Վրաստանի շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանության նախարարությունում «Խաղաղության հիմնադրամի» նախաձեռնությամբ անցկացվեց աշխատանքային հանդիպում Ախալքալաքի շրջանի Խորենիա գյուղի բնապահպանական խնդիրների հարցերով:

«Քաղաքացիական ներգրավվածություն երկխոսության միջոցով» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից, «Խաղաղության հիմնադրամը» պարտավորվել է օգնել լուծելու Խորենիա գյուղի խնդիրները:

Նշենք, որ Թորիա գյուղում գտնվող ավազահանքերը Վրաստանի կառավարությունը հանձնել է գործարարների ժամանակավոր օգտագործմանը, ովքեր հանքերից ավազ են տեղափոխում Խորենիա գյուղի միջով: Մեծ Խորենիա գյուղի բնակիչները դեմ են այն բանին, որ իրենց գյուղի կամրջով երթևեկեն ավազով բեռնված բեռնատարները, քանի որ վախենում են, որ կամուրջը, որը կապում է գյուղը շրջանին, կարող է քանդվել, և նրանք կարող են հայտնվել շրջափակման մեջ: Գյուղի միջով մշտապես երթևեկող բեռնված ավտոմեքենաները աղտոտում են գյուղի միակ ջրի աղբյուրը, ինչպես նաև օդը, որը շնչում են բնակիչները:

Երկար ամիսներ Խորենիայի բնակիչները պայքարում են բեռնատարների դեմ, նրանք բողոքել են բազմաթիվ կառույցների, սակայն խնդիրը չի լուծվում: Այս խնդրով հետաքրքրվեց նաև «Խաղաղության հիմնադրամը», օգոստոսի 4-ին «Հիմնադրամի» ներկայացուցիչները եղան գյուղում:

Աշխատանքային հանդիպման ընթացքում ներկա էին «Խաղաղության հիմնադրամի» հիմնադիր Գիորգի Թումասյանը, Շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանության նախարարության համապատասխան պատասխանատու անձինք, Սամցխե-Ջավախքում նահանգապետի ներկայացուցիչները, Ախալքալաքի շրջանի գամգեբելի Էդուարդ Աղասարյանը, ինչպես նաև գործարարները, ովքեր ունեն ավազահանքերը օգտագործելու թույլտվություն (լիցենզիա):

Հանդիպման արդյունքում որոշվեց, որ Շրջակա միջավայրի պաշտապնության Ազգային ծառայությունը կանցկացնի լիարժեք հետաքննություն, թե ինչքանով է փոշին վտանգում գյուղի բնակչության առողջությունը: «Խաղաղության հիմնադրամը» ուսումնասիրության արդյունքներից հետո նախարարության, տարածաշրջանային և տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ համատեղ պլանավորում է կազմակերպել հանդիպում գործարարների և գյուղի բնակչության միջև, որպեսզի կոնսենսուսի միջոցով լուծեն ստեղծված իրավիճակը:

«Մեկ ամսից երևի ուսումնասիրությունը կավարտվի: Կախված, թե ինչպիսին կլինեն ուսումնասիրության արդյունքները, հարցը կտեղափոխվի այլ մակարդակ, և կհաջորդեն այլ քայլեր: Երբ մենք կունենանք փաստաթղթեր այն մասին վտանգավոր է, թե ոչ մարդկանց առողջության համար, ապա կանենք համապատասխան քայլեր», – ասել է «Խաղաղության հիմնադրամի» հիմնադիր Գիորգի Թումասյանը: