Վերջին մի քանի օրերի ընթացքում Ախալքալաքի բնակիչները խոսում են գազի ցածր ճնշման մասին։ Ինչի պատճառով էլ մարդիկ մի գավաթ սուրճ կամ ինչ-որ ուտեստ պատրաստելու համար սովորականից շատ են սպասում:
«Այնքան ցածր է գազի ճնշումը, որ մի գավաթ սուրճը մի ժամ եփում ենք, էլ չեմ խոսում ճաշի մասին»,- բողոքում է քաղաքի բնակիչներից մեկը։
Գազի ցածր ճնշումից արդեն երկար ժամանակ է բողոքում են նաև Խանդո գյուղում։
«Մեր գյուղում բոլորի տանը շատ ցածր է ճնշումը: Շատ երկար ժամանակ է պահանջվում մի բան եփելու համար»,- ասում են Խանդո գյուղի բնակիչները։
Ճշտելու համար, թե ինչումն է կայանում խնդիրը, դիմեցինք SJGC-ի ընկերություն:
«Գազի ճնշումը նորմալ է, բոլորին բավականացնում է։ Գազի ճնշման անունը հանողը ջեռուցման համակարգ տեղադրողներն են, իրենք անորակ են տեղադրում, պատճառը դնում են գազի ճնշումը։ Անցած շաբաթվա ընթացքում, տարբեր գյուղերում 18 տուն ստուգում ենք անցկացրել, բոլորի ճնշումները նորմալ է եղել», – ասում է SJGC-ի ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը։
Ղումաշյանը նաև հավելում է, որ հնարավոր է, եղանակի կամ տաքության պատճառով գազի կարգավորիչը նորից կարգավորվի, հնարավոր է, որ խնդիրներ լինի, սակայն հիմնականում գազի ճնշումը նորմալ է։
Սակայն, եթե գազի ճնշման անկման հետ առկա են խնդիրներ, բնակիչները կարող են դիմել SJGC-ի ընկերությանը: Աշխատակիցները կգնան և տեղում կծանոթանան խնդրին։