Ախալքալաքում հոկտեմբերի 1-ից 8-ը պաշտոնապես գրանցվել է երեխաների կարմրուկի 17 և մեծահասակների 4 դեպք, սակայն իրականում դեպքերն ավելի շատ են ու այս ամենի հետ բժիշկները նույնպես համաձայն են։ Ինչ պետք է անեն ծնողներն այս իրավիճակում՝ խորհուրդ է տալիս համաճարակաբան Գայանե Ֆիդանյանը։
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի խոսքով, կարմրուկի ախտանիշներով հիվանդ իրենց մոտ ամեն օր գալիս են: Նրա խոսքով, համաճարակից խուսափելու համար անհրաժեշտ է, որ մինչև 15 տարեկան բոլոր երեխաները պատվաստվեն։ Նաև պարտադիր է 72 ժամվա ընթացքում պատվաստեն վարակված անձի հետ շփվողներին: Գայանե Ֆիդանյանն ասում է, որ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցը պատրաստ է, պատվաստման համար բուժքույր տրամադրել, որպեսզի նա գնա բնակիչների տներ և պատվաստի երեխաներին։ Պատվաստանյութը սկսում է գործել երկու շաբաթ անց։ Եթե երեխաներն արդեն հիվանդացել են, պատվաստումն այլևս անհրաժեշտ չէ, նրանք արդեն ունեն իմունիտետ:
«Ամեն օր ունենք դիմողներ, եթե կարմրուկը թեթև ընթացք ունի, ուրեմն մենք իրավունք ունենք տանը բուժել։ Իսկ բարդությունների դեպքում ուղարկում ենք Թբիլիսի, քանի որ չունենք ինֆեկցիոն բաժանմունք, իրավունք չունենք բուժել նման հիվանդներին։ Ունենք վարակիչ հիվանդությունների կիսասենյակ, որտեղ իրավունք ունենք հիվանդին միայն մի քանի ժամ պահել։ Իսկ եթե նկատում ենք կլինիկական բարդություններ՝ թոքաբորբ, բարձր ջերմություն, որը չի նվազում, մենինգիտի ախտանիշներ, ապա ուղարկում ենք Թբիլիսի»,- ասում է Գայանե Ֆիդանյանը։
Ախալքալաքում կարմրուկի առաջին դեպքը գրանցվել է մայիսին, սակայն ամռանը դեպքեր չեն գրանցվել, թեև կարմրուկը տարածվում էր։ Շատերը, եթե հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների, չեն դիմում բժշկի։
«Եթե մենք ամռանը պատվաստեինք կարմրուկով հիվանդների բոլոր կոնտակտներին, այժմ իրավիճակը բոլորովին այլ կլիներ։ Իմ կանխատեսմամբ, ամբողջ ձմեռ կունենանք կարմրուկի դեպքեր, գարնանը համաճարակ կլինի, մինչև բոլոր երեխաները հիվանդանան ու առողջանան»,- ասում է Գայանե Ֆիդանյանը։
Ախալքալաքում շատ տարածված է նաև սեզոնային հիվանդությունը՝ Սուր շնչառական (ռեսպիրատոր) վիրուսային վարակը, համաճարակաբանը չի բացառում նաև Covid-ը, որն արդեն անցնում է առանց որևէ բարդության: Մունիցիպալիտետում սեզոնային վիրուսների և վարակների պատճառով հանրային դպրոցներում հաճախումները նվազել են, մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզները մեկ շաբաթով փակվել են։
Համաճարակաբանի խոսքով, պատվաստանյութը ձեռք բերելուն պես Ախալքալաքի հիվանդանոցում կսկսվեն գրիպի դեմ պատվաստումները։ Գրիպի դեմ պատվաստումն անվճար է այն խմբերի համար, ովքեր ունեն հիվանդության բարդությունների բարձր ռիսկ: Սրանք շաքարախտով հիվանդ մարդիկ են, դիալիզ ստացող անձինք, հեպատիտ C-ով տառապող մարդիկ (միայն նրանք, ովքեր բուժման մեջ են), ՄԻԱՎ վարակով/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդիկ, օրգանների փոխպատվաստումներով և կիստիկական ֆիբրոզով անձինք, 60 տարեկան և ավելի տարեցները, հղի կանայք, հանրային հաստատությունների (դպրոցների) ուսուցիչները, մանկատների (ներառյալ փոքր ընտանեկան տիպի տների) և ծերանոցների շահառուները և նրանց ծառայող անձնակազմը, բժշկական անձնակազմը և այլք: