Բազկամարտում բազում հաջողությունների հասած երիտասարդ մարզիկը ահազանգում է Ախալքալաքում այս սպորտաձևի զարգացման խոչընդոտների ու հեռանկարների մասին: Չնայած բազում դժվարություններին Իգոր Լազարյանը շարունակում է զբաղվել բազկամարտով:

Իգորը 5-6 տարեկան էր, երբ սկսեց զբաղվել սպորտով: Երիտասարդ մարզիկն այսօր ծիծաղով է հիշում իր մուտքը սպորտաշխարհ, այն որակելով դաժան պատմություն: «Եղբայրս փոքր էր, հայրս եղբորս հետ էր խաղում, ես էլ կողքից նայում նախանձվում էի, ուզում էի որ ինձ հետ էլ խաղար, սիրեր, մոտեցա սկսեցի խաղալ, բայց քանի որ մեծ էի ուշադրություն չդարձրեց, տեսա ուշադրություն չի դարձնում սկսեցի ջղայնացած հորս այնքան խփեցի, որ գլորվեց, հազիվ ուշքի բերեցին, դրանից հետո հայրս երկու տարի կարգի չէր գալիս», – պատմեց Իգոր Լազարյանը:

armresling

5-ամյա տղայի անհագ հետաքրքրութունը բավարարելու համար հորաքրոջ տղաները տանում են սպորտի: Սկզբից կարատե, բոքս, ծանրամարտ մինչև որ մի օր դպրոցում Իգորը տեսնում է, թե ինչպես են դասընկերները ձեռքի ուժերը չափում:

«Ես էլ փորձեցի ու հաղթեցի, դուրս եկավ այդ հաղթանակ և դրանից հետո կոնկրետ սկսեցի արմռեսլինգով զբաղվել, ոչ թե պրոֆեսիոնալ, այլ սիրողական, ինչքան խելքս կտրում էր զբաղվում էի, օր-օրի փոփոխությունը մեջս զգացվում էր: Արմռեսլինգ իմ մուտքը կարելի է համարել Նամզարայով: Եվրոպայի չեմպիոն Վահրամ Մանասյանը մրցումներ էր կազմակերպում, առաջին անգամ մասնակցեցի ու երկրորդ տեղ գրավեցի»,- պատմում է մարզիկը:

marzik

Այդ օրվանից գրեթե 15 տարի է անցել, բայց Իգորի հիշողության մեջ միշտ կմնա: Արմռեսլինգում առաջին մեծ հաղթանակը կանխորոշեց հետագա բազմաթիվ շրջանային, հանրապետական ու միջազգային մրցաշարերում հաղթանակները: Ախալքալաք, Թբիլիսի, Երևան, Ղազախստան, Աստանա, Մոսկվա, քաղաքների ու երկրների շարքը շարունակելի է, որտեղ Իգոր Լազարյանը հաջողության է հասել մրցակիցների նկատմամբ:

Ճիշտ է հաղթանակները ոգևորում ու ուժ են տալիս մարզիկին Ախալքալաքում սիրած սպորտաձևով զբաղվելու համար, սակայն դժվարություններն այդ ճանապարհին շատ հաճախ երկընտրանքի առջև է կանգնեցնում:

«Ինչպես բոլորը, ես էլ ընտանիքս պահելու համար խոպան եմ գնում: 100-200 լարիով ընտանիք պահելն անհնար է: Պայմաններ չկան, հիմա տեսեք ես պարապում եմ իմ ննջասենյակում, որովհետև ուրիշ տեղ չկա»,- նշում է մարզիկը:

sportayin paraganer

Իգոր Լազարյանը բնակվում է Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղում: Իր օրն սկսում է մարզումներով, սովորական օրերին 2 ժամ է պարապում, իսկ եթե պատրաստվում է մրցումների մասնակցել, ապա օրական 5-6 ժամ:

«Եթե արմռեսլինգով զբաղվես կախվածություն ձեռք կբերես: Եթե սիրես ու մինչև վերջ նվիրվես ամեն ինչ հաղթահարելի է: Ես Մոսկվայում վարորդ եմ աշխատում, մեքենայիս մեջ ամեն ինչ ունեմ, ինչով հնարավոր է պարապ ժամանակ մարզվել: Ով տեսնում զարմանում է, բայց սպորտն իմ կյանքն է, չեմ կարող թողնել: Քանի որ օլիմպիական մարզաձև չէ, դրա համար էլ գումար չկա, միջոցներ են անհրաժեշտ զարգացնելու համար: Հաթղեցիր միայն մեդալն է ու գովասանգիրը»,- ասում է նա:

2017 թվականին Մոսկվայում երկու մրցաշարում՝ «Երկաթյա մարտիկ» և «Բաց միջազգային մրցաշար» հաղթող է ճանաչվել: Հիմա առողջական խնդիրներ ունի:

«Աշխարհի բացարձակ չեմպիոն Գենադի Վիկվինյաի հետ հանդիպում եմ ունեցել, խորհրդակցել եմ, ինքն առաջարկել է իր մոտ զբաղվեմ: Հիմա մեջքի խնդիր ունեմ և ձախ թևի տրավմա, պետք է առողջական խնդիրներս լուծեմ, հետո նոր սկսեմ պարապել նրա մոտ»:

Երիտասարդ մարզիկը նշում է Թբիլիսիում արմռեսլինգի մակարդակը շատ բարձր է, և միայն պրոֆեսիոնալները կարող են մասնակցել մրցումներին, որտեղ կպայքարեն միջազգային սպորտսմենների հետ պետք է մրցես: Իգորը չի կարող մասնակցել սիրողական մրցումներին, քանի որ Աստանայում բազկի ուժով առավելության է հասել աշխարհի չեմպիոնի նկատմամբ:

Ջավախքցի մարզիկը երազում է աշխարհի և եվրոպայի չեմպիոն դառնալ:

hayr u vordi
Լուսանկարում՝ հայր և որդի Լազարյաններ

Հավելենք, որ բազկամարտի մրցույթի ընթացքում մարզիկների նույնանուն ձեռքերը հենում են ամուր, հարթ մակերևույթի վրա, իսկ ափերն ամուր կապվում են: Բազկամարտի հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մրցակցի ձեռքը պետք է դիպչի հարթակին: Մրցակիցներին տրվում է ժամանակ, տեխնիկական և տակտիկական վարժությունների սահմանափակում: Չնայած նրան որ բազկամարտը չի համարվում օլիմպիական սպորտաձև, բայց մեծ տարածում ունի տարբեր երկրների քաղաքներում:

Արմռեսլինգը հանդիսանում է հին սպորտաձևերից մեկը, որը ծնվեց 1960 թվականին՝ ԱՄՆ-ում: 1962 թվականի սեպտեմբերին Կալիֆոռնիա նահանգի Պետալումա քաղաքում անցկացվեց առաջին մրցումները՝ Ռեստլինգով, այսպես էր անվանվում այդ պայքարը (wrist wrestling բառացի՝ «բազուկների պայքար»):

Աղունիկ Այվազյան