Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում ձմեռային հանգստի կենտրոնն սկսեց գործել փետրվարի սկզբից: Այստեղ այցելում են հիմնականում գյուղի դպրոցականները: Ակտիվ ձմեռային հանգստի համար Կենտրոնի անվճար ծառայություններից օգտվել ցանկացողներ չկան:
Այս տարի գյուղում ձմեռային հանգստի կենտրոնը նախորդ տարիների համեմատ սկսեց գործել բավականին ուշ, քանի որ բավարար քանակի ձյուն չէր տեղացել:
Կենտրոնն աշխատում է ամեն օր՝ 14:00-ից 17:00-ն, սակայն այլ վայրերից ժամանող հյուրերի թիվն այստեղ շատ չէ:
Փոքրիկ տնակում, որը գտնվում է եղևնիների միջև, կան բոլոր անհրաժեշտ պայմաններն այցելուների հարմարավետությունն ապահովելու համար: Երկհարկանի տան վերնահարկում 6 հոգու համար նախատեսված ննջասենյակ կա, առաջին հարկում՝ խոհանոց, բաղնիք և պահեստանոց:
Ըստ մարզիչ Սպիրիդոն Հունանյանի, կենտրոնի մատուցած բոլոր ծառայություններն անվճար են:
Հիմնականում այստեղ են գալիս գյուղի ուսանողները, երբեմն այցելուները հարևան գյուղերից և Ախալքալաքից են լինում, բայց այդպիսի օրերը շատ քիչ են:
«Այս տարի սկսեցինք գործել բավականին ուշ, բայց դա մեզանից չէր կախված, այլ եղանակային պայմաններից», – ասում է Սպիրիդոն Հունանյանը:
Jnews-ի հետ զրույցում մարզիչ Մերուժան Քուրդօղլյանը բացատրում է, որ հարկավոր է առնվազն 20 սմ ձյուն և ուժեղ սառնամանիք, որպեսզի մարդիկ կարողանան դահուկներով սահել:
Կենտրոնում աշխատում է 2 մարզիչ, նրանք բոլորին մարզում են մեծ սիրով և համբերատարությամբ:
Արագվայի դահուկավազքի կենտրոնն օրական մոտ 50 այցելու է ունենում, բոլորն էլ հիմնականում գյուղի դպրոցի աշակերտներն են: Ըստ Սպիրիդոն Հունանյանի՝ կենտրոնը մի շարք խնդիրներ ունի. Դահուկների, սպորտային համազգեստի պակաս և այլն:
Ըստ մարզչի, այստեղ դահուկ քշելու կարող են գալ բոլորը՝ 7 տարեկանից սկսած, ինչպես տղաներ, այնպես էլ աղջիկներ: Եթե այցելուները չգիտեն, թե ինչպես պետք է դահուկներով սահել, ապա առաջին հերթին նրանք մարզվում են դահուկավազքի համար նախատեսված փոքր տարածքում և, երբ պատրաստ են լինում, նրանք ճոպանով բարձրանում են լեռնադահուկային ուղու սկիզբը, որը հատուկ նախատեսված է դահուկորդների համար, և այնտեղից իջնում են լանջից:
Դահուկավազքային ուղու ընդհանուր երկարությունը կազմում է 280 մետր:
Միայն պրոֆեսիոնալ դահուկորդներին է թույլատրվում սահել գլխավոր ուղու վրայով։
Բրատիսլավ Իգիթխանյան