Հունիսի 8-ի գիշերը, 9-ի առավոտյան, Աղմաշենեբելի փողոցի բարձրահարկ շենքում, որը հայտնի է որպես գյուղատնտեսական տեխնիկայի շենք, բնակարաններից մեկում տեղի է ունեցլ պայթյուն, տարեց տանտերերը հիվանդանոցում են թեթև այրվածքներով ու պայթյունի բեկորներից ստացված վերքերով:
Պայթյունը տեղի է ունեցել կեսգիշերից հետո, տուժել են տվյալ բնակարանի սեփականատերերը` Ավետիսյան Սերգեյը և Սվետլանան: Քաղաքային հիվանդանոցում մեզ տեղեկացրեցին, որ տարեց զույգի վիճակը կայուն է:
Ըստ նախնական տեղեկատվության պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տանտիկինը բացել է լոգարանի ծորակը: Պայթյունի ալիքը բնակարանից, որը գտնվում է առաջին հարկում, դուրս է նետել Սերգեյ Ավետիսյանին:
Ըստ հարևանների, պայթյունի հետևանքով փշրվել են բոլոր պատուհանները, ինչպես տուժածների բնակարանի, այնպես էլ հարևանների: Շարժել է նաև կողքի բարձրահարկ շենքը, որի բնակիչները մտածել են, որ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել:
Քրիստինե Մարաբյան