Նախկին պատգամավոր Հենզել Մկոյանն իր քաղաքական կարիերայի 22 տարվա ընթացքում առաջին անգամ պարտվեց Ջավախքում կայացած ընտրություններում՝ ձայների մեծամասնություն ստանալով ընդամենը 3 ընտրատեղամասում: Մի տեղամասում էլ հաղթեց «Եվրոպական Վրաստանի» թեկնածուն՝ Արսեն Կարապետյանը:
Հենզել Մկոյանը ոչ միայն Ջավախքում, այլ ամբողջ Վրաստանում ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն է՝ շնորհիվ իր անվան հետ կապված բազմաթիվ սկանդալների: Իր քաղաքական կարիերայի 21 տարվա ընթացքում Մկոյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է եղել, սկզբում նա ներկայացնում էր միայն Նինոծմինդայի մունիցիպալիտետը, ապա նաև Ախալքալաքը: Նա պատգամավոր էր Էդուարդ Շեւարդնաձեի նախագահության տարիներին, որից հետո դարձավ Միխեիլ Սաակաշվիլիի համախոհ եւ պատգամավոր էր, մինչ «Վրացական երազանքի» առաջնորդները փոխվեցին: Հենզել Մկոյանն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ այս տարի կայացած ընտրություններին իշխող կուսակցության կողմից չառաջադրվեց: Նա ինքն էր առաջադրել իր թեկնածությունը որպես անկախ թեկնածու:
Նախնական արդյունքների համաձայն՝ Հենզել Մկոյանը հաղթել է Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատարածքների 3 տեղամասերում:
Բավրա գյուղի №64 ընտրատեղամասում Մկոյանը ստացել է 160 ձայն, իր մրցակից Սամվել Մանուկյանից առաջ անցնելով 18 ձայնով, որը ստացել է 142 ձայն: Նինոծմինդայի մունիցիպալիտետի հարազատ Սաթխա գյուղում՝ №25 ընտրատեղամասում, Մկոյանը ստացել է 711 ձայն, իսկ իշխող կուսակցությունից նրա մրցակիցը՝ ընդամենը 86 ձայն: №26 ընտրատեղամասում գտնվող մեկ այլ գյուղում՝ Օրոջալարում, որը նույնպես հարազատ է Մկոյանի համար, ստացել է 217 ձայն: Այնտեղ Սամվել Մանուկյանը հավաքեց 79 ձայն:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղում «Եվրոպական Վրաստանի» թեկնածու Արսեն Կարապետյանը 52 ձայնով գերազանցել է Հենզել Մկոյանին (42 ձայն) և Սամվել Մանուկյանին (48 ձայն): Սա միակ ընտրատեղամասն էր, որտեղ նա առավելագույն ձայներ էր հավաքել: Արսեն Կարապետյանը երկրորդ անգամ էր առաջադրվում որպես պատգամավորի թեկնածու:
Այսպիսով, ըստ արձանագրությունների՝ Արսեն Կարապետյանը հաղթել է 109 ընտրատեղամասերից մեկում, Հենզել Մկոյանը՝ 3-ում, իսկ մնացած 105 ընտրատեղամասերում հաղթել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Սամվել Մանուկյանը: