Աղմաշենեբելի փողոցի բարձրահարկ շենքերի բնակարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի պատճառը դեռ ուսումնասիրվում է, սակայն հետևանքները ակնհայտ են. առողջությունը կորցրած տանտիրուհի, անբնակելի բնակարան, խափանված ջրամատակարարում շենքում, հարևանների բնակարանների ճաքած պատեր և առաստաղներ…
Հունիսի 8-ին, 23:40-ին Աղմաշենեբելի փողոցի քառահարկ շենքի (նախկին գյուղատնտեսական տեխնիկայի շենք) առաջին հարկում տեղի է ունեցել պայթյուն: Տանտերերը տուն են վերադարձել երեկոյան ժամը 20:00-ին։ Պայթյունի ժամանակ տարեց ամուսիններից Ավետիսյան Սերգեյն արդեն քնած է եղել, իսկ տանտիկինը՝ Սվետլանան լոգարան է մտել լվացվելու նպատակով։ Հնարավոր այն տարբերակը, որ բնակարանում գազ է կուտակվել և պայթել, տուժածների դուստրը, չի ընդունում:
«Մինչև պայթյունը մայրիկս լվացվել է տաք ջրով, հետո հենց ծորակը բացել է, որ ատամները մաքրի, ամբողջ տունը պայթել է։ Եթե ծորակի բացելուց է առաջացել պայթունը, ու մինչ այդ տանը գազը հավաքված է եղել, ապա ավելի շուտ կպայթեր։ Մինչև պայթյունը մայրս ու հայրս երեք ժամ տան մեջ են եղել, և նրանց օրգանիզմում գազից թունավորում չի հայտնաբերվել։ Մենք մտածեցինք, որ եթե գազը դուրս է տվել, ապա մինչև ծորակի բացելը տանը լույս է վառված եղել, այն էլ մի քանի սենյակում, ինչու դրանից չի պայթել»,- մեզ հետ զրույցում ասաց Ավետիսյան Աիդան։
“SJGC” գազաբաշխիչ ընկերությունում ասացին, որ բնակարանում գտնվող ամբողջ գազուղին հետազոտել են:
«Տանտերերը վառարանը հեռացնելիս ծորակը կամ բաց են թողել, կամ լավ չեն փակել, այն դեպքում, որ իրենք իրավունք չունեին ինքնուրույն վառարանը հեռացնել, պետք է մեր աշխատակիցներին դիմեին վառարանը հեռացնոլու համար։ Այնուամենայնիվ պայթյունի հստակ պատճառը ասել չենք կարող, քանի-որ փորձաքննության պատասխանը դեռ չենք ստացել», – մեզ հետ զրույցում ասաց “SJGC” գազաբաշխիչ ընկերության տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը:
Տուժածների դստեր խոսքով վառարանը հանել էին պայթյունից մի օր առաջ:
Տուժած զույգից համեմատաբար լավ վիճակում է Սերգեյը, իսկ Սվետլանան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքից հետո տուժածները անցել են բուժզննում, որի ընթացքում ներքին վնասվածքներ, կամ թունավորում չի հայտնաբերվել, սակայն տուն բերելուց հետո Սվետլանայի վիճակը կտրուկ վատացել է։ Տուժածի հարազատները հիվանդանոց են տարել և արդյունքում պարզվել է, որ նրա փայծաղն է վնասվել, մոտավորապես երկու լիտր արյուն լցվել է հիվանդի որովայնը։
«Մայրիկիս վիրահատությունը տեղում են կատարել, որը տևեց չորս ժամ, արյուն ենք տալիս և մինչև Գորի գնում ենք, որ արյուն բերենք»։
Երեք սենյականոց բնակարանը դարձել է մեկ սենյականոց, Աիդայի խոսքերով, այնտեղ ապրելն այլևս անհնար է։ Լոգարանի կախիչը ոստիկանության շենքի բակից են հայտնաբերել, որը գտնվում է 300-500 մետր հեռավորության վրա:
Կատարված պայթյունը ոչ միայն տուժածների համար է ծանր իրավիճակ ստեղծել, այլ նաև հարևանների, ովքեր նյութական վնասի հետ մեկտեղ նաև վախ են ձեռք բերել։
Կիմիկ Ասատրյանը կնոջ հետ միասին ապրում է պայթյունից տուժած բնակարանի վերևի հարկում, նրանք սկզբից մտածել են, որ երկրաշարժ է:
«Վերանորոգում էինք անում, դեռ չէինք վերջացրել ու նորից ամբողջ աշխատանքը կարելի է ասել ջուրը լցվեց։ Այս դուռը ամբողջությամբ դուրս նետեց, մեր ուժերով մի կերպ տեղն ենք դրել։ Ամենաառաջնային խնդիրը այն է, որ շենքում ոչ ջուր ունենք, ոչ էլ կոյուղի։ Պայթյունի պահին տանը ես, կինս ու թոռնուհիս էինք, ես բազմոցի վրա պառկած էի, թոռնիկս ներսում էր, կրակը ներս էր ընկել, գոռալով դուրս եկավ, շատ էր վախեցել, իսկ ես բազմոցից ներքև ընկա։ Պայթունից հետո թոռնուհուս տանում ենք աղոթելու, շատ է վախեցել ու այլևս մեր տուն չի եկել, գնում է հայրական տատիկենց տուն», – պատմում է Կիմիկ Ասատրյանը։
Մեր այն հարցին, թե իրենց վնասների համար ինչ փոխհատուցում են ակնկալում և ումից, նա պատասխանեց՝ «Երբ փորձաքննությունը պարզի, թե ում մեղավորությամբ է եղել դեպքը, նոր կարող ենք պահանջ ներկայացնել: Եթե պարզվի, որ մեր հարևանների մեղքով է եղել պայթյունը, ապա մենք նրանցից ոչ մի հատուցում չենք պահանջի։ Սա այն դեպքն է, որ բոլորի հետ էլ կարող է պատահել, իրենց այդ վիճակի հետ միասին, մեր հատուցում պահանջելը ճիշտ չի լինի, մենք մեր ուժերով մի կերպ կկարգավորենք»։
«78 տարեկան կին եմ, մենակ եմ ապրում, պատրաստվում էի քնելու, մեկ էլ ուժեղ ձայն լսվեց ու պատուհանից կրակ ներս ընկավ։ Վախից արդեն քանի օր է չեմ կարողանում քնել։ Հատակը ամբողջությամբ վերև հելավ, գորգերի վրա ասես մոխիր էր մաղած։ Շուշեղենը կահույքի մեջ փշրվեց, պատուհանների ապակիները լրիվ կոտրվեցին, մի աննկարագրելի վիճակ էր։ Պատուհանների ապակիները մի կերպ կիսատ-կիսատ դրել են հարևաններս, բայց մինչև հիմա ջուր չունենք, հարևանից եմ ջուր բերում», – մեզ հետ զրույցում ասաց Պետրոսյան Զեյնափը։
Պայթյունից ամենաշատը տուժել են վերևի, կողքի և կողքինի վերևի բնակարանները, իսկ ընդհանուր առմամբ ցնցումը զգացվել է ոչ միայն այդ շենքում, այլ նաև կողքի շենքերում ևս։ Պայթունից հինգ օր անց էլ դրա հետևանքները կենդանի են. վառված ծառեր և խոտածածկ, էլեկտրալարերի վրա կպած հալված վարագույրներ…
Ջուլիետա Տոնականյան