Այսօր կայացավ Կարտիկամ գյուղի հիմնանորոգված դպրոցի բացման պաշտոնական արարողությունը:
Առավոտից Կարտիկամ գյուղում անսովոր իրարանցում էր: Մեծ թե փոքր, ուսուցիչ թե աշակերտ, բոլորը շտապում էին դպրոց գնալ: Երկու տարի անց կարտիկամցիները հնարավորություն ունեն կրթական նորագույն չափանիշներին համապատասխան, հագեցված լաբորատորիաներով ու ամենատարբեր սարքավորումներով իրենց դպրոց հաճախել:
Կարտիկամի հանրային դպրոցի շենքը երկհարկանի, տիպիկ կառույց է, նախատեսված 600 աշակերտի համար: Դպրոցի հիմնավերանորոգումն իրականացրել է ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» (MCA Georgia) հիմնադրամը: Դպրոցաշինության ծրագիրն Հիմնադրամը իրականացնում է Վրաստանի կառավարության հետ համատեղ:
Դպրոցի բացմանը մասնակցելու էին եկել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարը, Սամցխե-Ջավախքի նահանգապետը, Խորհրդարանի պատգամավորը, ԿԳ փոխնախարարը, Ախալքալաքի քաղաքապետն ու Սակրեբուլոյի նախագահը և այլք:
Վրաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը իր խոսքում նշեց. «Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում, այս հիանալի դպրոցի բացմանը։ Շատ հաճելի է տեսնել այսքան երեխայի, ծնողների ժպտերես դեմքերը։ Շնորհակալ եմ Կրթության նախարարությանը, մեզ աջակցելու համար։ Շատ կարևոր է, որ այստեղի հայ աշակերտները վրացերեն սովորեն: Հուսով եմ, որ նոր բացված լաբորատորիաները օգտակար կլինեն»:
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը դպրոցաշինության ծրագիրն իրականացնում է Վրաստանի կառավարության հետ համատեղ: MCA Georgia ամբողջովին իր վրա է վերցնում դպրոցի ներսի աշխատանքները, իսկ Կրթության և գիտության նախարարությունը պարտավորվում է իրականացնել ջրի, կոյուղու, լույսի և դպրոցի բակի ցանկապատման ու բարեկարգման աշխատանքները:
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամն իր աշխատանքները վերջացրել է Կարտիկամի դպրոցում, սակայն դեռ անելիք ունի Կրթության և գիտության նախարարությունը: Դպրոցի ցանկապատման, շրջակա տարածքի ասֆալտապատման և այլ աշխատանքեր:
Կարտիկամի հանրայի դպրոցը 300 աշակերտ ունի: Երկու տարի է բարձր դասարանցիները երկրորդ հերթափոխով հաճախում էին հարևան՝ Կուլիկամ գյուղի դպրոց, իսկ տարրական դասարանների երեխաները գյուղում, վարձակալած բնակարանում էին դպրոցական կրթություն ստանում:
Վրաստանի Կրթության և գիտության փոխնախարարն իր խոսքում կարևորեց ընդհանուր կրթության դերը անհատի զարգացման ու կայացման գործում:
«Մեր նպատակն է Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար կրթությունը հասանելի դարձնել, որպեսզի բոլորը իմանան ինչպես ճիշտ ապրել։ Մենք կարծում ենք, եթե կրթությունը յուրաքանչյուրի համար հասանելի է, ուրեմն Վրաստանի յուրաքանչյուր անկյուն փոխկապակցված է։ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամն ամբողջ Վրաստանի շրջաններում 100 դպրոցի վերանորոգում է իրականացրել, ինչը դրական ազդեցություն է ունենում կրրթության մակարդակի բարձրացման վրա», – ասաց Կրթության և գիտության փոխնախարար Թեյմուրազ Մուրղուլիան:
«Դպրոցների վերանորոգմանը զուգահեռ իրականացնում ենք ազգային փոքրամասնությունների տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ Եվ այս ամենը կնպաստի ընդհանուր կրթության մակարդակի բարձրացմանը», – ասաց Վրաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Մագդա Մաղարաձեն:
Դպրոցի աշակերտները պատրաստել էին հյուրերի համար ելույթ վրացերեն և հայերեն լեզուներով: Իսկ վերանորոգումից հետո նորաբաց դպրոցի գրքույկում առաջին գրառումը կատարեց Վրաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը:
Աղունիկ Այվազյան
Գայանե Ակոջյան