Արդեն մեկ տարուց ավելի է Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղի դպրոցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Շինարարները խոստանում են շահագործման հանձնել շենքը մինչ 2017 թ.-ի սեպտեմբեր, սակայն այսօրվա դրությամբ աշխատանքները դադարեցված են:

Կարտիկամ գյուղի դպրոցի շենքը երկհարկանի, տիպիկ կառույց է: 2016թ.-ի մարտի 15-ից սկսվել է դպրոցի վերանորոգման աշխատանքները, որն իրականացվում է ժամանակ առ ժամանակ, և ոչ մասշտաբային: Կարտիկամ գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորում է «Հազարամյակի մարտահրավերներ – Վրաստան» հիմնադրամը:

Ըստ գյուղացիների, դպրոցում վերանորոգման աշխատանքներն առաջին օրվանից անկանոն է եղել: Դպրոցը պետք է հանձնեին մինչ 2016 թվականի սեպտեմբերին, բայց արդեն 2017թ.-ի սեպտեմբերն է մոտենում, սակայն դեռ շատ բան մնում է անավարտ: 3 օր անընդմեջ jnewsը փորձում էր գտնել աշխատողներին, ովքեր զբաղված են վերանորոգման աշխատանքներով, բայց ապարդյուն: Դպրոցի դռները փակ են, և 3 օրվա ընթացքում այդպես էլ դռները չբացվեցին:

карт2

Ձմռանը, շինարարները չեն աշխատել: Դպրոցի վերանորոգման աշխատանքները վերսկսվել են ապրիլի 25-ից, և այս անգամ նույնսիկ մեկ ամիս չի շարունակվել:

Շալիկո Չեչելյանը դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, և զուգահեռ աշխատում է որպես պահակ: Ըստ նրա, դպրոցի վերանորոգման աշխատանքները ձգձգելու պատճառը դա ֆինանսավորման բացակայությունն է:

«Աշխատողներին ասում էին այսօր կվճարենք, վաղը կվճարենք, և չէին վճարում, և աշխատողները հեռանում են: Գալիս են ուրիշները, կրկին նույն իրավիճակը: Աշխատողները Գորիից էին, Քութայիսիից, Սամտրեդիայից, Թբիլիսիից, տեղացիները նույնպես աշխատել են, սակայն բոլորը հեռանում են, քանի որ նրանց չեն վճարում: Կիրակի օրը (խմբ. Մայիսի 14-ին), եկավ աշղեկը, կային նաև աշխատողներ Նինոծմինդայից և Վաչիան գյուղից, բայց չկարողացան համաձայնության գալ պայմանագիր կնքել, և հեռացան», – ասաց Շալիկո Չեչելյանը:

Ըստ տեղացիների, այսօրվա դրությամբ, դպրոցում ավարտվել է առաստաղի վերանորոգման աշխատանքները, փոխվել են պատուհանների մեծ մասը: Մնացել է փոխել դռները, ներկել պատերը, բարեկարգել տանիքը, որոշակի աշխատանք է մնացել զուգարանի հետ կապված, ինչպես նաև դպրոցի բակի բարելակարգումը:

Ըստ դպրոցի տնօրեն Արարատ Էլիզբարյանի, նա գրավոր դիմել է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությանը, և ստացել է պատասխան, որ մինչ 2017թ.-ի սեպտեմբեր, դպրոցի վերանորոգումները կավարտվեն: Ի սկզբանե, դպրոցի տնօրինությանը խոստացել էին, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն հունիսին, սակայն այժմ խոստացման վերջնաժամկետները երկարացրել են մինչև սեպտեմբեր:

карт6

карт7

Կարտիկամի դպրոցում սովորում է 300 աշակերտ: Աշակերտները 5-րդ դասարանից մինչև 12-րդ դասարան ներառյալ, թվով 220 աշակերտ հաճախում է հարևան՝ Կուլիկամ գյուղի դպրոց: Առաջինից մինչև 4-րդ դասարանի աշակերտները, 80 երեխա սովորում են գյուղում, մասնավոր տան մեջ: Երեխաներին հարևան գյուղ են տանում պետության կողմից վարձակալած միկրոավտոբուսներով:

Երեխաներն ու ուսուցիչները հավաքվում են Կարտիկամ գյուղի Մշակույթի տան դիմաց և այնտեղից միկրոավտոբուսով շարժվում դեպի հարևան գյուղի դպրոց: Կուլիկամ գյուղի դպրոցում Կարտիկամի երեխաները երկրորդ հերթափոխով են սովորում: Դասերը ավարտվում է երեկոյան 19:30-ին:

карт3

Մասնավոր տունը, որն այսօր որպես դպրոց է ծառայում Կարտիկամի տարրական դասարանների դպրոցականների համար բաղկացած է երեք չկահավորված և փոքր սենյակներից: Դպրոցի մուտքը հիշեցնում է դուռ դեպի գոմ: Ուսուցչանոցը մի փոքր մուգ սենյակ է կեղտոտ պատերով, փայտե պահարաններով և հողե հատակով, ըստ երևույթին ժամանակին ծառայել է, որպես մառան: «Դասարանները» ցուրտ են ու անհարմար: Երեխաները այստեղ սովորում են երկու հերթափոխով, իսկ դասամիջոցներին տեղ չունեն վազելու և հանգստանալու:

карт4

карт5

Հարցերով այն մասին, թե ինչու դպրոցի վերանորոգումը այդքան հետաձգվում է, և ինչն է պատճառը, որ մենք դիմել ենք «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Վրաստան» հիմնադրամին, մեզ խոստացան են, որ կպատասխանեն: Պատասխաններն ստանալուն պես մենք անմիջապես կտեղեկացնենք մեր ընթերցողներին:

Շուշան Շիրինյան