Վերջին կես տարվա ընթացքում՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, Վրաստանում փախստականների հոսք է նկատվում, այստեղ են գալիս ուկրաինացիները, ովքեր կորցրել են իրենց տները, Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները, ովքեր համաձայն չեն իրենց երկրների քաղաքականության հետ: Սակայն մեծամասնությունն ընտրում է մեծ քաղաքները՝ Թբիլիսին, Բաթումին։ Ախալքալաքում տեղական իշխանությունների տվյալներով, Ուկրաինայից միայն երկու փախստական ընտանիք կա։ Քաղաքը, որը սովոր չէ փախստականներին, չգիտի, ինչպես ընդունել նրանց, ուստի նրանք բախվում են տարբեր դժվարությունների: Jnews-ն այցելել է Դոնեցկից Դարիա Յաբլոնսկայայի մեծ ու լուսավոր ընտանիքին։

Մոխրագույն տուն, նեղ սպիտակ դուռ, իսկ դրա հետում էլ ընկերական, լուսավոր ու աղմկոտ, բազմազավակ ընտանիքը՝ Դարիան, նրա մայրը, երեք երեխաները, շունն ու կատուն: Մութ երկու սենյակ, նվազագույն, հին, սովետական կահույքով։ Մի քանի փորձից հետո Դարիան հազիվ է գտել այս տունը։

«Մի քանի անգամ մաքրել ենք տները, հետո մեզ «խնդրել են հեռանալ»: Հիմնական պատճառը շունն է, Ախալքալաքում ընդունված չէ տներում շուն պահել»,- պատմում է 29-ամյա Դարիան։

Malchiki
Այս ընտանիքը չի պատկերացնում իր կյանքն առանց ընտանի կենդանիների

Նա շտապօգնության բրիգադում աշխատելու փորձ ունեցող բժիշկ-թերապևտ է, բայց վստահ է, որ իր մասնագիտությամբ այստեղ աշխատանք չի գտնի, քանի որ արտոնագրում և պետական լեզվի իմացություն է հարկավոր։ Դարիան համաձայնում է ցանկացած աշխատանքի: Երբ նրանք որոշել են հեռանալ, ընտրությունը կանգ է առել Վրաստանի վրա, Դարիան ինտերնետի միջոցով ծանոթացել է Ախալքալաքի ռեստորաններից մեկի աշխատակիցների հետ, ովքեր, ըստ նրա, իրեն աշխատանք են խոստացել, տուն, որտեղ նա կարող էր ապրել ընտանիքի հետ։ Նա դեռ մեկ շաբաթ էլ չաշխատած, ոտնձգությունների պատճառով, ինչպես ինքն է ասում, ստիպված է եղել հեռանալ։ Երեք օրվա աշխատանքի դիմաց նրան չեն վճարել։ Բայց նա դիմել է ոստիկանություն՝ հասկանալու, ինչ անել նման իրավիճակում։ Այնտեղ նրան լսել են, իսկ հետո ոստիկանությունը ստիպել է ռեստորանին վճարել աշխատած օրերի դիմաց։

«Մտածելակերպն այլ է: Այն, ինչ մեզ համար նորմալ է համարվում, այստեղ տարօրինակ է թվում կամ տարբեր կերպ է մեկնաբանվում, բայց գուցե դրան պետք է ընտելանալ: Չգիտեմ: Ինձ ասացին, որ եթե այստեղ նստես տղամարդկանց հետ, կամ գարեջուր խմես, կամ պարզապես նրանց հետ նստես մեկ սեղանի շուրջ, բոլորը ուրիշ բան կմտածեն։ Մեզ մոտ դա նորմալ է։ Այսինքն՝ մեզ մոտ ոչ ոք նման բան չի մտածի, դե եթե որևէ ակնհայտ փաստ չլինի։ Սա ինչ վերաբերվում է տղամարդկանց։ Մարդկանց մասով, չգիտես ինչու, ընդունված չէ, որ դու մարդկանց երեսին ասես այն, ինչ մտածում ես, մարդիկ ավելի շուտ կասեն՝ այո, այո, լավ, մենք քեզ կզանգահարենք, այո, կօգնենք քեզ, իսկ հետո պարզապես կանհետանան: Դե փորձում են իրենց իրական դեմքը ցույց չտալ: Մեր մոտ ամեն ինչ ուղիղ է, մեզ մոտ ընդունված է կոպիտ ձևով պատասխանել, վիրավորել, իսկ ձեր մոտ քաղաքավարի և գեղեցիկ է այդ ամենն արվում, բայց դա ամենևին չի նշանակում, որ նրանք Ձեզ լավ են վերաբերվում»,- ասում է Դարիա Յաբլոնսկայան։

Darya 2 Դարիա Յաբլոնսկայա

Սենյակների գորշությունը լուսավորում են երեք ոսկեմազ երեխաները՝ 6-ամյա Նիկոլայը, 5-ամյա Ստեփանը և 3-ամյա Վասիլիսան։ Երեքն էլ ուրախանում են, երբ նրանց գալիս են այցելության, ցույց են տալիս իրենց խաղալիքները։ Հարցին, թե ուզում են վերադառնալ տուն՝ հայրենիք, երեխաները կտրականապես պատասխանում են. «Ոչ, այնտեղ պատերազմ է, պայթում է»։

Dasha

Մինչ Դարիան աշխատանք է փնտրում, աշխատում է, կամ զբաղված է թղթաբանությամբ ու զբաղվում է առևտրով, նրա մայրը՝ Եկատերինա Յաբլոնսկայան, խնամում է երեխաներին։ Մինչ օկուպացիան նա աշխատել է մանկապարտեզում որպես դաստիարակչուհի։

«Մինչև վերջին պահը չէի ուզում: Նա մինչև վերջին վայրկյանը ժամանակ էր ձգում իմ պատճառով: Առողջական վիճակս լավ չէ: Գիտեք, մենք աշխատում էինք ու մտածում էինք, որ ամեն ինչ կկարգավորվի: Հետո ես մի անգամ հանկարծ արթնացա և հասկացա, որ պատերազմ է: Ինչո՞ւ, ինչի՞ համար: Շոկ ապրեցի և այնպիսի սթրեսային իրավիճակ էր, մենք մեկ ամբողջություն էինք, մեր երկիրը, և հանկարծակի ամեն ինչ փշրվեց: Եվ հիմա հասկանալի է, եթե արդեն այս տեսակետից նայենք, արդեն պարզ է, որ եկել էին հատուկ պատրաստված մարդիկ, ովքեր իրար էին խառնում մարդկանց, խմբավորում, որ դուրս գային, ինչ-որ բան պահանջեին։ Սկզբում ամեն ինչ սարսափելի էր։ Թռնում էին մանկապարտեզի կողքով, պատուհանները դղրդում էին։ Դու վախենում ես երեխաների համար: Ռմբապաստարան չկար։ Նկուղ իջեցնել երեխաներին, որը իմ հասակից բարձր էր։ Սա նշանակում է, որ դու պետք է ինչ-որ սանդուղք ունենաս, բայց ինչպե՞ս: Ամեն ինչ շատ սարսափելի էր։ Իսկ հետո ամեն ինչ հանդարտվեց, սառեց: Միակ բանն այն էր, որ մենք սահմանափակված էինք, ոչ մի տեղ չէինք կարող դուրս գալ։ Պարետային ժամը՝ 22։00-ից հետո էր, իսկ հետո՝ 23։00-ից հետո։ Պետք է տանը մնայինք: Եթե դու դուրս ես եկել աղբը թափելու, եթե նույնիսկ մուտքի մոտ տեսնեին, կարող էին տանել, և դու կարող էիր գիշերել մեկուսարանում, իսկ առավոտյան քո հարազատները պետք է բերեին քո անձնագիրը, անձը հաստատող փաստաթուղթը, հետո միայն դուրս կթողնեին քեզ», – պատմում է Եկատերինան:

Vasilisa Վասիլիսա

Միջանցքի հեռավոր անկյունում, որը նաև ճաշասենյակ է, պատուհանի մոտ տեղադրված է համակարգիչ։ Դարիայի խոսքով՝ միայն այստեղ է նա որսում ինտերնետը, ուստի այս անկյունում նստած է շփվում հարազատների ու ամուսնու հետ, ովքեր մնացել են Դոնեցկում։ Դարիայի ամուսինը չէր կարող ընտանիքի հետ մեկնել, քանի որ բնակչության արական սեռի ներկայացուցիչներին ուղղակի թույլ չեն տալիս դուրս գալ պատերազմական գոտուց։ Դարիայի սկեսրայրն ու սկեսուրը և նրա 84-ամյա տատիկը, ով հիվանդ է և չի կարողանում տեղաշարժվել դեռևս այնտեղ են մնում։

Դարիան երեխաների և մոր հետ որոշել էին հեռանալ, երբ ջրի հետ խնդիրներ էին առաջացել , այն տալիս էին ըստ գրաֆիկի, և ջուրն ընդհանրապես չէր բարձրանում 4-5-րդ հարկ։ Նախ նրանք մեկնել էին Ռոստով,իսկ այնտեղից էլ մեկ այլ մեքենան նրանց բերել էր Վրաստան։ Իսկ Թբիլիսիում նրանց դիմավորել էին այն ռեստորանի աշխատակիցները, որտեղ Դարիան սկսել էր աշխատել ժամանելուն պես։

«Բոլորն ասում էին, գնա Ռուսաստան, ամեն երեխային 10 000 կտան, ձեզ նույնպես՝ 10000-ական, բազմազավակ ընտանիք եք՝ դա էլ ավելի շատ գումար է կազմում։ Դաշան ասաց՝ ինչպե՞ս ես կարող եմ գնալ մի երկիր, որը կործանեց մեր աշխարհը։ Եվրոպա գնալը թանկ էր, մեզ դրա համար մեծ գումար էր հարկավոր: Ախալքալաքում, քանի որ այն փոքրիկ քաղաք է, հետո նա ուզում էր բնության գրկում լինել, ասում էր՝ այնտեղ գետեր կան, մաքուր օդ, ջուրը մաքուր։ Թբիլիսիում ավելի թանկ է։ Իսկ մենք սահմանափակ ենք մեր միջոցներով։ Ես ուզում էի գնալ ինչ-որ տեղ, որպեսզի վստահ լինեի, որ երեխաները փողոցում չեն մնա: Դե իսկ մենք նաև կենդանիների հետ ենք: Հյուրանոցն այլևս չէր քննարկվում, և ամեն տանտեր մեզ չէր ընդունի: Բայց մենք չէինք կարող լքել մեր ընտանի կենդանիներին: Ասում էին, որ մենք կարող ենք նրանց հանձնել ապաստարան, բայց դե ինչպես: Նա շատ կապված է Դաշային, սպասում է, կարոտում և նույնիսկ չի ուտում նրա բացակայության ժամանակ: Ինչպե՞ս դուրս շպրտել նրան», – պատմում է Եկատերինա Յաբլոնսկայան:

Կարծես հասկանալով, որ խոսքն իր մասին է, բարի և ընկերասեր Նյուշան, այսպես է Դարիայի խասկիի անունը, ուրախությամբ վազեց և սկսեց խաղալ հյուրերի հետ։ Մի փոքր այն կողմ պատուհանի մոտ նստած էր լուրջ, ամբողջովին ճերմակ կատուն՝ Պուշկան։ Նրանք ոսկեգանգուր մազերով երեխաների միակ ընկերներն են։ Նրանք ամբողջ ժամանակն անցկացնում են միասին իրենց համար անծանոթ քաղաքում։

Nikolai Նիկոլայն այս տարի առաջին դասարան է գնալու

Չնայած այն հանգամանքին, որ Դարիան ժամանելու սկզբից ստիպված է եղել դիմանալ Ախալքալաքում դժվարություններին, այնուամենայնիվ, նա որոշել է սպասել ամուսնուն, մինչև նա գա, հետո կտեսնի, թե ինչ է անելու։ Նա արդեն գտել է բնակարան, որտեղ շուտով կտեղափոխվի: Արդեն հավաքել ու ներկայացրել է փաստաթղթերը դպրոց, ավագ որդին՝ Նիկոլայը, այս տարի գնում է Ախալքալաքի ռուսական դպրոցի առաջին դասարան։ Դարիան դեռ լիովին չի հարմարվել Ախալքալաքին և հաճախ օգնության և խորհուրդների կարիք ունի։

«Քաղաքը փոքր է և տեղեկատվությունը արագ է տարածվում: Ես տհաճորեն զարմացա, թե որքան արագ է տարածվում տեղեկատվությունը ձեր մոտ, երբեմն լինում է, որ գալիս եմ շուկա ու ինձ ասում են «ահա, դուք եք այն ուկրաինացի՞ն»: Երբեմն այս տեղեկատվությունը ճոխացվում է: Ես զորակից չունեմ այստեղ և ինձ պետք է, որ ամուսինս գա, որպեսզի հասկանանք, թե արդյոք բավականաչափ եկամուտ ունե՞նք, քանի որ նա աշխատում է ինտերնետի միջոցով, արդյո՞ք գումարը կբավարարի այստեղ սպասելու համար»,- ասում է նա։

Ախալքալաքում Դարիայի հանդիպած հիմնական դժվարությունները բնակարանն էր, ոտնձգություններն ու աշխատանքի բացակայությունը: Կմնա արդյո՞ք Ախալքալաքում վերջինիս բազմանդամ ու ընկերասեր ընտանիքը, դեռ պարզ չէ, չնայած նրան, որ նա կարոտում է հարազատներին ու հայրենիքը, որտեղ հիմա պատերազմ է, բայց նա կարծում է, որ իր ընտանիքի անվտանգությունն ամենակարևորն է։