Ախալքալաքի երաժշտական դպրոցը մոտ 170 աշակերտ ունի, նրանցից 3 դափնեկիր են ևս 10-12 սան կարող են հասնել մեծ բարձունքների այդ ոլորտում։ Սակայն բոլորը նվագում են հին, մաշված գործիքների վրա:
Ախալքալաքի երաժշտական դպրոցը վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ ճանաչում է գտել տարածաշրջանում, և այն այսօր ունի 3 դափնեկիր։ Դպրոցն ունի բազում տաղանդավոր սաներ.
“3 դափնեկիր դպրոցում դա շատ է, ոչ մի մարզ չի կարող պարծենալ այսպիսի մեծ քանակությամբ դափնեկիրներով, հենց դաշնամուրի մասնաճյուղում”, – հպարտությամբ ասում է դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը։
Կարինա Ղազանջյանը, ով վերջերս ստացել է դափնեկիրի կոչում, հպարտությամբ ասում է, որ երաժշտությունն իրենն է, և չնայած դժվարություններին պետք է պայքարի, որպեսզի դառնա լավ երաժիշտ։
Ախալքալաքի երաժշտական դպրոցի աշակերտները իրենց տաղանդը ցույց են տվել արդեն մեծ բեմերում, գրավելով առաջնային տեղեր։ Բայց չնայած այս ամենին, դպրոցում երաժշտական գործիքների պակաս կա, ինչը նույնպես դժվարություն է հանդիսանում երեխաների համար։
“Սովորական գործիքի կյանքը 25 տարի է, իսկ այս գործիքները մեզնից էլ մեծ են,- կատակով ասում է դպրոցի տնօրենը, – մոտ 60-70 տարեկան և պահպանում ենք ինչպես կարող ենք”։
Դպրոցի տնօրինությունը մի տարի առաջ դիմել է քաղաքապետարանին, ով խոստացել է օգնել ձեռք բերել երաժշտական գործիքներ, եթե ոչ բոլորովին նորերը, քանի որ դրանք շատ թանկ են, ապա գոնե օգտագործված, բայց համեմատաբար նոր գործիքներ։ Տնօրենի խոսքով, եթե տարեկան գոնե 1-2 երաժշտական գործիք ձեռք բերվի, ապա մոտավորապես 10 տարուց դպրոցը ապահովված կլինի։
“Ի ուրախություն մեզ, այս տարի ունենք գործիքները կարգավորող անձնակազմ, ովքեր լարում են մեր հին գործիքները և դրանցով կրկին հնարավոր է լինում աշխատել, բայց իհարկե կուզենայինք նոր գույք ունենալ՝ նոր գործիքներ”։
Դպրոցը ունի երկու բաժին՝ կատարողական – դաշնամուր, և նվագախմբային – ակորդեոն։ Այստեղ որպես առարկա ուսուցանում են վոկալ, խոռ և մի քանի աշակերտներ նաև սովորում են կիթառ նվագել, ըստ ցանկության։
Ախալքալաքի երաժշտական դպրոցի միակ խնդիրը երաժշտական գործիքները չեն։ Դպրոցը վերանորոգվել է մոտ 10 տարի առաջ, սակայն հիմա կրկին վերանորոգման և կահավորման կարիք ունի։
ՄԵկ այլ խնդիրն այն է, որ դպրոցի ուսուցիչների աշխատավարձը ցածր է։ Այստեղ դասավանդող 25 ուսուցիչների միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 200-300լարի՝ ճիշտ այնպես, ինչպես եղել է նույնիսկ այն ժամանակ, երբ դպրոցը պատկանում էր մշակույթի նախարարությանը։
Երեխաներից շատերը գալիս են այստեղ մեծ սիրով, և երբեմն մեկ ժամյա դասընթացը նրանց համար բավարար չէ։
«Ես մինչև հարյուր տարեկան պետք է դաշնամուր նվագեմ, մի՛շտ», – ասում է 7 տարեկան Արսեն Կարապետյանը, ով սովորում է դպրոցի առաջին դասարանում և ուսուցիչների կարծիքով նույնպես դպրոցի ապագա տաղանդներից է։
Մայիս ամսին Ախալքալաքի երաժշտական դպրոցը կրկին հրավիրված է մրցույթի։
Ռիմա Մառանգոզյան