Մարդու իրավունքների կրթության և մոնիտորինգի կենտրոնը (EMC) կոչ է անում իրավապահ մարմիններին անցկացնել անկախ և արդյունավետ հետաքննություն՝ Ախալքալաքում վերջերս տեղի ունեցած բռնի բախումների առթիվ, որոնք կապվում են մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի անվան հետ: «EMC»-ն նաև կոչ է անում իշխող քաղաքական կուսակցությանը վերանայել Սամցխե-Ջավախքում կլանային ուժի և կառավարման հակաժողովրդավարական բովանդակությունը:
Այսօր Մարդու իրավունքների բնագավառում կրթության և մոնիտորինգի կենտրոնը հրապարակել է նյութ՝ «Հենզել Մկոյանի կլանային ուժը պահանջում է քաղաքական և իրավական արձագանք» վերնագրով: Որտեղ նշվում է, որ վերջին ամիսներին Սամցխե-Ջավախքում տեղի են ունեցել ֆիզիկական առճակատումներ և մի շարք բարդ միջադեպեր, որոնցում շոշափվում է մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի անունը:
«Ցավոք, իրավապահ մարմինների արձագանքն այս փաստերի առթիվ դեռևս արդյունավետ չի եղել: Ինչը մատնանշում է քաղաքական շահերի ազդեցությունը հետաքննության վրա և տարածաշրջանում ավելորդ իշխանություն ունեցող պատգամավորի քաղաքական և իրավական արտոնությունները», – ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Կենտրոնի ուշադրության կենտրոնում են երկու միջադեպերը, որոնք տեղի են ունեցել Ախալքալաքում՝ մեկը` մարտի 26-ին, մյուսը` մայիսի 8-ին:
Մարտի 26-ի կեսօրին, ժամը 15:28-ից հետո, «Gold» սրճարանի դիմաց, որը պատկանում է Պետրոսյանին, տեղի էր ունեցել ընդհարում Պետրոսյանի և Մկոյանի հարազատների միջև: Ընդհարումը կարճ է տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել են և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև: Ինչի հետևանքով ձերբակալել են Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն:
Մայիսի 8-ին, Ախալքալաքում ծեծկռտուք էր տեղի ունեցել մի քանի մարդկանց միջև, Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ էր հարուցել բռնության փաստի առթիվ: «Վրաստանի հայրենասերների դաշինքի» առաջնորդը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ բռնություն է իրագործվել «պատգամավոր Հենզել Մկոյանի խմբավորման անդամի կողմից»: Համբարյանը հայտարարել էր, որ չի մասնակցել որևէ ծեծկռտուքի: Հետաքննությունը շարունակվում է:
Մարդու իրավունքների բնագավառում կրթության և մոնիտորինգի կենտրոնը գրում է, որ Մկոյանը 1999 թվականից համարվում է խորհրդարանի անդամ, և նա իր ընտանիքի հետ մի շարք բիզնեսներ ունի նավթամթերքի ոլորտում:
«Մկոյանի եղբայրը և հորեղբայրը՝ Մարտուն և Նորայր Մկոյանները հանդիսանում են իշխանության խոշոր նվիրատուները: Մկոյանների ընտանիքի բիզնեսում երևում են պետական տենդերների ապօրինի և կոռումպացված օգտագործման նշաններ: Ջավախքում 674 կառավարական պայմանագիր է կնքվել Հենզել Մկոյանի երեխաների, եղբոր և հոեղբոր երեք ընկերությունների հետ, ներառյալ՝ 665-ն ուղղակի պայմանագրով: 2010-2019 թվականներին ընկերությունները բյուջեից ստացել են 2 312 278 լարի», – գրում է Կենտրոնը:
Հոդվածում նշվում է նաև, որ 2020 թվականի հունվարի 30-ին «Transparency International Georgia»-ն դիմել է ՊԱԾ-ին և Գլխավոր դատախազությանը՝ այդ փաստերը քննելու խնդրանքով, բայց նրանք չեն արձագանքել:
«Հենզել Մկոյանը մեծամասնական պատգամավոր է, որը ղեկավարում է շրջանը կլանային ուղիներով, և բոլոր իշխանությունները փորձում են օգտագործել նրա ազդեցությունը ընտրական նպատակներով: Ցավոք, նման օրինակներ կան նաև այլ շրջաններում (ներառյալ Քվեմո-Քարթլին, Զեմո Աջարիան): Այս պրակտիկան, բացի տեղական բնակչության և տարածաշրջանների հասարակական-քաղաքական շահերը, խորացնում են քաղաքական մեկուսացումը, զգալիորեն վատթարացնում է երկրում ժողովրդավարության կայացման գործընթացը:
Հենզել Մկոյանի շահերի և ազդեցության մասշտաբները, ինչպես նաև իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանքը բռնության միջադեպերին, մեկ անգամ ևս ցույց են տալիս քաղաքական հավատարմության նշանները նրա և նրա օրինական արտոնությունների մասին, որոնք ռիսկեր են ստեղծում տարածաշրջանում հակամարտության սրման և հակասում են օրենքի գերակայության սկզբունքներին», – հայտարարում են կենտրոնից:
«Հաշվի առնելով վերոնշյալը` EMC-ն կոչ է անում Վրաստանի ՆԳՆ-ին և Վրաստանի Գլխավոր դատախազությանն անհապաղ սկսել անկախ և արդյունավետ հետաքննություն այն դեպքերի առթիվ, որոնք տեղի են ունեցել 2020 թվականի մարտի 26-ին և մայիսի 8-ին»: