Չունչխա գյուղի որոշ դպրոցականներ դասերը կշարունակեն գյուղապետարանին պատկանող շենքում, քանի որ գյուղի դպրոցի փայտե մասնաշենքը երեկ այրվեց:
Նոյեմբերի 1-ին Ախալքալաքի շրջանի Չունչխա գյուղի հանրային դպրոցի փայտաշեն շինությունը վառվեց: Ըստ դպրոցի տնօրինության հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել փայտե վառարանը: Հրդեհն առաջինը նկատել է դպրոցի հավաքարարը:
Ըստ Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարի խոսքերի, ուսումնական պրոցեսը հրդեհի պատճառով չի դադարեցվի:
«Գյուղն ալտերնատիվ շենք ունի, որը պատկանում է գյուղապետարանին, ժամանակավոր մեզ են տրամադրում: Վերանորոգված, երկհարկանի շենք է, իսկ անհրաժեշտ գույքը դպրոցը կտրամադրի: Այսօրվանից դասերը շարունակվում են: Ամեն ինչ նորմալ է ու հանգիստ»,- ասաց Թերեզա Չիվչյանը:
Չունչխայի վրացական դպրոցը կազմված էր երկու մասից, հիմնական դպրոցի շենքից (նախկին մանկապարտեզի շենք) և փայտե ֆիննական տնակից, որը և վառվել է: Ամբողջովին այրված փայտե շենքում տեղակայված էր երեք դասասենյակ, լաբորատորիան և դպրոցի գրադարանը: Փայտե շինությունից միայն վառված գերաններ են մնացել և մոխիր: Մինչև հրշեջները դեպքի վայր են ժամանել փայտաշեն կառույցն արդեն ամբողջությամբ կրակի մեջ է եղել: Հրդեհի հետևանքով տուժողներ չկան:
Դպրոցի հիմնական շենքը հրդեհից չի տուժել: Դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ինչքան նյութական վնաս է կրել դպրոցը: Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունից եկած հանձնաժողովը տեղում հաշվարկում է վնասի չափը:
Չունչխայի հանրային դպրոցում են սովորում նաև հարևան Պտենա գյուղի աշակերտները: Պտենա գյուղի դպրոցը գտնվում է վթարային վիճակում, այդ իսկ պատճառով երկու տարի է ԿԳ նախարարությունն արգելել է այդ դպրոցում դաս անցկացնել:
Քանի որ Չունչխայի դպրոց են հաճախում նաև Պտենա գյուղի դպրոցականները, այդ պատճառով դասերը ընթանում են երկու հերթով: Առաջին հերթով Չունչխայի դպրոցականներն են դաս անում, իսկ երկրորդ հերթով Պտենայի:
Ըստ Վրաստանի ԿԳ նախարարության տեղեկատվության 2017 թ.-ին նախատեսված էր Չունչխա գյուղում դպրոցի նոր շենք կառուցել: Նշենք, որ Jnews.ge լրատվականը Դպրոց ֆիննական փայտե տնակում վերնագրով հոդվածում բարձրացրել էր Չունչխայի դպրոցի խնդիրը:
Աղունիկ Այվազյան