«Մասնավոր ֆինանսական կազմակերպությունները, փաստացիորեն, խարդախությամբ են զբաղվում, եւ ավելի մեծ շահույթ ստանալու համար նրանք ներառում են պարտապանների ցուցակներում մահացածներին որոնց պարտքերը ներվելու են», – գրում է «Ռեզոնանս» թերթը:
Մասնավորապես, նրանք դա անում են այն պատճառով, որ «Քարթու» հիմնադրամը, որը անհուսալի պարտքերի մասը իր վրա է վերցնում, չի կարողանում ստուգել ամբողջ ցուցակը, որը բաղկացած է հարյուր հազարավոր անուններից, համապատասխանաբար, նա պարտքերը ուղղակի վճարում է՝ պետական պարտքի ներման ծրագրի շրջանակներում, վարկատուների տրամադրած ցուցակի մանրամասները այդքան էլ լավ չհասկանալով հանդերձ:
Օգտվելով այս հանգամանքից, վարկային կազմակերպությունները՝ հանգուցյալների հաշվին, ավելացրել են ցուցակները՝ իրենց շահույթը մեծացնելու նպատակով, միևնույն է՝ ոչ-ոք չի ստուգելու:
Նման դեպքերը ավելի ու ավելի են շատանում, մարդիկ պատմում են, որ նրանք պարտքերի զրոյացման ցուցակներում կարդում են իրենց հարազատների անունները, որոնք վաղուց մահացել են:
Որպես կանոն, խոսքը վերաբերում է նրանց, ովքեր իրականում պարտքեր ունեին կյանքի օրոք, բայց մահից հետո, բնականաբար, ոչ-ոք չի պահանջել դրանք մարել: Այժմ «Քարթու» հիմնադրամը վճարում է և նրանց պարտքերը, չնայած այն հանգամանքին, որ պարտքերի ներման ծրագիրը չի վերաբերում մահացածների պարտքերին, նույնիսկ եթե նրանք իրենց կյանքի ժամանակ չվճարված պարտքեր են ունեցել:
Այս հարցը սոցիալական ցանցերում ակտիվ քննարկման առարկա դարձավ, եւ դրանից հետո կառավարությունը ներգրավվեց դրանում: Ըստ Ֆինանսների նախարարության, վարկառուի մահը ինքնին չի նշանակում պարտքի վերացում, քանի որ պարտքը ինքնաբերաբար փոխանցվում է ժառանգներին:
«Ըստ գործող օրենսդրության, ֆիզիկական անձի մահվան դեպքում, ժառանգները ստանում են ինչպես մահացածի ունեցվածքը, այնպես էլ ֆինանսական պարտավորությունները: Համապատասխանաբար, նրանք պարտավոր են ծառայել վարկատուների շահերին, որոնք մնացել են անձի մահից հետո», – հայտարարել են Ֆինանսների նախարարությունից:
Ինչպես հայտարարել են «Քարթու» բանկում, պարտատերերի վերաբերյալ առաջին տվյալները ստացվել են կոմերցիոն բանկերից, եւ դրանք վերստուգվել են Ազգային բանկում, որից հետո տեղադրվել են համապատասխան կայքում: Ներկայումս շարունակվում է տվյալների ստացումը եւ դրանց վերստուգումը:
«Պարտքերի զրոյականացման գործընթացը դեռևս շարունակվում է, եւ դեռ շատ ժամանակ է մնացել մինչեւ դրա ավարտը: Մենք ինտենսիվորեն ստուգում ենք ցուցակները, որոնք տեղակայված են կայքում՝ համապատասխան հաստատումից հետո», – հայտարարում են հիմնադրամից:
Ինչևիցե, դատելով այն բանից, որ մահացածների մասին նամակները չեն դադարում, այդ ստուգումը ոչ այդքան արդյունավետ է, եւ դա զարմանալի չէ, հաշվի առնելով ցուցակում անունների թիվը:
Բացի դրանից, կան ցուցակում այնպիսի հանգուցյալներ, որոնց ժառանգները պարտքերը չեն ժառանգել: Օրինակ, կան ընտանիքներ, որոնց մահացած անդամները հասցրել են իրենց պարտքերը մարել մահից առաջ, բայց այժմ նրանք էլ են գտնվում պարտքերի զրոյացման ցուցակում:
Կան նաև այնպիսիք, ովքեր մինչեւ պարտքի վերջնականապես մարումը չի հերիքել միայն մեկ մուծում, եւ նրանք այժմ ներառված են պետական ծրագրի շահառուների ցուցակներում:
Ազգային բանկը իրենից հեռացնում է ողջ պարտականությունը եւ հայտարարում, որ վարկային կազմակերպությունների եւ մասնավոր ֆոնդի միջեւ փոխհարաբերությունները կարգավորողի իրավասության մեջ չեն մտնում:
«Վրաստանի քաղաքացիական օրենսգիրքը կարգավորում է մահացած անձանց պարտքերի հարցը, համապատասխանաբար, տվյալ հարցը Ազգային բանկի իրավասությունը չէ: Եթե կողմերից որեւէ մեկը իրենց իրավունքները խախտված են համարում, ապա պետք է դիմեն պատկան մարմիններին: Ինչ վերաբերում է անհուսալի պարտքերը ներելու ծրագրի շրջանակներում նշված ցուցակներին, ապա դրանք կազմվել են վարկային կազմակերպությունների եւ «Քարթու» մասնավոր հիմնադրամի միջեւ համաձայնության հիման վրա: Ցուցակները կազմված են վարկային ընկերությունների կողմից տրամադրված տվյալների հիման վրա, համապատասխանաբար, դրանցում ցանկացած անճշտություն պետք է հստակեցվի բացառապես համագործակցության սուբյեկտների միջեւ: Այս հարցը նույնպես Ազգային բանկի լիազորությունների շարքին չի դասվում», – հայտարարել է կարգավորողը: