Ախալքալաքի մունիցիպալիտետի «Օգնություն գյուղին» ծրագրի (ՕԳԾ) առաջնահերթ աշխատանքներն արդեն որոշվել են: Սակրեբուլոն հաստատել է այդ աշխատանքները։ Գյուղի բնակիչներն ընտրել են 71 առաջնահերթ աշխատանքներ: Գյուղերի մեծ մասը, ինչպես և անցյալ տարի, ընտրել է փողոցների լուսավորության անցկացումը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի 64 գյուղ ընտրել է 71 առաջնահերթ աշխատանք, հինգ գյուղ ընտրել է երկուական աշխատանք, մեկ գյուղ՝ Ալաթումանը՝ երեք, իսկ մնացածը՝ մեկական առաջնահերթություն: Առաջնահերթությունների մեծ մասը լուսավորության անցկացում է, տվյալ աշխատանքը ընտրել է 21 գյուղ։ 8 գյուղ ընտրել է ծիսական տների վերականգնումը, 7-ը՝ խմելու ջրի համակարգի վերականգնումը, 3 գյուղ ընտրել է ոռոգման համակարգի վերականգնումը։
Կան նաև լայնամասշտաբ աշխատանքներ, ինչպես, օրինակ՝ Խավեթ գյուղում մարզասրահի կառուցումը, Կուլիկամում՝ մարզադահլիճի շենքը։ Մեկ տարում այս աշխատանքները հնարավոր չէ իրականացնել ՕԳԾ-ի միջոցներով։
Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, այս տարի, որպեսզի աշխատանքներն ավարտվեն, գյուղերին, ՕԳԾ գումարի մինչև 200 տոկոսի չափով կարող են ավելացնել։
Պետական աուդիտի ծառայությունը մունիցիպալիտետի 2021-2022 թվականների աշխատանքների հաշվետվության մեջ նշել է, որ բնակչությունը չի տեսնում ՕԳԾ որոշ աշխատանքների արդյունքները, անավարտ ծրագրեր չպետք է լինեն, ՕԳԾ-ով նախատեսված աշխատանքները չպետք է տևեն 2-3 տարի։ Ուստի այս տարի Ախալքալաքի քաղաքապետարանը որոշել է, նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, ՕԳԾ-ի գումարներին ավելացնել գումար։
«ՕԳԾ-ի գումարի մինչև 200 տոկոսը կարող ենք ավելացնել, բայց ոչ ավելի, քան 30 հազար լարի, հիմա նախագծերն են մշակվում, դեռ չեմ կարող ասել, թե քանի գյուղի համար կավելացվի և որքան, բայց ամեն դեպքում մենք կավելացնենք»,- ասաց Արա Մովսիսյանը։
Նրա խոսքով, նախագծանախահաշվային գծագրերը կազմելու համար, ժամանակ խնայելու միտումով, քաղաքապետարանը ուղիղ պայմանագրեր է կնքել երեք նախագծողի հետ։
Մովսիսյանն ասաց, որ միգուցե այն գյուղերը, որոնք ընտրել են 2-3 առաջնահերթություն, ֆինանսների սղության պատճառով թողնեն միայն մեկ աշխատանք: