Խաչատուր Պետրոսյանի (Ախալքալաքում հայտնի է Խաչո անունով) խնդիրների մասին Jnews-իհրապարակումից հետո նրա որոշ խնդիրներ լուծվել են։ Նրա կորցրած փաստաթղթերը վերականգնել են, սակայն կենցաղային պայմանները մնում են նույնը՝ նա դեռ ապրում է վթարային շինությունում՝ առանց ջեռուցման, լույսի ու ջրի։
Նոյեմբերի 15-ին Ջավախքի լրատվական կենտրոնը մտահոգված ախալքալաքցիների խնդրանքով նյութ էր հրապարակել, որ տեղում Խաչո անունով հայտնի տղամարդն ապրում է սարսափելի պայմաններում՝ առանց ջրի, լույսի և ջեռուցման։ Մեկ տարուց ավելի նա մնացել է առանց փաստաթղթերի ու սոցիալական նպաստների՝ փաստաթղթերը կորցնելու պատճառով։ Խաչատուր Պետրոսյանը մտավոր խնդիրներ ունի, իրեն որդեգրած ծնողների մահից հետո նա մենակ է մնացել: 2018 թվականին նրան տեղափոխել են հոգեբուժարան, սակայն հետո վերադարձել է և այլևս չի ցանկացել վերադառնալ այնտեղ։ Խաչոյին Ախալքալաքի բնակիչները շարունակում են օգնել և չեն ցանկանում, որ նա վերադառնա այնտեղ, քանի որ հիվանդանոցից հետո նա նիհարած էր ու վատ տեսք ուներ։ Այդ ժամանակվանից Խաչոն մի քանի անգամ փոխել է բնակարանը։
Այն տունը, որտեղ այժմ ապրում է Խաչոն
Տարրական կենցաղային պայմանների բացակայության պատճառով այն տանը, որտեղ ապրում է Խաչոն, այլ բնակիչներ չկան։ Պետական և մունիցիպալ սոցիալական ծառայությունները չգիտեն, թե ինչպես է նա հայտնվել նախկին ռուսական ռազմաբազայի այս շինությունում։ Ռուսական զորքերի հեռանալուց հետո բնակելի շենքերը փոխանցվել են մունիցիպալ ֆոնդին՝ կարիքավորներին բնակեցնելու համար, սակայն այս շենքը երբեք չի փոխանցվել տեղական իշխանություններին, և ոչ ոք չի կարող հաղորդակցության հարցը լուծել։
Վագոնը, որտեղ նախկինում ապրել է Խաչոն
Ինչպես պարզեց Jnews-ը, 2023 թվականի հոկտեմբերից անձը հաստատող փաստաթուղթը կորցնելու պատճառով Խաչատուր Պետրոսյանը չի կարող հաշմանդամության թոշակ (234 լարի՝ II կարգի հաշմանդամության համար) ստանալ: Սովորաբար նրան սնունդ են տալիս մարդիկ, ովքեր անտարբեր չեն նրա ճակատագրի նկատմամբ, նրա հարեւանները։ Չնայած այն հանգամանքին, որ նրան հասնում է թոշակ և տարածք, որտեղ նա կկարողանար ապրել։ Թեև, ինչպես պարզվեց իրականում, առանց խնամակալի (որը ինչ-ինչ պատճառներով նրան հասանելի չէ) օգնության Խաչատուրը չի կարող ոչ անձնագիր ստանալ, ոչ էլ քարտից գումար հանել։ Սա առաջին անգամը չէ, որ նա փաստաթղթերը կորցնում է։ Այն բանից հետո, երբ Jnews-ը դիմեց Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական ծառայությանը, քաղաքապետարանի աշխատակիցներն օգնեցին նրան վերականգնել կորցրած փաստաթղթերը և սոցիալական օգնությունը։
«Փաստաթղթերը պատրաստ են, ուզում ենք շնորհակալություն հայտնել Արդարադատության տանը, քանի որ ամբողջ թիմը ներգրավված է եղել, օգնել են նաև Սոցիալական ծառայության գործակալության Ախալքալաքի կենտրոնում։ Բանկը, ինչպես միշտ, չկարողացավ օգնել։ Բայց փաստաթղթերի խնդիրը լուծված է և նա 29-ին (նոյեմբեր) ստացել է անձը հաստատող փաստաթուղթը: Բայց կացարանի հարցը մնում է արդիական։ Այս տարի մենք չունենք խնամակալության հնարավորություն, դա հնարավոր է միայն Սոցիալական ծառայության գործակալության միջոցով։ Սակայն կա տեղեկություն, որ 2025թ.-ին խնամակալության գործառույթը կլինի նաև ամբողջ հանրապետության քաղաքապետարաններում, այս մասին կիմանանք դեկտեմբերի վերջին»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի Առողջապահության և սոցիալական աջակցության վարչության պետ Անահիտ Յորդանյանը։
Խաչոյի ճակատագրով մտահոգ բնակիչները դիմել են Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանին՝ խնդրելով օգնություն, որպեսզի Խաչոն ձմռանը չսառչի։ Նրանց խոսքով, քաղաքապետն ասել է, որ Խաչոն հնարավորություն ունի վերադառնալու այն վագոնը, որտեղ նախկինում ապրել է, և այնտեղ արդեն ջեռուցում անցկացված է։
Վագոնը, որի մասին խոսվում է, գտնվում է քաղաքային լողավազանի հարեւանությամբ։ Նրա պատուհանի ապակիները կոտրված են, իսկ դուռը լավ չի փակվում։ Ներսում կա մահճակալ և մեկ ռադիատոր, որն ամենայն հավանականությամբ միացված է լողավազանի ջեռուցման համակարգին։ Խաչոն համառորեն հրաժարվում է ապրել այս վայրում, քանի որ սովորել է զինվորական ավանում իր հարեւաններին, ովքեր օգնում են իրեն։ Սակայն տեղի բնակիչները հավաստիացնում են, որ նրա ներկայիս կացարանը շատ ավելի վատ վիճակում է, քան վագոնը:
Ախալքալաքի մունիցիպալիտետում կոնկրետ բնակության վայր չունեցող մարդիկ չկան, բայց Խաչոն միակ մարդն է, ով գործնականում հայտնվել է փողոցում։