվում, բնակչությունն էլ չի մտածում շրջակա միջավայրի մաքրության մասին, ոչ միայն չի հոգում, այլև աղտոտում է: Աղբը արկղեր գցելու փոխարեն, նրանք դա նետում են աղբարկղերի մոտ, գարեջրի և խմիչքի շշերը նետում են ճամփեզրերին:

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանն ասում է, որ նա այս տարի չուներ մարդկային և նյութական ռեսուրսներ նախկին թիվ 1 զինվորական ավանի տարածքը մաքրելու համար, սակայն, ըստ նրա, հաջորդ տարվանից ավանում կլինի մշտական մաքրող աշխատակազմ:

«Նախկին զինվորական ավանի տարածքը մաքրելու համար մենք ներկայացրել էինք 4 աշխատողի, բայց բյուջեի սղության պատճառով, հավանաբար, 2 հաստիք կհաստատեն: Ինչպես քաղաքում, նրանք ամեն օր կմաքրեն ավանի տարածքը, բայց դեռ չենք որոշել, թե որ մասը, քանի որ երկու հոգին չի կարող ամեն օր մաքրել ողջ տարածքը: Մենք դա կքննարկենք ավելի ուշ », – ասաց Արմեն Բիչախչյանը:

Անբարեխիղճ բնակիչներին պատժելու համար Սպասարկման կենտրոնը որևէ լծակ չունի:

«Ես խնդրեցի քաղաքապետարանին ստեղծել այնպիսի կառույց, որ այնտեղ լինեն լիազորված անձինք, որոնք կտուգանեն և կպատժեն անբարեխիղճ բնակիչներին, բայց առայժմ լուծում չկա », – ասաց Արմեն Բիչախչյանը:

Քաղաքը նախկին զինվորական ավանի հետ կապող կամուրջը նույնպես գտնվում է լքված և թափթփված վիճակում: Մոտ մեկ ամիս առաջ կամուրջը նորոգվեց անցքերը փայտե տախտակներով փակելով, քանի որ, ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակիցների, կամուրջը հաջորդ տարի հիմնովին կվերանորոգվի: Այնուամենայնիվ, կամրջի վրայից նույնիսկ վերանորոգումից հետո թափված թափոնները չեն հավաքել: Խողովակների տակ կեղտ և աղբ է, խոտեր, կոտրված են կամրջի քարե աստիճանները:

most

Ըստ Արմեն Բիչախչյանի, իրենք աշխատողների պակաս ունեն, նրանք այժմ զբաղված են փողոցների մաքրմամբ, որոնք այս տարի ասֆալտապատվել են, սակայն նա խոստացավ կամուրջը մաքրելու համար ռեսուրսներ գտնել:

«Շինարարները ասֆալտապատումից հետո թողել են շինարարական թափոնները ու առանց իրենց ետևից մաքրելու այն գնացել: Ամեն օր մեկ փողոց մաքրում ենք: Երկու օր առաջ մաքրվեց զինկոմատի փողոցը, վաղը մաքրելու ենք հիվանդանոցի խաչմերուկը, այնուհետև «Ավերսի» դեղատան և դպրոցի խաչմերուկը: Այնուամենայնիվ, հնարավոր է կազմակերպել հետիոտնային կամրջի մաքրումը: Մի քանի օր առաջ ես մի տախտակ խփեցի կամրջի անցքի վրա, չնայած այդքան էլ կոկիկ չստացվեց, բայց անցքը փակվեց: Ես կգտնեմ հնարավորություն և կհրահանգեմ, որ կամուրջը մաքրվի, բայց զինվորական ավանը չեմ խոստանում: Մենք նոր աշխատողների կընդունենք և նրանք կզբաղվեն դրանով », – ասաց Սպասարկման կենտրոնի տնօրենը:

Նույնիսկ եթե №1 զինվորական ավանի տարածքը ամեն օր մաքրվի, սակայն բնակչությունը կրկին մաքրությունը չպահպանի, արդյունքը կլինի անզգալի: