Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շտապ խորհրդակցություն է հրավիրում փորձագետների մասնակցությամբ, կապված «կապիկի ծաղիկ» հիվանդության տարածման հետ։

Հիվանդության մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում։ Դեպքեր են գրանցվել նաև Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեդիայում և Ավստրալիայում, գրում է BBC-ն։

Մինչ օրս «կապիկի ծաղիկը» տարածված էր հիմնականում Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում։

Հիվանդությունը մահացու չէ, սովորաբար, ընթացքը համեմատաբար մեղմ է, հիվանդների մեծ մասը լավանում է մի քանի շաբաթվա ընթացքում։ Վիրուսը հեշտությամբ չի փոխանցվում մարդուց մարդուն, ուստի զանգվածային վարակման ռիսկը ցածր է։

Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։

Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։