2021 թվականի հոկտեմբերի 2-ին Վրաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: «Վրացական երազանքն» առաջինն առաջադրեց իր քաղաքապետի թեկնածուներին: Ախալքալաքի մունիցիպալիտետից առաջադրվել է Սակրեբուլոյի պատգամավոր Մելքոն Մակարյանը, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետից՝ ներկայիս քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը: Jnews- ը հրապարակում է տեղեկություններ թեկնածուների, նրանց քաղաքական ճանապարհի և փորձի ու նրանց անունով գրանցված գույքի մասին :

Մելքոն Մակարյան

Մելքոն Մակարյանը ծնվել է 1986 թվականին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բարալեթ գյուղում: 2004 թվականին ավարտում է գյուղի միջնակարգ դպրոցը և ընդունվում Սամցխե-Ջավախքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Երեք տարի սովորելուց հետո նա թողնում է համալսարանը եւ ընդունվում Գյումրու «Պրոգրես» ինստիտուտ, որն ավարտում է 2012 թ.-ին: Ամուսնացած է, ունի երկու տղա և մեկ աղջիկ:

Քաղաքական գործունեությունը

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հետ, 2013 -ին, Մելքոն Մակարյանը մտնում է քաղաքականություն: նախագահական ընտրությունների ժամանակ նա կուսակցության երիտասարդական թևի ղեկավարն էր: 2014 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նա Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլո է մտնում «Ոչ խորհրդարանական ընդդիմություն» դաշինքի (Կախա Կուկավա և Փիքրիա Չիխրաձե) ցուցակներով: Եղել է «Ազատ Վրաստան» խմբակցության նախագահը:

2017 թվականին վերընտրվում է Սակրեբուլոյի պատգամավոր, բայց արդեն «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից և դառնում Տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ: Անցյալ տարի՝ 2020 թվականին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, նա եղել է Ախալքալաքի «Վրացական երազանք»-ի շտաբի պետի տեղակալ:

Հարցին, թե անակնկալ չէր նրա համար քաղաքապետի պաշտոնում առաջադրումը, Մելքոն Մակարյանը պատասխանեց հետեւյալը.

«Աշխատանքը թիմային էր, առաջադրումը, նույնպես թիմային ընդհանուր որոշում էր: Ինչ-որ առումով սպասելի էր, բայց միևնույն ժամանակ և անսպասելի: Շնորհիվ բարի մարդկանց, ես առաջադրվեցի որպես Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու»:

Բիզնես

Բաց տվյալների բազաներում Մելքոն Մակարյանի անունով տնտեսական գործունեության ոչ մի բիզնես գրանցված չէ: Նա զբաղվում է գյուղատնտեսությամբ:

Առաջնահերթությունները

Թեկնածուի առաջնահերթությունները ներառում են ինչպես քաղաքի, այնպես էլ գյուղերի խնդիրները` գյուղական ճանապարհների ասֆալտապատումը, գյուղերում ենթակառուցվածքների զարգացումը, մունիցիպալիտետի 22 գյուղերի գազաֆիկացումը, ջրամատակարարումը:

«Ես սիրում եմ ինքս իմ աչքերով տեսնել կատարված աշխատանքները, շփվել մարդկանց հետ, սիրում եմ և ժամանակ կգտնեմ դրա համար: Դա նույնիսկ հաճույք է, երբ գործը ծառայում է իր նպատակին», – ասում է Մելքոն Մակարյանը:

Գույքը

Ըստ գույքի գրանցման բաց տվյալների բազաների, Մելքոն Մակարյանը Բարալեթ գյուղի բնակելի տան, ինչպես նաև 13,700 քառ / մ գյուղատնտեսական նշանակության հողերի համասեփականատեր է՝ Վարուժան, Մհեր և Երասխ Մելքոնյանների հետ միասին: Վեց գյուղատնտեսական նշանակության հողամասերի գրանցումն իրականցվել է 2018 թվականին: Հայտարարագրերում, որոնք նա ամեն տարի 2014 թվականից մինչև 2017 թվականը լրացնում էր, գույքի սյունակում նա նշում էր 1250 քառ / մ մակերեսով հողամասը, իսկ 2017-ից մինչև 2020 թվականը, միայն «Ford» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, որը ձեռք է բերվել 2015 թ.-ին՝ 6000 ԱՄՆ դոլարով:

 

Անիվարդ Մոսոյան

Անիվարդ (Անի) Մոսոյանը ծնվել է 1974 թվականին՝ Բոգդանովկայում: 1991 թվականին ավարտել է Նինոծմինդա քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1996 թվականին ավարտել է Երևանի տնտեսա-իրավաբանական համալսարանը, ստացել հոգեբանի մասնագիտություն: 2000 թվականին ավարտել է Թբիլիսիի «Գաենաթի» համալսարանի հոգեբան և վրաց լեզվի ուսուցիչ մասնագիտության բաժինը: Աշխատել է Նինոծմինդա քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես վրացերենի ուսուցչուհի: 2008-2009թ.թ. եղել է Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի տնօրենը: 2009-2011 թվականներին եղել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի ռեսուրս կենտրոնի ղեկավարը: Ամուսնացած է, ունի որդի և դուստր: Երկուսն էլ ուսանողներ են: Ամուսինն աշխատում է Նինոծմինդայի հրշեջ ծառայությունում:

Քաղաքական գործունեությունը

Անիվարդ Մոսոյանի քաղաքական կյանքը սկսվել է 2014 թվականից՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հետ: 2014-2017 թվականներին եղել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր: Նա ղեկավարել է Կրթության, սպորտի, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը: 2017 թվականի ՏԻՄ ընտրություններում Անիվարդ Մոսոյանը ընտրվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ:

Բիզնես

Վրաստանի տնտեսական գործունեության բաց տվյալների բազաներում Անիվարդ Մոսոյանի անունով ոչ մի բիզնես գրանցված չէ:

Առաջնահերթությունները

Անիվարդ Մոսոյանն առաջնահերթություն է համարում երիտասարդների խնդիրները:

«Առաջնահերթ խնդիրը երիտասարդների զբաղվածությունն է, ես կփորձեմ ապահովել սպորտային և կրթական զբաղվածություն, բարելավել սպորտային ենթակառուցվածքը, նորամուծություններ մտցնել կրթական ոլորտում: Աշխատանքով ապահովել վերադարձած ուսանողներին, զարգացնել մունիցիպալիտետի մշակութային կյանքը (գյուղական ակումբներ)»:

Jnews- ի այն հարցին, թե արդյոք սա նշանակում է մունիցիպալիտետում նոր աշխատատեղերի ստեղծում, Անիվարդ Մոսոյանը պատասխանեց հետեւյալը.

«Նոր աշխատատեղերի ստեղծումը լուրջ խնդիր է: Սա չի կարող լուծվել միայն տեղական ինքնակառավարման մակարդակով, սա արդեն պետք է բարձրացվի բարձրագույն ատյանների մակարդկով: Բայց դա (խմբ. Երիտասարդներին աշխատանքի տեղավորումը), իհարկե, չպետք է լինի ուրիշների աշխատանքից ազատելու հաշվին», – ասաց Անիվարդ Մոսոյանը:

Գույքը

Անիվարդ Մոսոյանի անունով պետական ռեեստրում գույք գրանցված չէ, սակայն նրա հայտարարագրերում նշվում է 2012 թվականին ձեռք բերված հողամասեր՝ 1888 քառ / մ, 3552 քառ / մ, 800 քառ / մ մակերեսներով և 370 քառ / մ բնակելի տարածք ամուսնու՝ Սուրեն Մզիկյանի անունով:

Գույքի գրանցման տվյալների բազայում ևս այս հողամասերը գրանցված են Սուրեն Մզիկյանի անունով: Ինչպես նաև, ըստ տվյալների բազաների, 2019 թվականին չեղյալ են հայտարարվել Սուրեն Մզիկյանի կողմից 2012 թվականին գրված երկու դիմումները՝ 3313 քառ / մ և 4302 քառ / մ մակերեսով հողամասերի գրանցման վերաբերյալ, որոնք ստացվել են «Պետական ծրագրի» շրջանակներում կոլտնտեսության փաստաթղթերի հիման վրա: Երկու հողամասերն էլ գտնվում էին Խոջաբեկում: 2019 թվականի աշնանից Հանրային ռեեստրը քննարկում է գրանցման փոփոխության մասին Սուրեն Մզիկյանի դիմումը, որը ներկայացվել է «Պետական ծրագրով»: Որոշումը դեռ կայացված չէ: