Որպեսզի Բալխո գյուղի 9-ամյա դպրոց երեխաները մեկ հերթափոխով հաճախեն Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը դպրոցին կից երկու դասասենյակ կկառուցի:

Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղի դպրոցում սովորում է գրեթե 60 աշակերտ: Դպրոցը ոչ միայն հիմնանորոգման, այլև դասասենյակների ավելացման կարիք ունի: 9-ամյա կրթարանը ընդամենը 7 դասասենյակ ունի և ստիպված դասասենյակների սակավության պատճառով երկու հերթափոխով են երեխաները դպրոց հաճախում:

dproc
«Բալխոյի դպրոցը շատ փոքր է, դասասենյակների քանակը չի բավականացնում, և նախարարությունը որոշել է լրիվությամբ նոր երկու դասասենյակի կառուցումը ֆինանսավորել», – ասաց Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը:

Նշենք, որ Բալխո գյուղի ավարտական դասարանների աշակերտները հաճախում են հարևան՝ Բուղաշեն գյուղի դպրոց:

dproc balxo

Ախալքալաքի շրջանի մի շարք դպրոցներում սկսվել են շինարարական աշխատանքներ, որոշ դպրոցներում կոսմետիկ վերանորոգում է ընթանում, որոշներում տանիքներ են փոխվում, իսկ որոշներն էլ նոր են կառուցվում: Տարբեր դպրոցներում ֆինանսական միջոցները հատկացվել են տարբեր աղբյուրներից՝ Վրաստանի ԿԳ նախարարություն, դպրոցի բյուջե և անհատ բարերարներ:

Շինարարությունը մաս-մաս է կատարվում և ԿԳ նախարարության կողմից հաստատված պլանը պարբերաբար փոփոխության է ենթարկվում: Օրինակ. Սուլդա գյուղի դպրոցի տանիքը քամին քշել էր և Նախարարությունն անմիջապես պլանի մեջ է ներառել այս դպրոցը: Նույն պատմությունը կրկնվել է Կարծախի դպրոցի դեպքում:

Այս պահին հաստատված ծրագրով ԿԳ նախարարությունը նոր դպրոց կկառուցի Չունչխա-Պտենա գյուղերում:

«Դպրոց կառուցվելու է, բայց դեռ պարզ չէ, երկու գյուղին մեկ դպրոց, թե առանձին-առանձին, փաստ է, որ գյուղը կարիք ունի նոր դպրոցի կառուցման, ամեն դեպքում շինարարությունը կլինի, բայց դեռ պարզ չէ, ինչ նախագծով ու ինչպես»,- նշեց Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարը:

Կապված Ազավրեթի դպրոցի հետ որևէ նորություն չկա: Դպրոցի խնդիրների հետ կապված նամակը ԿԳ նախարարությունում է գտնվում: Դեռևս ոչ մի արձագանք: Նշենք, որ փոխնախարարն անձամբ է եղել Ազավրեթի դպրոցում և խոստացել խնդրին շուտափույթ լուծում տալ:

Աղունիկ Այվազյան