Ջավախքում պետական լեզվի իմացության ցածր մակարդակը կրկին արդիական է, վրացական բուհեր ընդունվելու ամենաարդյունավետ «1+4» ծրագիրը ժամանակավոր է, սակայն դեռ շատ է անհրաժեշտ: Ի՞նչ են առաջարկում նոր խորհրդարան ձգտող կուսակցությունները էթնիկ փոքրամասնություններին պետական լեզվի իմացության մակարդակի բարձրացման առումով և մտահոգված են արդյո՞ք «1+4» ծրագրի մոտալուտ ավարտով:

Տարիներ առաջ Ջավախքի շրջանավարտներն ընդունվում էին միայն հայաստանյան ԲՈՒՀ-եր, սակայն սկսած 2010 թվականից, երբ մեկնարկեց «1+4» արտոնյալ կրթական ծրագիրը, սկսվեց ուսանողների «բաժանումը» երևանյան և թբիլիսյան ԲՈՒՀ-երի միջև։

Վրաստանում «1+4» ծրագիրը ներդրվել է 2010 թվականին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Այն նախատեսված է երկրում ապրող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողների համար, որի շրջանակներում դիմորդները հանձնելով միայն մեկ պետական քննություն՝ տրամաբանություն (մաթեմատիկա), իրենց մայրենի լեզվով և հավաքելով անցողիկ միավորները ընդունվում են ցանկացած ուսումնական հաստատություն։ Յուրաքնաչյուր ԲՈՒՀ ընդունվող դիմորդը ուսումնական առաջին մեկ տարվա ընթացքում սերտում է պետական՝ վրաց լեզուն, այնուհետև՝ ուստարվա վերջում հանձնելով քննությունները տեղափոխվում է առաջին կուրս, իր նախընտրած ցանկացած ֆակուլտետ։

Ծրագրի արդյունավետության մասին խոսում են թվերը: Տարեց տարի ավելանում է հայ դիմորդների քանակը վրացական բուհեր։

students
Infogram

Սակայն, ըստ Վրաստանի «Բարձրագույն կրթության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ կետի 2 պրիմայի «1+4» ծրագիրը, այսինքն՝ վրացերենի ուսուցման ծրագիրը ԲՈւՀ ընդունվելու համար ժամանակավոր է, և ավարտվելու է 2023-2024 ուսումնական տարվա ավարտին։

Մաջադիա գյուղից Նարե Ղազարյանը «1+4» ծրագրով ընդունվել է Իլիայի պետական համալսարանի նախապատրաստական կուրս: Մեկ տարի սովորել է միայն վրաց լեզուն, ապա քննություն հանձնելով ընդունվել է առաջին կուրս: Մասնագիտությամբ վրաց լեզվի ուսուցչուհի է, այնուհետև քննություն է հանձնել և դարձել «օգնական ուսուցիչ»։

Նարեն վստահ է, որ բավականին երկար ժամանակ անհրաժեշտ է այս ծրագիրը:

«Աշխատելով տարբեր դպրոցներում ես հասկացա, որ մեր աշակերտները, ովքեր ավարտում են դպրոցը և պատրաստվում են Վրաստանի բարձրագույն բուհեր ընդունվել, ցավոք սրտի դպրոցից սկսած չեն ունենում այն գիտելիքը, որի շնորհիվ կկարողանան ընդունվել առանց «1+4»-ի», – ասում է Նարե Ղազարյանը։

Նա խոսում է նաև այն ուղիների մասին, որոնց շնորհիվ կարելի է ավելի հեշտ և արագ բարձրացնել վրաց լեզվի ուսուցման մակարդակը։

«Օրինակ. ես առաջարկում եմ, որ մեր դպրոցների աշակերտների և վրացական դպրոցների աշակերտների միջև փոխանակման ծրագրեր լինի, որպեսզի նրանք համագործակցեն, կոմունիկացիա լինի, որի շնորհիվ կփոխանակվեն գիտելիքներվ և իրենց սովորածը կօգտագործեն պրակտիկ ձևով, միայն այս կերպ մեզ ավելի քիչ ժամանակով հարկավոր կլինի «1+4»-ը», – նշում է Նարեն։

Համալսարանն ավարտելուց հետո նա մասնակցել է մի ծրագրի և հարցազրույցի արդյունքում ընտրվել որպես «օգնական ուսուցիչ»։ Մեկ տարի աշխատել է առանց հավելյալ դասաժամերի Մաջադիայի հանրային դպրոցում և համագործակցել ուսուցիչների հետ։ Այնուհետև տեղափոխվել է Ախալքալաքի թիվ 5 դպրոց և հիմա աշխատում է, որպես «օգնական ուսուցիչ»:

Նարեն շեշտում է, որ ինչպես «1+4»-ը, այնպես էլ «օգնական ուսուցչի» ծրագիրը պտեք է շարունակական բնույթ կրի՝ քանի դեռ տարածաշրջանում վրաց լեզվի իմացության մակարդակը ցածր է: Աշխատելու երեք տարիների ընթացքում Նարեն նկատելի զարգացում տեսնում է լեզվի իմացության տեսանկյունից՝ թե՛ աշակերտների, թե՛ ծնողների շրջանում։

Նարե Ղազարյանը «օգնական ուսուցիչ» է դարձել Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ազգային կենտրոնի ծրագրերի շնորհիվ, որն իրականցվում է 2009 թ.-ից ի վեր Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների պետական ​​լեզվի ուսուցման և քաղաքացիական ինտեգրման խթանման համար:

Այդ ծրագրերն են. վրացերենը որպես երկրորդ լեզու, վրացերեն լեզուն՝ ապագա հաջողության համար, Ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածաշրջանների հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական ​​աջակցության և աջակցություն ոչ վրացալեզու դպրոցներին։

Ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածաշրջանների հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին մասնագիտական ​​աջակցության ծրագրի շրջանակներում շահառուները, Վրաստանում գործող ոչ վրացական հանրակրթական հաստատությունների շուրջ 7500 գործող ուսուցիչներ են, որից 2933-ը՝ հայալեզու ուսուցիչներ։

Վրացերենի ուսուցման ծրագիրը Ջավախքում սկսվել է 2009 թվականից։ Ընթացիկ տարում ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախքում դասավանդում է 74 ուսուցիչ (խորհրդատու/օգնական ուսուցիչ), վրացերենը, որպես երկրորդ լեզու ծրագրով Սամցխե-Ջավախքի դպրոցներում ուսուցանում է 45, իսկ, որպես օգնական ուսուցիչ աշխատում է 42 ուսուցիչ։

Այս ծրագրերի շրջանակներում Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերի դպրոցներում դասավանդում են Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած վրաց լեզվի ուսուչիցները։ Նրանցից մեկն Իամզե Մսխվիլիձեն է: Նա արդեն տաս տարի է Դիլիսկայի թիվ 1 հանրային դպրոցում խորհրդատու-ուսուցիչ է աշխատում:

Իամզեն Արևմտյան Վրաստանից է, Բաղդատի շրջանից, նրան Ախալքալաքում ամենաշատը լճերն են գրավում, նախքան ուսուցչուհի աշխատելը հաճախ է հյուրընկալվել Կարծախում և այլ գեղատեսիլ վայրերում։ Նրան շատ է հետաքրքրում Ջավախքի բազմերանգ մշակույթը։

«Ես հաճախ եմ ասում իմ աշակերտներին, որ միասին շրջենք գյուղերում, ծանոթանանք մշակույթին, խոսենք տարեցների հետ, որպեսզի ավանդույթը, մշակույթը հասցնենք վրացիներին։ Օրինակ. շատ ենք կազմակերպում միջոցառումներ, որի ընթացքում
վրացական և հայկական մշակույթին եմ ծանոթացնում, ինչն էլ ավելի է մոտիկացնում երկու ազգերիս, ավելի ենք ինտեգրվում», – պատմում է նա։

Իամզե Մսխվիլիձեն ևս գտնում է, որ «1+4» ծրագիրը ավարտելու ժամանակը չէ:

«Մենք գիտեք, որ «1+4» ծրագիրը մեծ նշանակություն ունի։ Եթե միանգամից ազգային քննություն հանձնելով և առաջին կուրս ընդունվելով լինի, ապա պետք է վրացերենի իմացության նույնականացում լինի՝ վրացալեզու և ոչ վրացալեզու դպրոցների միջև։ Հիմա ես մտածում եմ, որ դեռ ժամանակը չէ: Օրինակ. երբ առաջին անգամ եկա դպրոց, մտա 9-րդ դասարան, 4-րդ մակարդակի գրքերով էի ուսուցանում, հիմա արդեն մակարդակ-մակարդակ առաջ ենք գնում, ինչը մեծ առաջընթաց է», – նշում է Իամզեն։

Իամզեն միաժամանակ թվարկում է այն հնարավոր խոչընդոտները, որոնց պատճառով մեր տարածաշրջանում վրացերենի իմացությունը այդքան էլ բարձր չէ։

«Քանի որ Ախալքալաքի բնակչության 90%-ը հայեր են, կարող եմ ասել, որ միայն լավ անցկացված դասաժամերը չեն կարող հիմք հանդիսանալ, որպեսզի աշակերտները լավ տիրապետեն լեզվին։ Այդ պատճառով մենք տարբեր նախագծեր ենք մշակում, խթանում ենք ոչ ֆորմալ կրթությունը: Դասաժամերից հետո նույնպես աշխատում ենք, պետական լեզուն ենք ուսուցանում բնակիչներին, ինչպես նաև լրացուցիչ պարապմունքներ ենք իրականացնում աշակերտների հետ, խթանում ենք ուսուցիչների մասնագիտական զարգացումը, ինչպես նաև վրաց լեզվի ուսուցիչներին ենք վերապատրաստում», – ասում է Իամզե Մսխվիլիձեն։

Քանի որ հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայանալու է խորհրդարանական ընտրությունները, որոշեցինք հետևողական լինել կուսակցությունների և թեկնածուների նախընտրական ծրագրերին և տեղեկանալ, արդյո՞ք որևիցե մի կուսակցություն կամ թեկնածու կարևորել և առանձին շեշտադրել է ոչ վրացալեզու ուսանողների կրթության, ինչպես նաև «1+4» ծրագրի շարունակման վերաբերյալ որևէ ելք։

Այսպիոսով՝

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական ծրագրում չի խոսվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության մասին։ Ներկայացված է ընդհանուր ծրագրեր, որոնք կկատարվեն ապագայում, սակայն ոչ «1+4» ծրագրի և ոչ էլ այլ ծրագրերի մասին չի խոսվում։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության նախընտրական ծրագրում նույնպես չի խոսվում ազգային փոքրամասնությունների կրթության վերաբերյալ։

«Միասնական ազգային շարժում» կուսակցության նախընտրական ծրագրում չնայած ներառված է կրթական փոփոխությունների մասին կետ, սակայն ոչ մի բառ չի ասվում երկրում ապրող ոչ վրացալեզու ուսանողների կրթության վերաբերյալ։

«Հայրենասերների դաշինք»-ի նախընտրական ծրագրում ևս ազգային փոքրամասնությունների վերաբերյալ կոկրետ ոչինչ ներկայացված չէ։

Անկախ թեկնածու Հենզել Մկոյանի նախընտրական ծրագրում կրթության մասին մի կետ կա, որը վերաբերվում է ազգային փոքրամասնություններին, որտեղ խոսվում է դպրոցների և ուսուցիչների վերապատրաստման մասին: Անկախ թեկնածու նախընտրական ծրագրում նշված է՝ «Դիմել կրթության և գիտության նախարարություն, որպեսզի հայոց լեզվի ուսուցիչների համար էլ նախատեսվի ուսուցչի կարգավիճակը բարձրացնող քննություն, որ այս մասնագետները ևս վարձատրվեն բարձր աշխատավարձով, ինչից մինչ օրս զուրկ են»: Իսկ ի՞նչ վերաբերում է ոչ վրացալեզու ուսանողներին, նրա ծրագրում նույնպես ոչինչ չի հիշատակվում:


Գայանե Ակոջյան