Ախալքալաքի շրջանի Կոթելիա գյուղում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հերոսների հուշահամալիրի տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։ Հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների համար մունիցիպալիտետը հայտարարել էր էլեկտրոնային մրցույթ։

Վերանորոգման աշխատանքների համար հայտարարված էլեկտրոնային մրցույթը հաղթել էր անհատ ձեռներց Լաշա Մետրեվելին՝ 21 835 հազար լարիով։

Հուշաքարին գրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված 80 հերոսի անուն-ազգանուն։

Հուշահամալիրի վերանորոգման հարցի քննարկման ընթացքում գյուղացիները որոշել էին կանգնեցնել նաև գյուղի հերոս Թամազ Մելիքիձեի հուշարձանը։ Ամեն տարի, օգոստոսի 8-ին նրա հիշատակի հարգանքի տուրքը մատուցվում է նրա գերեզմանին, որպեսզի այսուհետ արարողությունը մատուցվի հուշահամալիրի մոտ։ Թամազը զոհվել է 2008 թ.-ի օգոստոսյան պատերազմում: Նա 2008 թվականի օգոստոսի 6-ին ինքնակամ գնացել էր մարտական գոտի և զոհվել օգոստոսի 9-ի առավոտյան՝ ռմբակոծության հետևանքով։

Հերոսի հուշարձանի հետ կապված խոսել ենք գյուղի ներկայացուցիչ Մալխազ Աչելաշվիլիի հետ։

«Էլեկտրոնային մրցույթում ներառված չէր Թամազ Մելիքիձեի հուշարձանի տեղադրումը, բայց մենք գյուղի բնակիչներով ուզում ենք, որ այս հուշահամալիրի կողքին կանգնեցնենք նաև 2008 թվականի պատերազմում զոհված, Ախալքալաքի մունիցիպալիտետից միակ մասնակցի փոքրիկ հուշարձանը։ Այդ ամենի համար մենք պետք է համաձայնության գանք հերոսի ընտանիքի հետ, թե ինչպիսի տեսք պետք է ունենա, ինչ ձև պետք է լինի և այլ հարցեր։ Թե հետագայում ինչպես կանենք ֆինանսական կողմը և այլ աշխատանքներ դա կորոշենք»,-ասաց գյուղի ներկայացուցիչ Մալխազ Աչելաշվիլին։

Նշենք, որ հուշահամալիրի վերանորոգման համար արդեն երրորդ անգամն էր հայտարարվում էլեկտրոնային մրցույթ։

Լուսանակարը՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Facebook-յան կայքից։