Ախալքալաքի քաղաքապետարանն ընդունեց Ջավախքցի մարզիկներին, ովքեր վերջերս Իտալիայում կայացած քիքբոքսինգի աշխարհի առաջնությունում նվաճել են չեմպիոնի տիտղոսը և մրցաշարի մրցանակային տեղեր։ Մարզիկներին, ծնողների և մարզիչների հետ, հրավիրել էին շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու նպատակով։

Երեկ՝ նոյեմբերի 14-ի առավոտյան, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ընդունեց քիքբոքսինգի պատանի մարզիկներին։ Միջոցառմանը ներկա էին նաև փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև մարզիկների ծնողներն ու մարզիչները։

Մելքոն Մակարյանը շնորհավորեց մարզիկներին հաղթանակի կապակցությամբ, մաղթեց հետագա ձեռքբերումներ սպորտում։

«Շնորհավորում եմ մարզիկներին և մարզիչներին այս հաղթանակի առիթով, մաղթում եմ առողջություն, էլ ավելի մեծ հաղթանակներ և նորանոր ձեռքբերումներ, ինչպես մեր մարզիկներին, այնպես էլ նինոծմինդացի մարզիկներին, սա համատեղ ձեռքբերում է: Շնորհակալություն Ձեզ նման առողջ սերունդ դաստիարակելու համար։ Այս հաղթանակը մյուս երեխաների համար խթան է, որպեսզի սպորտով զբաղվեն։ Այսօրվա դրությամբ մենք կես միլիոն լարի ենք ծախսում սպորտի վրա, մեր մունիցիպալիտետի երեխաների համար»,- ասաց Մելքոն Մակարյանը։

chempionn

Քաղաքապետն իր խոսքը եզրափակեց ասելով, որ հաջորդ տարի տեղական բյուջեն կկրկնապատկվի, և նպատակային միջոցներ են լինելու, որոնք իրենք կծախսեն մունիցիպալիտետում սպորտի զարգացման համար։

«Մունիցիպալիտետում կունենանք տարբեր մարզաձևերի զարգացման համար նախատեսված մարզադահլիճներ: Մենք որոշել ենք զարգացնել ծանրամարտը, ինչը հեռանկարային է այստեղ: Գյուղերում արդեն փոքր մարզադահլիճներ ենք կառուցում ու աստիճանաբար զարգանում ենք»,- ասաց Մելքոն Մակարյանը։

Փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը նույնպես շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց մարզիկներին և նրանց ծնողներին։

Ծնողներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին տեղական իշխանություններին սպորտի զարգացմանն աջակցելու և մարզիկների միջազգային սպորտային մրցումների տրանսպորտավորման համաֆինանսավորման համար։

Մարզիկները քաղաքապետ Մելքոն Մակարյանին և փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանին նվիրեցին Իտալիայից բերված հուշանվեր։

chempion suvenir

Նշենք, որ նոյեմբերի 10-ին Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկած քիքբոքսինգի աշխարհի 15 տարեկանից բարձր երիտասարդների առաջնությանը Ջավախքից մասնակցում էր 6 մարզիկ, բոլորն էլ վերադարձել են մեդալներով։ Երեք մարզիկ դարձել են աշխարհի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ, երկու մարզիկ՝ արծաթե, իսկ մեկ մարզիկ՝ բրոնզե մեդալ:

Մարզիկներին մարզում են Սերգեյ Տոնականյանը և Անդրանիկ Աբելյանը։

Աշխարհի երեք չեմպիոն Ջավախքից. քիքբոքսինգի մրցումների արդյունքները

Սաթխա գյուղից մարզիկը անցել է Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ