Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը ձնեմաքրման աշատանքներ է իրականացրել Խաս Բախչա զբոսայգու շրջակայքում, ինչպես նաև մանրախիճ է փռել Չարենցի փողոցի մի հատվածում:

Jnews-ը երկու օր առաջ գրել էր, որ Ախալքալաքի փողոցների մայթերը չեն մաքրվում: Եվ մայթերով քայլելը վտանգավոր է, նույնիսկ մի կին ոտքն է կոտրել:

Հարկ է նշել, որ քաղաքի փողոցների ձնեմաքրման աշխատանքների իրականացման տենդերը շահել է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը` 97 997.00 լարիով: Սակայն մրցութային փաստաթղթերում նշված չէ, որ փողոցների մայթերի մաքրումը մտնում է տենդերը շահողի պատասխանատվության ներքո:

mayt

Ըստ Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի, «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը պետք է մաքրի քաղաքի ճանապարհներն ու որոշ փողոցներ, իսկ մայթերը՝ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը:

Իսկ Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքերով, քաղաքապետարանի հետ պաշտոնական համաձայնություն չկա, սակայն որոշ մայթեր և փողոցներ մաքրվում են Կենտրոնի կողմից:

«Մենք մաքրել ենք Խաս Բախչա զբոսայգու շրջակա տարածքը: Մանրախիճ ենք փռել նաև Չարենցի փողոցում, ծնողները մեզ էին դիմում, որ մերկասառույցի պատճառով աշակերտները դժվարությամբ են հասնում դպրոց: Չնայած, որ մեր պարտականությունների մեջ չէր մտնում և փողոցները պետք է մաքրի «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սպասարկման կենտրոնի տնօրենը:

jampa

Լուսանկարները Jnews-ին է տրամադրել Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը: