Նոյեմբերի 24-ի գիշերը Մոսկվայում գնդակահարված Գեորգի Քոլյանը ծնվել եւ մեծացել է Ախալքալաքում։ Վերջին տարիներին նա ապրել է Մոսկվայում եւ քրեական աշխարհում հայտնի եղել Գեորգի անունով:

NEWS.am-ի տեղեկություններով, Գեորգին միշտ աջակցել եւ օգնել է Մոսկվայում բնակվող այն հայերին, որոնք Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններում խնդիրներ են ունեցել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ:

Մի քանի տարի առաջ քրեական աշխարհի ներկայացուցիչները սպանել են Գեորգիի մտերիմ ընկերներից մեկին, որից հետո սկսվել է վենդետան: Չի բացառվում, որ նրա սպանությունը եւս կապված է այս պատմության հետ:

Ավելի վաղ NEWS.am-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնել էին, որ մայրաքաղաքի Յասնեւո շրջանում գնդակահարված Գեորգի Քոլյանը Մոսկվայում նախկինում դատապարտված է եղել:

Ըստ տեղեկատվության` Քոլյանը վերջին անգամ Ռուսաստան մուտք էր գործել մեկ ամիս առաջ: Նշենք, որ ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` սպանվածը Մոսկվայում շինարարական բիզնեսով էր զբաղվում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվայի հարավ-արեւմուտքում իրականացված տղամարդու սպանությունը նման է պատվերով սպանության: Ինչպես տեղեկացրել ենք, սպանվածի հրազենային վիրավորումով դիակը հայտնաբերվել է Լիտովսկի պուրակի մոտ:

Իրավապահ մարմիններից հայտնել են, որ անհայտ անձը Կալաշնիկովի կարճափող ինքնաձիգով գնդակահարել է տղամարդուն, որից հետո փախուստի է դիմել՝ զենքը թողնելով սպանության վայրում:

Քննչական կոմիտեից այս տեղեկությունը հաստատել են՝ հստակեցնելով, որ ինքնաձիգը գտել են դիակից 300 մետր հեռավորությամբ:

Սպանվածի կողքին կանգնած է եղել մեքենա, որի մեջ, նախնական տեղեկություններով, գնդակի երեք հետք է հայտնաբերվել: