Ախալքալաքում դժվարանցանելի են ոչ միայն վերանորոգվող ճանապարհները, այլև ասֆալտապատ:
Տրանսպորտի երթևեկությունն Ախալքալաքի փողոցներում դժվարացել է բազմաթիվ փոսերի պատճառով: Ճանապարհի փոսերն առաջացել են մի քանի պատճառներով՝ ինչ-որ տեղ մաշվածության պատճառով, անորակ ասֆալտապատման, որոշ տեղեր էլ փոսեր են արված մասնակի վերանորոգման համար: Այսպիսի փոսեր կարելի է տեսնել և «զգալ» ամբողջ քաղաքում: Կտրտված քառակուսի ցեխաջրերով լի փոսերը երկար ժամանակ է անհանգստացնում են վարորդներին քաղաքի կենտրոնական փողոցի ողջ երկյանքով մեկ: Վարորդները դժվարությամբ են շրջանցում փոսերը, սակայն շատ դեպքերում հայտնվում են դրանց մեջ:
«Հարուստ» փոսերով կենտրոնական պետական ճանապարհը վերանորոգում է «Ջավախավտոգզա» ընկերությունը: Ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի խոսքերով սպասում են լավ եղանակի, որպեսզի լցնեն փոսերը: Մինչ այդ վարորդները ստիպված իրենց մեքենաներն են ջարդում քաղաքի իբր բարեկարգ փողոցների պատճառով:
Եթե տեղական իշխանությունը կապ չունի կենտրոնական ճանապարհների հետ, ապա ներքին ճանապարհների համար պատասխանատու են հենց իրենք:
Էկոնոմիկայի և ենթակառույցների զարգացման ծառայության ճանապարհների և ենթակառույցների զարգացման մասնագետ Ռազմիկ Նահատակյանի խոսքերով, քաղաքի փողոցների փոսերի խնդիրը վերացնելու է «Ֆինեստատ» ընկերությունը մայիսի 20-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Ընկերությունը պետք է այդ աշխատանքներն իրականացներ դեռ անցած տարի, սակայն ոչ միայն չկատարեց իր պարտականությունները, այլև մեծ տուգանք մուծեց: Այս տարի ընկերությունը պարտավոր է ավարտին հասցնել կիսատ թողած գործը: Ախալքալաքի վարչության աշխատակցի խոսքերով այս դեպքում ևս պետք է սպասել լավ եղանակի:
Քրիստինե Մարաբյան