Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ կիրակի օրը, 93 տարեկան հասակում մահացել է ազգությամբ հայ լեգենդար ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը։
Օլիմպիական չեմպիոնի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Ցավով եմ ապրում անվանի ծանրորդ Ռաֆայել Չիմիշկյանի մահը։ Նրա մարզական նվաճումները Ռաֆայել Չիմիշկյանին դարձրին վրացական սպորտի իսկական լեգենդ, համաշխարհային ծանրամարտի կարկառուն դեմքերից մեկը։
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում պարոն Ռաֆայելի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,- ասել է վարչապետը։
Ռաֆայել Չիմիշկյանին շնորհվել է «20-րդ դարի Վրաստանի լավագույն ծանրորդ» և «Սպորտի ասպետ» կոչումները։ Նա աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն։
Ռաֆայել Չիմիշկյանը, Դավիթ Ցիմակուրիձեն և Մզիա Ջուգելին դարձան Վրաստանի առաջին ներկայացուցիչները, ովքեր խորհրդային հավաքականի կազմում նվաճեցին օլիմպիական ոսկե մեդալներ։
Չիմիշկյանը հանդիսանում է աշխարհի երկրակի չեմպիոն (1954 և 1955թթ..), Եվրոպայի վեցակի չեմպիոն (1950, 1952, 1954, 1955, 1956, 1957) և ԽՍՀՄ հնգակի չեմպիոն (1949, 1951, 1954, 1955, 1960):