Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները հետևում են անվտանգության հիմնական կանոններին` կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով: Սակայն խուճապ չկա: Jnews-ը հարցում է անցկացրել քաղաքի փողոցներում` պարզելու համար, թե ինչ իրավիճակ է տիրում Ախալքալաքում, արդյո՞ք բնակչության շրջանում կա մտավախություն Վրաստանում կորոնավիրուսի աճող դեպքերի առումով:

Ախալքալաքում միմյանց բարևելու սովորույթներն ու սովորությունները չեն նպաստում վիրուսից պաշտպանվելուն, քանի որ այստեղ, հատկապես տղամարդկանց շրջանում, ընդունված է հանդիպման ժամանակ միմյանց ձեռքսեղմումով բարևել, իսկ հաճախ էլ՝ գրկախառնությամբ:

Ըստ Ախալքալաքի բնակչի՝ Արմենի, նա միշտ ձեռքսեղմումով է բարևում մարդկանց, և նա հիմա չի կարող հրաժարվել այդ սովորությունից: Բայց զգուշանում է:

«Ելնելով այն հանգամանքից, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել վարակված անձից մյուսին, ձեռքսեղմումից հետո ես հաճախ եմ լվանում ձեռքերս և աշխատում եմ չգրկախառնվել», – ասում է նա:

Ախալքալաքում կորոնավիրուսի առնչությամբ խուճապ չկա, այս մասին պարզ դարձավ մեր հարցումից հետո: Մենք զրուցեցինք պատահական անցորդների հետ: Թվով 20 մարդու հետ զրուցեցինք, ասացին, որ տեղեկացված են, թե ինչպես պաշտպանվել վարակվելուց:

Երիտասարդները, ընդհանուր առմամբ, լուրջ չեն վերաբերվում և գտնում են, որ կորոնավիրուսը ոչնչով չի տարբերվում այլ վիրուսներից՝ սուր շնչառական հիվանդություններից և սուր շնչառական վիրուսներից:

Ավագ սերունդը նույնպես խուճապի չի մատնվում, այնուամենայնիվ, իրենք իրենց և երիտասարդ սերնդին պաշտպանելու համար ձեռնարկում են որոշակի նախազգուշական միջոցառումներ:

Տաքսու վարորդ Արթուրը սպիրտ է լցրել փոշեցրի մեջ և այն անընդհատ պահում է իր մեքենայում: Նա հաճախ ախտահանում է ձեռքերը այդ սպիրտով, հիմնականում «կասկածելի» ձեռքսեղմումներից հետո:

Կորոնավիրուսի տարածման վտանգից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հանդիպումների ժամանակ հրաժարվել գրկախառնվելու և համբուրվելու սովորությունից, և նույնիսկ ձեռքսեղմումով բարևելուց, մանավանդ, եթե մարդը հարբուխի նախանշաններ ունի:

Չնայած այն հանգամանքին, որ մունիցիպալիտետում առանձնապես խուճապ չկա, քաղաքի դեղատներում վաճառվել են բոլոր բժշկական դիմակները և հակասեպտիկ դեղամիջոցները:

Ախալքալաքի բնակիչ Արթուրը մտահոգված է, որ դեղատներում դիմակներ չկան:

Հարցին, թե ինչու է անհանգստանում այդ կապակցությամբ, ուզում է արդյո՞ք նա դիմակ կրել, պատասխանեց. «Համենայն դեպս, ես կցանկանայի ունենալ»:

Հիշեցնենք, որ այս պահին Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավիրուսի գրանցված ոչ մի դեպք չկա: Վրաստանում հաստատվել է վարակման 12 դեպք, որից մեկի վիճակը կրիտիկական է:

Բրատիսլավ Իգիթխանյան