Ախալքալաքում լայն տարածում գտած սուր վիրուսային, խիստ վարակիչ կարմրուկ հիվանդությունը դեռ ակտիվ է։ Ներկա դրությամբ՝ այն լայն տարածում է գտել բանակայինների շրջանում։ Դպրոցներում դեպքերի թիվը սկսել է նվազել։ Ինչ վերաբերվում է սեզոնային գրիպին, ապա դեպքերը շատ են։
Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը նշեց, որ գրիպի պատվաստանյութը արդեն մունիցիպալիտետում է, ցանկացողները կարող են պատվաստվել։
«Այսօրվանից կսկսենք պատվաստումները սեզոնային գրիպի դեմ։ Ստացել ենք պատվաստանյութերը, բաժանում ենք բոլոր բուժկետերին։ Այսօրվա դրությամբ պատվաստում ենք ռիսկային խմբում գտնվողներին․ հեմոդիալեզ կատարող մարդկանց, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-վ հիվանդներին, հեպատիտ, շաքարային դիապետ ունեցողներին, իսկ մյուս քաղաքացիներին կսկսենք նոյեմբերի 6-ից։ Պատվաստումը բոլորի համար անվճար է։ Գրիպի տարածումը չի կարող չտարածվել, քանի որ երեխաները հիվանդանում են, շփվում են միմյանց հետ ու տարածում։ Եթե մարդիկ ուզում են, որ չհիվանդանան, ապա պատվաստումը պարտադիր է, ուրիշ տարբերակ չկա»,-ասում է Սիրանուշ Տոնականյանը։
Նա նշում է՝ պետք չէ պատվաստվել այն ժամանակ, երբ տվյալ անձը շփվել է հիվանդ անձի հետ և անցել է 72 ժամ, կամ հիվանդացել է ու անցել է մի քանի օր, մարդը դեռ իրեն լիարժեք լավ չի զգում։
Ինչ վերաբերվում է կարմրուկին, ապա այն հիմա լայն տարածում է գտել բանակայինների շրջանում։
«Ամեն օր 2-5 հոգի վարակվում են, ստուգումների ժամանակ ասացինք, որ տուն թողենեն այն անձանց, ովքեր արդեն վարակված են, բայց բոլորը մնացին միասին, այդ պատճառով էլ դեպքերը օրեցօր շատանում են։ Բայց ուզում եմ նշել, որ փառք Աստծո, դեռ բարդ դեպքեր չունենք»,- հավելեց Սիրանուշը։
Թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանի հետ զրույցում պարզեցինք, որ այս շաբաթվանից երեխաների հաճախումը կարգավորվել է, սակայն կան ինչպես գրիպի, այնպես է կարմրուկի դեպքեր։ Մոտ 5-6 երեխայի մոտ կարմրուկ կա հաստատված, տարբեր դասարաններից։ Տարածման սկզբնական շրջանում այս դպրոցում դեպքեր չեն հաստատվել, այնուհետև սկսվել է երկու աշակերտից, հիմա թիվը հասել մինչև 5-6-ը։ Դպրոց չեն հաճախում ոչ միայն այն երեխաները, ովքեր վարակակիր են, այլև նրանք, ովքեր այդ երեխաների հետ նույն հարկի տակ են ապրում։
Թիվ 2 դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանի խոսքով, երեխաների հաճախելիությունը բարձրացել է, իսկ կարմրուկի և սեզոնային գրիպի դեպքերը նվազել են, մի քանի երեխա կա հիվանդ:
Թիվ 3 դպրոցի տնօրեն Նինո Սուդաձեն մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ պաշտոնապես ոչ մի ծնող տնօրինությանը չի տեղեկացրել կարմրուկով հիվանդ երեխաների մասին, իսկ աշակերտների հաճախելիությունը նորմալ է։
Թիվ 4 դպրոցի տնօրեն Գայանե Կարախանյանի խոսքով, կարմրուկի դեպքեր կան, սակայն արդեն նվազել են։ Կան նաև այնպիսի երեխաներ, ովքեր տանն են մնում, քանի որ վարակի կասկածներ կան։ Բացակաների թիվը բավականին նվազել է։
Թիվ 5 դպրոցում հիմա շատ բացականեր չկան, ինչպես առաջ, դպրոցի տնօրեն Նազենի Մոսոյանը նշեց, որ բացակաների պատճառը սեզոնային գրիպի դեպքերն են, դեռ կարմրուկի հաստատված դեպքեր չունեն։
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։ Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունները համարվում են թոքաբորբերը: Նյարդաբանական բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր և տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։Կարմրուկի ավելի ծանր բարդություններից են էնցեֆալիտները՝ գլխուղեղի բորբոքումները, հեպատիտները, ենթաստամոքսային գեղձի բորբոքումները, արյունազեղումները, տրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, սրտամկանի բորբոքումները, եղջերաթաղանթի բորբոքումները: