նորություններ 9 Սեպտեմբերի, 2026 • Ախալքալաքում սկսվել է կենտրոնական մարզադաշտի վերակառուցումը

Մի քանի ամիս սպասումից հետո Ախալքալաքում վերջապես սկսվեցին կենտրոնական մարզադաշտի վերակառուցման աշխատանքները։ Աշխատանքները մեկնարկեցին ուշացումով ու առաջին փուլում նախատեսում են ֆուտբոլի դաշտի ամբողջական նախապատրաստում, հին տրիբունայի ապամոնտաժում և նոր ենթակառուցվածքների ստեղծում։ Նախագծի արժեքը կազմում է մոտ 4,76 միլիոն լարի։

Աշխատանքները մեկնարկել են երեք օր առաջ։ Այս փուլում դրանք իրականացնում է ANNIMA ընկերությունը։

Աշխատանքների իրականացման մրցույթը շահել է «Սաթավե+» ՍՊԸ-ն։ Վերականգնողական աշխատանքներն իրականացվում են Վրաստանի Մունիցիպալ զարգացման հիմնադրամի (MDF) օժանդակությամբ։ Ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2025 թվականի նոյեմբերի 6-ին։

Ներկայում ֆուտբոլի դաշտից հանվում է հողի վերին շերտը, որպեսզի նախապատրաստեն նոր ծածկույթի հիմքը։ Հին տրիբունայից արդեն ապամոնտաժվել են նստարանները։ Հետագայում գործող տրիբունան ամբողջությամբ քանդվելու է, տարածքը հարթեցվելու է, ու նոր տրիբունան կառուցվելու է նախկինի տեղում։

Սկզբնական նախագծով, 300 հանդիսատեսի համար նախատեսված նոր տրիբունան, նախատեսվում էր կառուցել գործող տրիբունայի դիմաց։ Սակայն, տեղական իշխանությունների խնդրանքով, նախագիծը փոփոխվեց։ Տրիբունան կունենա ծածկ։

stadion 1

Աշխատանքների պատասխանատու Վանո Լափաչիի խոսքով, աշխատանքները սկսվել են համապատասխան հանձնարարականը ստանալուց անմիջապես հետո։ Շինարարությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ եղանակային պայմանները թույլ կտան աշխատանքներ իրականացնել։

«Մենք հնարավորինս ակտիվ աշխատում ենք, սակայն ամեն ինչ կախված է եղանակից։ Քաղաքապետարանը հողի համար տարածք է հատկացրել, և մեքենաները հողը տեղափոխում են այնտեղ։ Մենք իրականացնում ենք ֆուտբոլի դաշտի վերակառուցման նախապատրաստական աշխատանքները։ Դաշտը կծածկենք բալաստով, որպեսզի հիմքը ամուր լինի», — ասաց աշխատանքների ղեկավար Վանո Լափաչին։

Ֆինանսավորման հիմնական մասը նախատեսված է ֆուտբոլի դաշտի վերակառուցման համար։ Նախատեսվում է ապամոնտաժել հին ծածկույթը, բետոնապատել հիմքը, այնուհետև տեղադրել 55 մմ հաստությամբ արհեստական խոտածածկ։

Աշխատանքների ղեկավարի խոսքով, վերականգնման աշխատանքների ավարտից հետո մարզադաշտը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին։

Նախագիծը նախատեսում է նաև մարզադաշտի դարպասների վերակառուցում և անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքների ստեղծում։

Մարզադաշտի տարածքում նախատեսվում է կառուցել օժանդակ շենքեր, որտեղ կտեղակայվեն վարչական տարածքներ, մարզիչների և մրցավարների սենյակներ, հանդերձարաններ, անվտանգության ծառայության համար նախատեսված տարածքներ ու այլ անհրաժեշտ օբյեկտներ։ Նոր ենթակառուցվածքային շենքերը կկառուցվեն մարզադաշտի ձախ հատվածում։

stadion2

Մարզադաշտի ամբողջ տարածքը կփակվի 2 մետր բարձրության ցանցապատ մետաղական ցանկապատով։ Նոր շենքերը կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և ամբողջությամբ հարմարեցված կլինեն սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար։

Նշենք, որ «Աբուլ» թիմի, այս մրցաշրջանում, Ախալքալաքում նախատեսված տնային հանդիպումները կանցկացվեն Դիլիսկա գյուղի մարզադաշտում։ Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում «Աբուլ» թիմն Ախալքալաքում կանցկացնի վեց հանդիպում։

Ախալքալաքի ֆուտբոլային մարզադաշտը կվերականգնվի

Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտի վերանորոգումը կսկսվի մեկ ամսից
Ինչու չի սկսվել Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտի վերանորոգումը

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝