նորություններ 4 Օգոստոսի, 2026 • Ինչու չի սկսվել Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտի վերանորոգումը

Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամի (MDF) կողմից նախատեսված Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտի վերանորոգումը դեռևս չի սկսվել։ Կապալառու «Սաթավե+» ՍՊԸ-ն պնդում է, որ շինարարական թույլտվություն չի ստացել, առանց որի չի կարող սկսել աշխատանքները։

Մունիցիպալ զարգացման հիմնադրամն իրականացնում է Ախալքալաքի, Ախալցիխեի և Ադիգենիի ֆուտբոլային մարզադաշտերի կառուցման և վերականգնման նախագիծ։ Աշխատանքների մրցույթն անցկացվել է 2025 թվականի հոկտեմբերին, և հաղթող է ճանաչվել «Սաթավե+» ՍՊԸ-ն։ Երեք նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է 14 280 000 լարի, կամ մոտավորապես 4 760 000 լարի յուրաքանչյուր օբյեկտի համար։

Այս տարվա մայիսին Jnews-ը կապալառուից հետաքրքրվել է, թե երբ կսկսվի Ախալքալաքի մարզադաշտի վերանորոգումը։ Ընկերությունն այդ ժամանակ հայտարարեց, որ աշխատանքները կսկսվեն մոտ մեկ ամսից։ Սակայն անցել է երկու ամիս, իսկ շինարարական տեխնիկան դեռևս շինհրապարակ չի հասել։

Ուշացման պատճառները  պարզելու նպատակով խմբագրությունը կրկին կապ հաստատեց «Սաթավե+» ՍՊԸ-ի հետ: Մունիցիպալ զարգացման հիմնադրամի և շինարարական ընկերության միջև պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 6-ին և ուժի մեջ է ստորագրման օրվանից 1023 օր: Սակայն Ջավախքում ամառային շինարարական սեզոնը կարճ է, իսկ ձմեռային խստաշունչ պայմանները զգալիորեն սահմանափակում են աշխատանքները կատարելու հնարավորությունը:

Ընկերությունը հայտարարեց, որ շինարարությունը չի կարող սկսվել առանց մունիցիպալ զարգացման հիմնադրամի համապատասխան թույլտվության։

«Աշխատանքները դեռ չեն սկսվել։ Մրցույթն անցկացվել է, բայց մեզ աշխատանքներն իրականացնելու թույլտվություն չի տրամադրվել ։ Մենք կսկսենք շինարարությունը երբ պետությունը որոշում կայացնի։ Մունիցիպալ զարգացման հիմնադրամը դեռ թույլտվություն չի տվել։ Նրանք մեզ չեն բացատրել, թե ինչու թույլտվություն չեն տվել. մենք շինարարներ ենք», — հայտնեցին «Սաթավե+» ՍՊԸ-ից։

Jnews-ի նախագծի չեղարկման հնարավորության մասին հարցին ի պատասխան ընկերությունը պատասխանելց.

«Տեսականորեն հնարավոր է և այնպես, որ մենք ընդհանրապես չկառուցենք։ Չնայած չեմ կարծում, որ դրան կհասնի։ Եթե պատվիրատուն նման որոշում կայացնի, ապա շինարարություն չի լինի»։

Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերին,  կենտրոնական մարզադաշտում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար , Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը,  մեկ տարի ժամկետով իրավունք էր տվել մունիցիպալ զարգացման հիմնադրամին։

Նախագծի համաձայն, մարզադաշտի տարածքի համար նախատեսվում են օժանդակ շենքեր, այդ թվում՝ վարչական գրասենյակներ, մարզիչների և մրցավարների սենյակներ, հանդերձարաններ, անվտանգության կառույցներ և այլ տեխնիկական հարմարություններ: Մարզադաշտի տարածքը կշրջապատվի երկու մետր բարձրությամբ մետաղական ցանկապատով՝ ցանցային ծածկույթով: Բոլոր նոր շենքերը պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին և լիովին մատչելի լինեն սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար:

Ֆինանսավորման մեծ մասը հատկացվում է ֆուտբոլային դաշտի վերակառուցմանը: Նախատեսվում է հին ծածկույթի ապամոնտաժում, հիմքի բետոնապատում, ապա 55 մմ հաստությամբ արհեստական խոտածածկույթի տեղադրում:

Բացի այդ, նախագծով նախատեսվում է գործող տրիբունայի դիմաց տեղադրել 300 տեղանոց նոր տրիբունա: Քաղաքապետարանի հետ պայմանավորվածությամբ՝ հին տրիբունան նույնպես կպահպանվի: Երկու տրիբունաներն էլ նախատեսվում է հագեցնել ծածկերով: Նախագիծը ներառում է նաև մարզադաշտի մուտքի դարպասների վերակառուցում և հարակից ենթակառուցվածքների ստեղծում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝