նորություններ 4 Սեպտեմբերի, 2026 • Երկար տարիների սպասումից հետո բնական գազը հասավ Սուլդա և Դադեշ գյուղեր

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա և Դադեշ գյուղերում տեղի ունեցավ գազամատակարարման բացման հանդիսավոր արարողությունը։

Երկար տարիների սպասումից հետո բնական գազը վերջապես հասավ Սուլդա և Դադեշ գյուղեր։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, «SJGC» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր Վիլեն Ղազարյանը, «SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը, ընկերության աշխատակիցներ, պատգամավորներ ու գյուղերի բնակիչներ։

gaz sulda2

Սուլդա գյուղում ընկերությանը և տեղական իշխանություններին շնորհակալություն հայտնեց Սայաթ Ջանոյանը։

sulda gaz

«Այսօր մեր երազանքն իրականություն դարձավ։ Շնորհավորում եմ բոլորիս։ Շնորհակալություն բոլոր նախաձեռնողներին և նրանց, ովքեր իրականացրին այս ծրագիրը։ Մեր խնդրանքն անուշադրության չմատնվեց։ Այսօր մեզ մոտ տոն է», — իր ողջույնի խոսքում ասաց Սայաթ Ջանոյանը։

gaz sulda1

Դադեշ գյուղում գազամատակարարման բացման ժամանակ ընկերության սեփականատեր Վիլեն Ղազարյանը, բնական գազով կրակը վառելուց հետո, շնորհավորեց ներկաներին և, մասնավորապես, ասաց.

«Շնորհավորում եմ բոլորիդ։ Ձեր վճարումները կազմելու են ներդրված գումարի ընդամենը 10 տոկոսը, բայց, այնուամենայնիվ, սա շատ կարևոր է։ Տարածքը քարքարոտ էր, սակայն մենք, ինչպես նախատեսել էինք, աշխատանքներն իրականացրինք ժամանակին և արագ»։

gaz dadesh3

Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը նույնպես շնորհավորեց Դադեշի բնակիչներին և նշեց, որ տեղական իշխանությունների համագործակցության և ընկերության սեփականատիրոջ կամքի շնորհիվ գյուղը ստանում է կապույտ վառելիք։

gaz dadesh

«Հարգելի հյուրեր, դադեշցիներ, այսօր ձեզ մոտ տոն է։ Կապույտ վառելիքի մուտքը ձեր գյուղ խորհրդանշում է ձեր գյուղի զարգացման նոր փուլը։ Շնորհավորում եմ բոլորիդ։ Ընկերության սեփականատիրոջ և աշխատակիցների ցանկության շնորհիվ, ովքեր իրականացրին այս հրաշալի գործը, գազաֆիկացումը, երևի թե հեռավոր գյուղերի գազաֆիկացումը մեզանից հսկայական ներդրումներ կպահանջեր։ Սակայն մեր համագործակցության, սեփականատիրոջ ցանկության, ինչպես նաև բնակիչների մասնակցության շնորհիվ այն իրականացվեց։ Բիզնեսն ու պետությունը հասան արդյունքի», — ասաց Ռուբեն Պալյանը։

Պետությանը և «SJGC» գազաբաշխիչ ընկերությանը շնորհակալություն հայտնեց նաև Դադեշ գյուղի բնակիչներից մեկը։

gaz gagesh

«Բնական գազը մտավ մեր տներ։ Մեզ մոտ տոն է։ Մեր նվիրական երազանքն իրականացավ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել տեղական իշխանություններին և ընկերությանը՝ իրենց աշխատանքի և ջանքերի համար։ Գազը հասավ մեր տներ։ Ձմռանը մեր բնակչությունը գազ կունենա», — ասաց նա։

Արարողությունից հետո Դադեշ գյուղի եկեղեցու բակում տեղի ունեցավ փոքրիկ համերգ, Դադեշ գյուղի պարային խմբի մասնակցությամբ։

gaz dadesh1

«SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի խոսքով, Դադեշ և Սուլդա գյուղերի գազաֆիկացման համար ընկերությունը ծախսել է 4 300 000 լարի։ Գումարը ներառում է կենտրոնական մայրուղային և ներքին գազատարների կառուցման աշխատանքները։

dadesh gaz

Առայժմ բնական գազը բնակիչների տներ չի մատակարարվում։ Այն կիրականացվի Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովից համապատասխան լիցենզիա ստանալուց հետո։ Ընկերությունում հույս ունեն, որ մինչև տարեվերջ կապույտ վառելիքը կհասնի այս գյուղերի յուրաքանչյուր տուն։

Սուլդա գյուղում կա 138 բաժանորդ, իսկ Դադեշում՝ 130։

gaz dadesh2

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝