Սուլդա գյուղում սովետական տարիներից մինչ օրս երեխաները դաս են անում գյուղխորհրդի մութ ու կիսաքանդ պատերի ներսում:
Սովետական տարիներին այս կառույցը Սուլդայի գյուղխորհրդի շենքն էր, կառուցված 1958 թվականին, իսկ այսօր որպես դպրոց է ծառայում: Նեղ միջանցքներ, մութ դասասենյակներ, փլվող առաստաղ, փայտե թիթեղյա պատեր, տարբեր գույնի ու չափսի, դասասենյակների փթած դռներ, կարճ ասած տպավորություն է, ամեն ինչ կարող է լինել այստեղ, բայց ոչ դասասենյակ:
Սուլդա գյուղի դպրոցը երկու մասնաշենք ունի, մեկը նախկին գյուղխորհրդի շենք, մյուսը 1980 թվականին կառուցված գյուղի մսի ֆաբրիկայի շենք:
Մոտ մեկ ամիս առաջ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից եկել և տեղում ծանոթացել են դպրոցի խնդիրներին:
«Հաշվետվություն ենք ներկայացրել, թե որտեղ ինչ վիճակ է, որպեսզի նախարարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի, այս շենքը ավելի վտանգավոր է աշակերտների համար: Ռեսուրս կենտրոնը ևս տեղեկացված է, պատրաստվում եմ մեծ հաշվետվություն ներկայացնել մինչև ամսի 10-ը»,- նշեց դպրոցի տնօրեն Սայաթ Ջանոյանը:
Նախկին գյուղխորհրդի շենքի տանիքը վերանորոգվել է 2001 թվականին: Այն ժամանակ 10 000 լարի հատկացվել է տանիքը փոխելու համար: Սակայն այդ գումարով միայն տանիքի թիթեղներն են փոխել:
«Այդ ժամանակ ոստիկանապետը միջամտեց և տանիքը փոխեցին հին փայտերի հիման վրա, տակի փայտերը փթած են: Դասասենյակ կա որ առաստաղը ստիպված լարերով եմ ամրացրել, որ փուլ չգա, քանի տարի է անցել: Անցած տարի պետությունը եկավ պատուհանները փոխեց և դրսի դռները, բայց տանիքին ձեռք չտվեցին: Գիտեք ինչի համար, էն հիվանդին, որ տանում են անհույս վիճակ է լինում, բժիշկն ասում է՝ գնացեք տուն հանգիստ մահացեք: Մարդիկ ինձ ասացին, եթե մենակ ծածկը լինի, ապա կփոխենք, բայց մենակ ծածկով չի սահմանափակվում»,- ասաց Սուլդա գյուղի հանրային դպրոցի տնօրեն Սայաթ Ջանոյանը:
Սա Սուլդա գյուղի առաջին ծխական դպրոցն է, որը գտնվում է գյուղի բարձունքում: Շինարարությունն սկսվել է 1907-ին և շահագործման է հանձնվել 1911-ին, հիմնադիրը սուլդացի գյուղագիր Հովհաննես Մալխասյանն է եղել, իսկ բարերարը Ալեքսանդր Մանթաշովը: Այն գործել է մինչև 1941 թվականը: Աշակերտների քանակը գնալով ավելացել է և ստիպված տեղափոխվել են Սուլդայում գտնվող տանկային զորամասի զորանոցի շենք: 1988 թվականի երկրաշարժից հետո զորանոցի պատերը ճաքեր են տվել և գյուղացիները ստիպված են լինում տեղափոխվել գյուղխորհրդի շենք:
Մինչ սովետական կարգերի փլուզումը Սուլդայում նախագծել են նոր դպրոց կառուցել, սակայն հասցրել են միայն շենքի հիմքերը բետոնել:
«Դպրոցի շենքը չի համապատասխանում ներկայիս պահանջներին, դպրոցը չունի մարզադահլիճ, ոչ քիմիայի, ոչ ֆիզիկայի, ոչ մի լաբորատորիա չկա: Ցանկալի է, որ կառավարությունը հաշվի առնի գյուղի պահանջները և Սուլդայում կառուցեն նոր տիպային դպրոց: Մեր խնդրանքն է նորմալ դպրոց կառուցել: Տարին 5-7 ընտանիք լքում է գյուղը, արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը դպրոցի վիճակն է»,- ասաց Սուլդա գյուղի բնակիչ Սոս Առաքելյանը:
Այսօր Սուլդայի հանրակրթական դպրոց են հաճախում 108 աշակերտ: Այս կրթօջախում ձմռանը ջեռուցումը իրականացվում է փայտե վառարաններով, ինչը անթույլատրելի է այս շենքերի պարագայում: Գրեթե բոլոր դասասենյակները միմյանցից բաժանված են փայտե թիթեղներով, փոքրիկ անուշադրությունը կարող է հրդեհի առիթ հանդիսանալ: Դպրոցի երկու երկհարկանի շենքերում նույնիսկ մի դատարկ սենյակ չկա, որտեղ կարողանան ձմեռվա վառելիքը տեղավորեն: Տնօրենն ստիպված է եղել հենց դպրոցի միջանցքում դասավորել փայտը:
Երեք տարի շարունակ դպրոցի բյուջեի միջոցները հատկացվել են պատուհանները փոխելու համար:
«Քիչ-քիչ բոլոր պատուհանները փոխեցինք, որպեսզի կարողանայինք քիչ թե շատ նորմալ դաս անցկացնել: 4 պատուհան էր մնացել, դրանք էլ անցած տարի նախարարությունը փոխեց, ինչպես նաև դրսի երկու դռները»,- ասաց տնօրենը: Հավելելով, որ նույնիսկ եղել է ժամանակ, որ ծնողները սպառնացել են, թե երեխաներին դպրոցից կհանեն:
Աղունիկ Այվազյան