Մունիցիպալ զարգացման հիմնադրամը վերանորոգում է Ախալքալաքի ֆուտբոլային մարզադաշտը։ Այդ նպատակով, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, ժամանակավորապես, մեկ տարի ժամկետով, Հիմնադրամին է փոխանցել վերանորոգման աշխատանքների իրականացման իրավունքը։ Աշխատանքները կսկսվեն մեկ ամսից և կիրականացվեն «Սաթավե+» ՍՊԸ-ի կողմից։
Մունիցիպալ զարգացման հիմնադրամը Սամցխե-Ջավախեթի մարզի երեք մունիցիպալիտետում՝ Ախալքալաքում, Ախալցիխեում և Ադիգենիում, իրականացնում է ֆուտբոլային նոր մարզադաշտերի կառուցման նախագծեր։ Աշխատանքների մրցույթը անցկացվել է 2025 թվականի հոկտեմբերին, և հաղթող է ընտրվել «Սաթավե+» ՍՊԸ-ն։ Երեք մունիցիպալիտետի նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է 14,280,000 լարի, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է մոտավորապես 4,760,000 լարի։
Մարզադաշտի վերանորոգման աշխատանքները դեռ չեն սկսվել։ JNEWS-ը պարզեց, թե երբ են դրանք սկսվելու։
« Ներկայումս պատրաստվում են փաստաթղթերը, աշխատանքները շուտով կսկսվեն, առավելագույնը մեկ ամսից, գուցե ավելի քիչ», — ասացին «Սաթավե+» ՍՊԸ-ից։
Միջոցների մեծ մասը կօգտագործվի ֆուտբոլային դաշտի վերանորոգման համար: Հին մակերեսը ամբողջությամբ կապամոնտաժվի, կբետոնապատվի և կծածկվի 55 մմ հաստության արհեստական խոտածածկով: Հին տրիբունայի դիմաց նախատեսվում է տեղադրել նոր լրացուցիչ 300 տեղանոց տրիբունաներ: Քաղաքապետարանի հետ համաձայնությամբ, հին տրիբունան նույնպես կպահպանվի: Տրիբունաները կլինեն վերնածածկով: Մարզադաշտի դարպասները նույնպես կվերակառուցվեն և կստեղծվեն հարակից ենթակառուցվածքներ:
Մարզադաշտի տարածքում նախատեսվում է կառուցել օժանդակ շինություններ, այդ թվում՝ վարչական տարածքներ, մարզիչների և մրցավարների սենյակներ, հանդերձարաններ, պահակակետեր և այլ կարիքների համար շինություններ: Ամբողջ տարածքը կշրջապատվի 2 մետր բարձրությամբ մետաղական, ցանցային ծածկույթով, ցանկապատով: Նոր շենքերը կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և լիովին հասանելի կլինեն սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար։
Ընկերության հետ պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 6-ին և ուժի մեջ է ստորագրման օրվանից 1023 օր:



