Մայիսի 18 –ին և 20-ին տեղի ունեցած փոթորիկից վնաս կրած 42 ընտանիքներ քամու ժամանակ քանդված տանիքների երեսապատման համար, Ախալքալաքի Շրջանային վարչությունից կստանան 1 քառ. \ մ-ի համար 11,5 լարի փոխհատուցում:

Մայիսի 18-ին Ախալքալաքի շրջանի երեք գյուղերում՝ Դադեշ, Սուլդա և Բոզալի տեղի ունեցավ փոթորիկ, իսկ մայիսի 20-ին այն վնասեց Կարծախ, Ֆիլիպովկա և Աբուլ գյուղերի տները: Այս բոլոր գյուղերում փոթորիկը մասամբ կամ ամբողջությամբ քանդել է մասնավոր տների տանիքները: Տուժածները փոխհատուցում ստանալու համար դիմումներով դիմել են Շրջանային վարչություն:

Շրջանային վարչության մասնագետները մեկնել են այդ գյուղեր և տեղում առանձին-առանձին գնահատել յուրաքանչյուր տան վնասը: Վնասի չափը սահմանվել է մասնագետների կողմից արված լուսանկարների և գծանկարների հիման վրա: Վնասը օրերս կփոխհատուցվի շրջանի պահուստային բյուջեից:

Կարծախ գյուղում փոթորիկից նյութական վնաս են կրել 27 ընտանիք, Դադեշում՝ 5, Բոզալիում՝ 2, Աբուլում՝ 5, Ֆիլիպովկայում՝ 3 ընտանիք: Ամենից շատ տուժել է Ղազարյան Շավարշը Բոզալի գյուղից, քանդվել է նրա տան տանիքի 200 քմ\մ ծածկը:

Ըստ ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության պետ Ալբերտ Նահատակյանի, բոլոր տուժածներին ըստ կրած վնասի կփոխանցվի` 11.5 լարի 1 քմ\մ-ի համար: Այս գումարը ներառում է տանիքածածկման աշխատանքների գինը, ամրացումը և փոխադրումը:

Շուշան Շիրինյան