Մուրջախեթ գյուղից ոչ հեռու՝ Կրխ Բուլախ գետի ափին, քարերի մեջ հազիվ նշմարվում են անհետացած Մուր բնակավայրի հետքերը՝ քարե պատերի մնացորդներ, տների ավերակներ և հին ջրաղաց։ Տեղացիների, այդ թվում՝ Ենոք Բաբաջանյանի համար, այս վայրն անցյալի կենդանի հիշողությունն է, որը փոխանցվում է սերնդեսերունդ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղը գտնվում է Ախալքալաքից ոչ հեռու։ Գյուղ գնում են երկու ճանապարհով։ Դրանցից մեկն անցնում է Չամդուրա գյուղով։ Հիմնականում Մուրջախեթի բնակիչներն օգտվում են Խոսպիո գյուղի կողմից գնացող ճանապարհից։
Եթե Խոսպիոյի կողմի ճանապարհով գնաս, չհասած Մուրջախեթ, ձախ կողմում, ճանապարհից մի փոքր խորքով, Կրխ Բուլախ գետի ափին, կարելի է նկատել քարե ցանկապատերի մնացորդներով, մի փոքր տարածք։ Դրանք հիշեցնում են տների ավերակներ։ Այստեղ կարելի է տեսնել ենթադրաբար բնակելի տների և քարե ցանկապատերի 15-ից 20 մնացորդ։ Ներքևում՝ գետի կողքին, պահպանվել են նաև ջրաղացի մնացորդները։
Հնում մարդիկ բնակավայրի համար տեղ ընտրելիս փորձում էին բնակություն հաստատել գետերի մոտ։ Ջուրն անհրաժեշտ էր առօրյա կյանքի, հողագործության և անասունների խնամքի համար։ Գետի կողքին հնարավոր էր կառուցել ջրաղաց, հացահատիկային մշակաբույսեր աճեցնել և տնտեսությունն ապահովել ջրով։ Նշված վայրը լիովին համապատասխանում է այդ պայմաններին։
Մուրջախեթ գյուղի բնակիչ Ենոք Բաբաջանյանը վստահ է, որ այստեղ ժամանակին գյուղ է եղել, որը հետագայում անհետացել է։
Նրա խոսքով, այս պատմությունը նա լսել է ավագ սերնդից։ Ըստ ավանդության, այս վայրում գտնվել է Մուր անունով գյուղ, իսկ Կրխ Բուլախ գետի հակառակ ափին՝ մեկ այլ գյուղ՝ Ջախեթ։ Ժամանակի ընթացքում Մուրի բնակիչները տեղափոխվել են գետի հակառակ ափ՝ Ջախեթ, իսկ նախկին բնակավայրը աստիճանաբար ամայացել է։
Ենոքի պատմածների համաձայն, որոնք նա լսել է ավագ սերնդից, այս գյուղի բնակիչները մի քանի անգամ ստիպված են եղել լքել իրենց տները, ապա կրկին վերադառնալ։ Նրա խոսքով, նման բան տեղի է ունեցել երեք-չորս անգամ։
Ցույց տալով պահպանված քարե ցանկապատերը Ենոք Բաբաջանյանը պատմում է․
«Ես չգիտեմ, թե որ դարի պատմություն ունի այս գյուղը։ Կողք կողքի խնամքով շարված քարերը վկայում են, որ այստեղ պատ է եղել։ Գյուղի բնակիչները ստիպված լքել են այն Լենկ-Թեմուրի, մոնղոլ-թաթարների և թուրքերի արշավանքների ժամանակ»։
Ենոքը ցույց է տալիս նաև մեկ այլ տարածք, որտեղ, իր կարծիքով, կարող էր գտնվել հնագույն բնակավայրը։ Նրա խոսքով, ենթադրյալ ցանկապատերի հարևանությամբ գերեզմանատուն է եղել։
Շարունակելով իր պատմությունը Ենոքն ասում է․
«Ես հաշվել եմ 15-ից 20 տների պատ։ Այն մասին, որ այստեղ իսկապես գյուղ է եղել, որն անհետացել է, վկայում են նաև ջրաղացի մնացորդները։ Գյուղը եղել ու անհետացել է։ Իսկ անունը չի պահպանվել։ Այն անվանումը, որն այսօր մենք օգտագործում ենք, հավաստի չէ։ Այստեղ հաճախ մարդկային մնացորդներ են հայտնաբերվում»։
Ենոքի խոսքով, ենթադրյալ գերեզմանատան տարածքում հետագայում երկու վայրերում փոքր մատուռներ են կառուցվել։ Մարդիկ այնտեղ գալիս են, աղոթում և մոմեր վառում։ Ինչպես պատմում է Ենոքը, մատուռների կառուցման վայրերը բնակիչները որոշել են այն բանից հետո, երբ դրանք երազում են տեսել։
Պատմելով այս պատմությունը և տեղանքը ցույց տալով, Ենոք Բաբաջանյանը ցանկանում է, որ Մուրջախեթի պատմությունը չանհետանա, այլ մնա գյուղացիների և նոր սերնդի հիշողության մեջ։ Նա կարծում է, որ գյուղի պատմությունը նախևառաջ հենց նրա բնակիչներն են ստեղծում և պահպանում։
Իսկապես այստեղ եղել է հնագույն Մուր գյուղը։ Երբ է այն առաջացել և ինչու է անհետացել։ Ովքեր էին նրա բնակիչները և ինչն էր ստիպում նրանց մի քանի անգամ լքել իրենց տները։ Առայժմ այս հարցերի ստույգ պատասխանները չկան։
Հնարավոր է, որ մի օր պատմաբաններն ու հնագետները ուսումնասիրեն այս վայրը և պարզեն, թե անցյալում այստեղ ինչ է եղել։ Իսկ մինչ այդ, անհետացած Մուր գյուղի պատմությունը շարունակում է ապրել բնակիչների հիշողության մեջ։









