Չնայած Ախալքալաքի մունիցիպալիտետում կարմրուկով հիվանդացողների քանակը նվազել է, սակայն օրվա ընթացքում մեկ-երկու դեպք այնուամենայնիվ բացահայտվում է։ Զուգահեռ ավելացել է նաև հիվանդության դեմ պատվաստվողների թիվը։

Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանն ասում է՝ կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր հիվանդանում են կարմրուկով, բայց անալիզ չեն հանձնում։

«Կարող եմ ասել, որ վարակի տարածման որոշակի անկում կա, սակայն այն չի անհետացել և տարածվում է։ Եթե մի օր անալիզները չտանեմ Ախալցիխե, ապա հաջորդ օրն անպայման մեկ կամ երկու մարդու անալիզ կտանեմ, որոնց մոտ հաստատվում է վարակը։ Սակայն, ուզում եմ նշել, որ շատերը կան, ովքեր չեն դիմում մեզ, անալիզ չեն հանձնում, բայց հիվանդ են»։

Վերջինս հավելում է, որ կարմրուկի դեմ պատվաստվող մարդկանց քանակը շատացել է, եթե նախկինում ամսվա ընթացքում ընդամենը երկու անձ էր դիմում պատվաստվելու համար, հիմա 15-ից 20 մարդ պատվաստվում է։

«Պատվաստվում են շատ ակտիվ, գյուղերի մասին խոսք չունեմ, բոլորը պատվաստվում են։ Ես ուրախությամբ եմ նշում, որ քաղաքի բնակիչները ևս սկսել են ակտիվ պատվաստվել։ Դա կախված է նաև հասարակությունում վախի զգացումից։ Ծնողներն ասում են, որ եղել են դեպքեր, երբ կարմրուկով հիվանդ երեխայի կողքը նստել է պատվաստված երեխա և չի վարակվել»,- ասում է Սիրանուշ Տոնականյանը։

Վերջին շրջանում կարմրուկը լայն տարածում էր գտել բանակայինների շրջանում, հիմա այնտեղ վարակի մի քանի դեպք է գրանցվում, գրեթե բոլորը վարակն ունեցել են։

Մասնագետը նաև նշում է, որ տարածված վարակներից, իհարկե՝ ամենաակտիվը սեզոնային գրիպն է։ Պատվաստումները հոկտեմբեր ամսից սկսված են։

Ընդհանուր Ախալքալաքի մունիցիպալիտետում 440 պատվաստում է արվել՝ տարբեր տարիքային խմբում, սկզբնական շրջանում ռիսկային խմբերի մարդկանց են պատվաստել, այնուհետև յուրաքանչյուր ցանկացող քաղաքացու։