Զինվորական հենակետի մոտ հերթեր, վրացի զինվորականների հետ հաղորդակցության խնդիրներ, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակային սահմանափակումներ, դժվարանցանելի ճանապարհ ու մոլլայի երգ, որը շտապեցնում է մարդկանց րոպե առաջ տունդարձի ճանապարհը բռնել, խնդիրների այս շարքը, որոնց ամեն օր բախվում են սահմանամերձ Խավեթ գյուղի բնակիչները, կարելի է երկար շարունակել։

Խավեթը գտնվում է Ախալքալաքից 32 կիլոմետր հեռավորության վրա, Թուրքիայի հետ սահմանին։ Իրենց իսկ գյուղի դաշտեր հասնելու համար Խավեթի բնակիչները պետք է անցաթերթիկ և անձնագիր ներկայացնեն: Եթե գյուղացին չունի նշված փաստաթղթերից որևէ մեկն իր հետ, ապա դաշտ չի կարող հասնել։ Գյուղին պատկանող դաշտեր չեն կարող գնալ նաև այն բնակիչները, որոնք այլ երկրի քաղաքացիներ են։ Անցաթերթիկը գյուղացիներին տրվում է երեք ամսյա (հուլիս, օգոստոս, սեպտեմբեր) ժամկետով: Ինչպես անցաթերթիկը ստանալիս, այնպես էլ զինվորական հենակետը հատելիս բնակիչները հաղորդակցության խնդիր են ունենում: Վրաց զինվորականները ռուսերեն չեն հասկանում, իսկ խավեթցիները՝ վրացերեն:

Դաշտերը, որտեղ խոտ են հնձում, գյուղացիներն Աբլաղ են անվանում։ Խորհրդային ժամանակներում մարդիկ այստեղ խմբերով են աշխատել, հետո այդ խմբերի անդամները շարունակել են օգտագործել տարածքները: Աբլաղի հողերը սեփական չեն, սակայն գյուղի ոչ բոլոր բնակիչներն են օգտվում այդ հողատարածքներից։

xavet_4

Մինչև մոլլայի երգը

Խավեթ գյուղին պատկանող սահմանամերձ դաշտերում մարդիկ իրավունք ունեն աշխատելու առավոտյան ժամը 09:00-ից մինչև երեկոյան 18:00-ն։

Աբլաղում պարզ լսվում է մոլլայի երգը, որը հնչում է թուրքական բնակավայրերից:

«Մոլլան առաջին անգամ երգեց՝ աբեդն է, երկրորդ անգամ երգեց՝ տուն գալու ժամը», – ասում է Խավեթ գյուղի բնակիչ Մեսրոպ Կարապետյանը։

Մոլլայի երգը օրական երկու անգամ է լսվում Խավեթի դաշտերում՝ ժամը 13։20-ին և 17։20-ին: Երկրորդը գյուղացիներին հուշում է, որ տուն գնալու ժամանակն է, քանի որ հեռախոսային կապն այստեղ անհասանելի է, իսկ զինվորական հենակետը դաշտերից բավականին մեծ հեռավորության վրա է գտնվում:

Ժամային դիսբալանսը մարդկանց դրդում է առաջնորդվել մոլլայի երգով։ Մոլլայի երկրորդ երգից հետո մարդիկ շտապում են, հնարավորինս արագ ավարտում գործն ու ճանապարհ ընկնում, որպեսզի չմնան վերջում, չէ որ տեխնիկայի հետ խնդիր ունենալու դեպքում նույնիսկ օգնության կանչել չեն կարողանա: Եվ ստիպված կլինեն ամեն ինչ թողնել և տասնյակ կիլոմետրեր ոտքով անցնել, որպեսզի տուն հասնեն:

«Մի անգամ գործս ձգձգվելու պատճառով չհասցրեցի շուտ տուն գալ և մնացի մենակ, տրակտորը, երբ նոր էի ճանապարհ ընկել, փչացավ, և ստիպված եղա մի քանի կիլոմետր ոտքով քայլել, մինչև հեռախոսային կապը վերականգնվեց և կարողացա գյուղից օգնության կանչել», – ասում է Խավեթի բնակիչ Նորայր Մկրտչյանը, ով ամեն տարի խոտհունձի ժամանակ բախվում է տարբեր խնդրիների:

xavet_2

Աբլաղը գտնվում է գյուղից 11 կիլոմետր հեռավորության վրա, ճանապարհը վատ վիճակում է, տեղ-տեղ նույնիսկ վտանգավոր, ինչը հավելյալ դժվարություներ է ստեղծում գյուղացիների համար խոտը տուն հասցնելու գործում։

Ամռան ամիսներին երբ սկսվում է խոտ հնձելու սեզոնը, գյաղացիների առօրյան սկսվում է զինվորական հենակետում հերթ կանգնելուց և ավարտվում մոլլայի երգով։

«Ճիշտ է հողատարածքների պակաս գյուղը չունի, բայց դժվարություները շատ են, ստիպված ենք, մեր ապրուստի միջոցը դա է, ինչ անենք»,- ասում են խավեթցիները:

Գրիշա Մկրտչյան