Շուտով Սամցխե-Ջավախքի 26 հիվանդները Ախալքալաքի հիվանդանոցում հնարավորություն կունենան հեմոդիալիզի պրոցեդուրա անցնել: Դեռ ընթանում են նախապատրաստական աշխատանքները:
Սուր և քրոնիկ երիկամային անբավարարությունը հանգեցնում է հեմոդիալիզի անհրաժեշտությանը: Այս ընթացակարգը անցկացնող սարքավորումը սովորաբար կոչվում է «արհեստական երիկամ»: Հեմոդիալիզի ժամանակ տեղի է ունենում մարդու արյան միջից նյութափոխանակության տոքսիկ տարրերի հեռացում, ջրի և էլեկտրոլիտ հավասարակշռության խախտումների նորմալացում:
Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքերով, Ջավախքից 26 մարդ հեմոդիալիզի կարիք ունի, սակայն այդ ցուցանիշը անընդհատ աճում է:
«Մենք այս ուղղությամբ աշխատում ենք 2006 թվականից, այն ժամանակ Ֆրանսիայի հայ համայնքը ցանկացավ մեզ հեմոդիալիզի սարք նվիրել, սակայն ինչ-որ պատճառով Վրաստանի ֆինանսների նախարարության հետ չկարողացան պայմանավորվել այդ հարցի վերաբերյալ, և այն ժամանակ չստացվեց»,- պատմում է Ալեքսան Թորոյանը:
Շատերը, ովքեր այս ընթացակարգերի կարիքն ունեն, ստիպված էին տեղափոխվել Վրաստանի կամ Հայաստանի այլ քաղաքներ, քանի որ հեմոդիալիզի անհրաժեշտությունը շաբաթական 2 անգամ է կամ ավելի:
Ալեքսան Թորոյանի խոսքերով, սարքավորումն արդեն պատվիրված է և շուտով Թբիլիսիում կլինի, բայց կան նաև այլ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, մինչ սարքավորումը հասցվի Ախալքալաք:
«Միայն սենյակի հետ կապված խնդիրը մնաց, քանի որ բավականին մեծ տարածք է հարկավոր: Անհրաժեշտ է, հագուստը փոխելու սենյակ լինի հատուկ սարքավորումների համար և դիալիզի նյութերը պահելու համար, սարքերի ստերիլիզացման համար: Բավականին մեծ տարածք է հարկավոր, որը մեր կլինիկայի առաջին հարկում անհնար է տեղավորել, մասնագետների հետ միասին մենք արդեն գտել ենք հնարավորություններ, և մոտ մեկ ամսից կլուծվի սենյակի հարցը: Սենյակներում կապահովենք համապատասխան պայմաններ, և հուսով եմ, որ արագացված տեմպով մենք կկարողանանք ապահովել հեմոդիալիզի ծառայությունները», – ասում է նա:
Թեև 26 հոգի են գրանցվել, սակայն Ալեքսան Թորոյանն ասում է, որ «արհեստական երիկամների» կարիք ունեցողներն արդեն կլինեն 28-30 մարդ:
Հիվանդները իրենք են գրել դիմում սարքավորման անհրաժեշտության մասին և այդ դիմումների հիման վրա հիվանդանոցը բարձրացրեց դրա անհրաժեշտության հարցը:
Ճիշտ ամսաթիվը, երբ Ախալքալաքում կկարողանան անել հեմոդիալիզը, դեռ հայտնի չէ, բայց առնվազն 1-2 ամիս անց այն իրականություն կդառնա:
Քրիստինե Մարաբյան