Այսօր Վրաստանի խորհրդարանի 9-րդ գումարման առաջին նիստը բացեց նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, նա շնորհավորեց բոլորին և խոսեց որոշ կարևոր ուղղությունների մասին, որոնց վրա պետք է աշխատի խորհրդարանը:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դիմեց իշխող կուսակցությանը և կոչ արեց ակտիվ և արտահերթ քայլերի երկրի տնտեսական խնդիրների լուծման համար:

«Ժամանակն է ակտիվ գործողությունների, խիզախ և արտահերթ քայլերի, որոնք կապահովեն ավելի լավ տնտեսական ապագա, ներդրումների ներգրավում, լարիի փոխարժեքի կայունացում: Ես միշտ կաջակցեմ բոլոր բարեփոխումներին, որոնք ուղղված են ապահովելու, քաղաքացիների էլ ավելի բարեկեցությունը», – հայտարարել է երկրի նախագահը:

Ըստ Գիորգի Մարգվելաշվիլիի, այսօր մեր բնակչության մեծամասնությանը առավել մտահոգում է տնտեսական իրավիճակը` գործազրկությունը և ծանր սոցիալական պայմանները: Ըստ նրա, այսօր բնակչությունը նոր խորհրդարանից ու ապագա կառավարությունից սպասում է խնդիրների լուծում:

«Ուստի ես դիմում եմ իշխող կուսակցությանը, այժմ դուք ունեք բոլոր հնարավորությունները կատարելու ձեր բոլոր խոստումները – առաջին հերթին, սահմանադրական մեծամասնությունը, որն իսկապես հզոր զենք է ցանկացած բարեփոխման անցկացման համար: Դուք ունեք լիակատար քաղաքական մանդատ հասարակությունից, գործարար հատվածի աջակցություն, լավ հարաբերություններ Ազգային բանկի հետ», – նշել է նախագահը:

Նախագահը նաև խոսեց լրատվամիջոցների ազատության կարևորության մասին, որ լրագրողները չպետք է ենթարկվեն ճնշումների և հետապնդումների ոչ մի կերպ, ինչպես նաև կարևորել է անվտանգության ռազմավարությունը:

«Ի պատասխան երկրի առջև գոյություն ունեցող մարտահրավերների, կարծում եմ, պետք է թարմացվեն ռազմավարական ազգային և գերատեսչական փաստաթղթերը, որոնք սահմանում են երկրի անվտանգության քաղաքականությունը և դրանց հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներգրավմամբ, անձանց ովքեր զբաղեցնում են բարձր քաղաքական պաշտոններ, պետք է մշակվի միասնական ազգային անվտանգության ռազմավարություն » – նշել է Գիորգի Մարգվելաշվիլին: