Ախալքալաքի և գյուղերի բնակիչները հաճախ ստիպված են լինում բժշկական ծառայությունների համար մեկնել այլ քաղաքներ՝ տեղի հիվանդանոցում բազմաթիվ մասնագետների բացակայության պատճառով։ Ախալքալաքի հիվանդանոցը վերջերս մշտական հիմունքներով նոր մասնագետներ է ներգրավում Վրաստանի այլ քաղաքներից, աշխատանքային օրերին հիվանդանոցում արդեն սկսել է աշխատել հրավիրված նյարդաբան, հիվանդանոցի անձնակազմը համալրվել է նաև նոր վիրաբույժով։
Նոր մասնագետների ներգրավումը կարևոր բարելավում է առողջապահական փոքր քաղաքներում և գյուղական վայրերում, որտեղ հաճախ մասնագետների պակաս կա: Ախալքալաքի հիվանդանոցի մենեջերի խոսքով՝ բուժանձնակազմը համալրվել է ևս երկու անհրաժեշտ մասնագետով։
«Ի ուրախություն բոլորի, պետք է ասեմ, որ մենք նախատեսում ենք լուրջ փոփոխություններ: Մենք նյարդաբանների խիստ կարիք ունեինք, քանի որ մեր նախկին նյարդաբանը մահացել է: Հիմա արդեն կունենանք որակյալ նյարդաբան Թբիլիսիից: Նրա հետ պայմանավորվել ենք, որ կաշխատի երկուշաբթիից ուրբաթ Ախալքալաքում։ Նա միշտ տեղում կլինի: Մենք կտրամադրենք ինչպես ամբուլատոր ծառայություններ՝ շուրջօրյա, այնպես էլ հիվանդների ստացիոնար բուժում և այլն։ Սա բավականին լուրջ և պահանջված ծառայություն է։ Նա որակյալ մասնագետ է, տիրապետում է և՛ ռուսերենին, և՛ վրացերենին, հիվանդների և բժշկի միջև լեզվական խոչընդոտ չի լինի»,- ասում է Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը։
Նյարդաբաններն այն բժիշկներն են, ովքեր ախտորոշում, կանխարգելում և բուժում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի, ինչպես նաև մկանային-կմախքային համակարգի հիվանդությունները: Օրինակ՝ նեվրալգիա, գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, էնցեֆալիտ, նևրիտ, ինսուլտ, ուղեղի անոթային անբավարարություն և գլխուղեղի անոթային տարբեր խանգարումներ, էպիլեպտիկ նոպաներ։ Այս հիվանդությունների մեծ մասն ուղեկցվում է վարքագծի և հոգեկան վիճակի փոփոխություններով։
Ախալքալաքի հիվանդանոցում աշխատում է նաև նոր վիրաբույժ։
«Մեզ վիրաբույժներ էին անհրաժեշտ: Մենք Թբիլիսիից հրավիրել ենք նաև բժշկական գիտությունների դոկտորի, ով աշխատել է Ուկրաինայում, Ռուսաստանում, իսկ այժմ տեղափոխվել է Վրաստան՝ Թբիլիսի, նա մեզ հետ երկու ամիս է աշխատում է: Այսօր մենք վերջնական պայմանավորվածություն ունենք, որ նա կաշխատի մեզ մոտ, բացի շաբաթ և կիրակի օրերից, որպես ամբուլատոր ծառայությունների խորհրդատու, ինչպես նաև մեր բժիշկների հետ միասին կմասնակցի հիվանդանոցում իրականացվող վիրահատություններին: Ես ցանկանում էի այս մասին իրազեկել բնակչությանը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն և, անհրաժեշտության դեպքում, կարողանան դիմել»,- ասում է Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը։
Նա նաև նշում է, որ Ախալքալաքի հիվանդանոցն աշխատում է այլ մասնագետների ներգրավման ուղղությամբ, այդ թվում՝ նեֆրոլոգների, ուրոլոգների…