Նվարդն ամուսնալուծությունից հետո, արդեն 20 տարի է տառապում է հոգեկան շիզոֆրենիա հիվանդությամբ: Այժմ ապրում է հայրական տանը սոցիալական ծանր պայմաններում:
Նվարդ Հարությունյանը (հեղ. հատուկ փոխված է անուն ազգանունը) տառապում է հոգեկան ծանր շիզոֆրենիա հիվանդությամբ: Նվարդը նորմալ, կյանքով լեցուն աղջիկ է եղել, սակայն ամուսնությունից հետո նրա մոտ ի հայտ է եկել հոգեկան շեղումներ: Նվարդն ամուսնացել է Ախալքալաքի Կ. գյուղում, ինչպես հայրենի գյուղի գյուղացիներն են պատմում սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ է եղել, սակայն երեխայի ծնվելուց հետո ամուսինները բաժանվել են: Ինչն անդառնալի հետք է թողել վերջինիս կյանքում:
«Մարդը ծեծել է, ետ է եկել, եկավ հորն ու մորը վրա ընկավ, մայրը հիվանդ, հայրը հիվանդ: Ամուսինն այնքան էր ծեծել, մի քանի անգամ հետ ու առաջ խաղացին, երեխան ծնվեց, դրանից հետո հոգեկանը խանգարվեց»,- պատմում է համագյուղացիներից մեկը:
Հոգեկան հիվանդությամբ տառապող, 1972 թվականի ծնված Նվարդն ապրում է թոշակառու ծնողների և 22-ամյա որդու հետ: Ընտանիքն ապրում է ամենօրյա վախի մեջ: Նվարդն ամեն պահի կարող է անկանխատեսելի տեղից վեր կենալ ու ծեծել մորն ու հորը: Հաճախ ինքն իր հետ է խոսում և անմարդկային ձայներ արձակում:
«Ասենք նոր հագուստ են հագցնում, սկսում է քաշքշել, չի հասկանում ինչ է անում, հագուստն ուտում է, նույնիսկ ավելը փետում ու ուտում է: Չենք կարողանում ձեռքից վերցնել: Հետո մեր դեմ է տրամադրվում, գոռում է, հետևներիցս գալիս: Հացը շներին, կատուներին է տալիս: Ալյուրի փող չեն հասցնում»,- պատմեց Նվարդի հարևանուհին:
Ախալքալաքի հեռավոր այս գյուղում աշխատանք չկա, որպեսզի որդին աշխատի և կարողանա Նվարդին գոնե ժամանակ առ ժամանակ բուժումների տանի:
22-ամյա Արտակը (հեղ. հատուկ փոխված է անունը) իրենց ունեցած փոքրիկ հողակտորն է մշակում, որից ստացած եկամտով հազիվ կարողանում է հոգալ տան առօրյա հոգսերը:
Վերջին անգամ Նվարդը բժշկական հետազոտություն է անցել Ախալցիխե քաղաքում 5 տարի առաջ: Ախալքալաքի հիվանդանոցում չկա հոգեբանական բաժանմունք: Ախալքալաքի և գյուղերի բնակիչները ստիպված են լինում ամեն անգամ հոգեբանական որևէ ծառայություն ստանալու համար գնալ Երևան, Թբիլիսի կամ Ախալցիխե, ժամերով, օրերով հերթ կանգնել: Ինչը, սակայն ոչ բոլոր հիվանդները կարող են իրենց թույլ տալ: Նույնիսկ հասարակ մի նշանակման համար ստիպված են հարյուրավոր կիլոմետրեր անցել և բավականին թանկ վճարումներ կատարել:
«Երևան էլ ենք տարել, Ախալցիխե, Թբիլիսի, բուժում չկա: Բայց օր-օրի հիվանդությունը խորանում է: Գոնե պետությունը, բարի մարդիկ օգնեն կարողանանք բժշկի տանել շատ չխորանա: Ամեն օր ծեծ եմ ուտում, ինչ ասեմ, ինչ ասելու բան է»,- ասաց Նվարդի մայրը, ով տառապում է երիկամների հիվանդությամբ, հազիվ է խնամում աղջկան և տան առօրյա գործերն անում:
Նվարդի ծնողները կենսաթոշակառու են և ստանում են 150-ական լարի, բայց այդ գումարը շատ քիչ է ու չի բավականացնում ոչ սոցիալական, ոչ էլ առօրյա կենցաղային խնդիրները լուծելու համար: Ընդամենը 4 տարի (2010-2014 թվականներին) աղքատության նպաստ են ստացել, բայց հիմա դրանից էլ են զրկվել:
Ախալքալաքի սոցիալական ծառայությունից տեղեկացանք, որ հերթական ստուգումից հետո 2014 թվականի հունիս ամսից պետությունը կրճատել է սոցիալական անապահով ընտանիքներին տրվող օգնությունը: Բանն այն է, որ փոխվել են գնահատման չափորոշիչները: Եթե նախկինում հաշվի էր առնվում ընտանիքի անդամների հիվանդության տեսակն ու աստիճանը, ապա այժմ գրանցման թերթիկի մեջ պարզապես գրվում է՝ հիվանդ է: Նվարդենց տանը 4 տարվա ընթացքում ոչինչ չի ավելացել և ստուգող տեսուչը նույն եզրակացությունն է գրել, ինչ նախկինը, սակայն բալերը շատ է եկել և օգնությունը կրճատվել է: Իսկ Նվարդը երկրորդ կարգի հաշմանդամության համար ամսեկան ընդամենը 100 լարի է ստանում: Եթե հնարավորություն ունենան Նվարդին տանեն ստուգումների, ապա շատ հնարավոր է բժշկական եզրակացությունից հետո նրա հիվանդության կարգը փոխվի և այդ նպաստն էլ ավելանա:
«Մի տարի առաջ եկան տեսան, օգնությունը կտրեցին գնացին: Տարիներով նույն վիճակն է, 17 տարուց ավելի է հիվանդ է, ի վիճակի չենք տանենք բժշկի, գոնե մի բուժում լինի, վիճակը մի քիչ փոխվի: Ես ծեր կին եմ, ինչքան եմ ապրելու, առանց էն էլ՝ կենդանի մեռել կապրիմ»,- ասաց Նվարդի մայրը:
Նվարդենց 4 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է 80 քառակուսի մետր բնակտարածքի վրա, որը բաղկացած է երկու սենյակից և նախամուտքից: Փայտյա հնամաշ դռնից ներս պատկերը ողբերգական է: Սենյակի անկյունում դրված երկաթյա, կապույտ մահճակալի վրա պառկած է Նվարդը: Նա բարեհամբյուր կերպով մեզ բարևեց, ասելով՝ «հա, ճանաչում եմ, մի քիչ առաջ միասին սուրճ էինք խմում, չեմ մոռացել», բայց մենք նրան առաջին անգամ էինք տեսնում:
Աղունիկ Այվազյան