Երկու տարի առաջ սկսված Կարտիկամի դպրոցի հիմնովին վերանորոգումը պետք է ավարտված լիներ դեռ մինչև հունիսի 3-ը, այնինչ իրականացված է աշխատանքների ընդամենը 50%: Վերանորոգումը շարունակելու է նոր կազմակերպություն:
Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղի դպրոցի շենքը երկհարկանի, տիպիկ կառույց է, նախատեսված 600 աշակերտի համար: Դպրոցը վերանորոգվում է ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» (MCA Georgia) հիմնադրամի կողմից: MCA Georgia-ն դպրոցաշինության ծրագիրն իրականացնում է Վրաստանի կառավարության հետ համատեղ:
Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղի, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի և Ախալցիխեի թիվ 1 դպրոցների հիմնովին վերանորոգման իրականացումը վստահվել էր վրացական INTER PLIUSI ընկերությանը: Երեք դպրոցներում շինարարական աշխատանքների համար MCA Georgia հիմնադրամը հատկացրել է USD 1,188,984.15: Հիմնադրամի և աշխատանքներն իրականցնող ընկերության հետ պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով՝ 2015 թվականի նոյեմբերի 19-ից մինչև 2017 թվականի հունիսի 3-ը:
Այսինքն, ըստ պայմանագրի, այսօր Կարտիկամ գյուղի աշխակերտները պետք է իրենց դպրոցում սկսեին նոր ուսումնական տարին:
Jnews-ը եղավ Կարտիկամի դպրոցում և տեղում պարզեց վերանորոգման աշխատանքների ձգձգման պատճառներն ու գյուղացիների դժգոհությունները:
«Ես իմ տունը վարձով եմ տվել, որ աշխատողները մնան, 9-րդ ամիսն է, ոչ մի կոպեկ չեմ ստացել, ասում են՝ կտանք, թե երբ, ոչ-ոք չգիտի: Մարդիկ աշխատել են, բայց դատարկաձեռն են մնացել, սա կատակ բան չէ: Շատ վատ դրություն է, որովհետև արդեն երկրորդ տարին է նույն վիճակն է, բայց այսօրվա դրությամբ ոչ մի աշխատող չկա, ոչ-ոք չի գալիս, մի քանի օր առաջ եկել էին Թիֆլիսից, ովքեր որ ֆինանսավորում են»,- ասաց Շալիկո Ճեճելյանը:
INTER PLIUSI ընկերությունը չի վճարել, ոչ միայն բանվորներին, այլև վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութերի դիմաց:
«Դուռ-պատուհանները շինողները եկել էին, բողոքում են, մարդիկ վարկի տակ են հայտնվել, պարզվում է 40 000 լարի պարտք են: Մարդիկ հրաժարվում են մնացած պատուհաններն ու դռները սարքել և ճիշտ էլ անում են: Արդյունքում մեր դպրոցն է տուժում: Եթե այս տեմպերով շարունակվի, շինարարության ավարտը չի երևում»,- ասաց գյուղացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Գյուղացիների հավաստմամբ, դպրոցի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորող MCA Georgia հիմնադրամը դադարեցրել է աշխատանքը վրացական INTER PLIUSI ընկերության հետ և նոր պայմանագիր է կնքել վրացական մեկ այլ «Georgian Engineering» ընկերության հետ:
Կարտիկամի դպրոց մեր շրջայցից հետո կարող ենք ասել, որ շինարարարական աշխատանքների ընդամենը 50 տոկոս է իրականացված: Պատուհանների կեսն է փոխված, դռներ առհասարակ չկան, հատակը կիսով չափ է սալիկապատ, ամեն ինչ կիսատ է արված, բացի ջեռուցման համակարգից:
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը դպրոցաշինության ծրագիրն իրականացնում է Վրաստանի կառավարության հետ համատեղ: MCA Georgia ամբողջովին իր վրա է վերցնում դպրոցի ներսի աշխատանքները, իսկ Կրթության և գիտության նախարարությունը պարտավորվում է լուծել ջրի, կոյուղու, լույսի և դպրոցի բակի ցանկապատման ու բարեկարգման աշխատանքները:
300 աշակերտ է սովորում Կարտիկամի հանրակրթական դպրոցում: Բարձր դասարանցիները երկրորդ հերթափոխով դասի են գնում հարևան՝ Կուլիկամ գյուղի դպրոց, իսկ տարրական դասարանների երեխաները՝ գյուղում, վարձակալած բնակարանում:
Կարտիկամի դպրոցի ավարտին չհասցված և անվերջ ձգձգվող շինարարության պատճառների ու հետևանքների մասին Jnews-ի հարցերի պատասխանները կներկայացնենք առաջիկայում, հենց որ MCA Georgia (Հազարամյակի մարտահրավերներ Վրաստան) հիմնադրամից ստանանք պատասխանները:
Աղունիկ Այվազյան