Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը շուտով նոր շենք կունենա։ Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող և արդեն 83 տարվա պատմություն ունեցող հին շինությունը ամբողջությամբ քանդել են և նույն տեղում սկսվել է նոր թատրոնի կառուցում։

Petros_Adamian_Tbilisi_State_Armenian_Drama_Theatre._Avlabar,_Tbilisi,_Georgia

Արդեն 10 տարի է Թբիլիսիում գործող հայկական թատրոնն իր շենքում չի գործում։

«Շենքը վթարային էր, բոլոր այս տարիների ընթացքում դիմում էինք մեր ղեկավարներին, բայց ղեկավարությունը այնքան հաճախ էր փոխվում, որ ոչ մի ղեկավար չկարողացավ հասցնել ժամանակին լուծել այս հարցը և մենք դիմեցինք նաև մեծ բարերար, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն, ով բոլոր ծախսերը իր վրա վերցրեց», – պատմում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։

Նախագիծը ֆինանսավորում է «Քարթու» հիմնադրամը, Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ։ 2017 թվականին թատրոնի շենքի ամրապնդման աշխատանքներ էր պատրաստվում իրականացնել Վրաստանի Մշակույթի նախարարությունը, բայց այն բանից հետո, երբ շենքը ստուգվեց սեյսմիկ կենտրոնի կողմից, պարզ դարձավ, որ այն ենթակա չէ ամրապնդման և գտնվում է վթարային վիճակում։

Նոր նախագիծը շենքի համար հատկացրել է 6403 ք/մ տարածք, իսկ ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն լարի։

tatron shenq

Մայիսի 24-ին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այցելեց թատրոնի վերանորոգման աշխատանքները դիտարկելու և հայտարարեց, որ թատրոնի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2020 թվականի ավարտին։

shinararutyun

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի խոսքերով, հայկական թատրոնը կլինի Վրաստանի ամենագեղեցիկ թատրոնների շարքում։ Այն ունենալու է 140 տեղանոց փոքր դահլիճ, մեծ՝ 470 տեղանոց դահլիճ, որում կլինի 12 «գեղեցիկ» օթյակ։ Շենքում կլինի նաև ամֆիթատրոն, ժամանակակից լույս և ձայն, թանգարանային սենյակ, փորձասենյակներ և սպորտդահլիճ՝ դերասանների համար։

61146561_656902268071584_5015374916610949120_n

61179883_849038972140660_2661706600447737856_n

Չնայած նրան, որ հայկական թատրոնի շենքը երկար ժամանակ է ինչ չի գործում, թատրոնը չի դադարեցրել իր գործունեությունը, և ներկայացումներն անցկացնում են այլ թատրոններում։

«Այս տարիների ընթացքում թատրոնը ոչ մի անգամ չի կանգնել, նրա ստեղծագործական և տեխնիկական կազմը, տարեկան 4-5 նոր ներկայացում է կազմել, ամեն տարի խաղացել ենք 60-70 ներկայացում։ Պիտի ասեմ, որ մեր հանդիսատեսը դժվարությամբ է գալիս դիտելու ուրիշ շենքում, նրանք սովոր են, որ լինեն իրենց շենքում։ Բայց երբ դրսում ենք խաղում գալիս է նոր հանդիսատես, գալիս են երիտասարդներ», – ասում է Արմեն Բայանդուրյանը, – «ևս մեկ տարի, և մենք տանը կլինենք»։

Թատրոնի կողմից պատրաստված ներկայացումները թարգմանվում են, երբ դրանք մեծ դահլիճներում են, բայց երբ արդեն նոր շենքը պատրաստ լինի, բոլոր ներկայացումները կթարգմանվեն վրացերեն լեզվով։

Թատրոնը մշտական սենյակ ունի Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան թատրոնի շենքում, որտեղ հատկացված է փորձասենյակ, և մի քանի այլ սենյակներ։

«Դրսում չենք, բայց ամեն դեպքում քո տունն ուրիշ է»։

Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը բազում հաջողություններ է գրանցել։ Այս տարի օգոստոսին այն մեկնում է Ֆինլանդիա՝ մասնակցելու միջազգային թատերական փառատոնին, որտեղ «Օր անձրևոտ» ներկայացումը, ըստ մրցույթի արդյունքների 30 մրցանակային ներկայացումների ցանկում է։

Այն բազմիցս եղել է նաև Սամցխե-Ջավախքում, Քվեմո-Քարթլիում, մի շարք արտասահմանյան երկրներում և շատ հաճախ թատերախումբը հանդես է գալիս երևանյան բեմերում։

Մոտ մեկ ամիս առաջ, այն հանդես եկավ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, որտեղ ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ներկայացման ավարտին վարչապետին հարցրեցին, թե ինչո՞վ կարող եք օգնել Թիֆլիսի հայկական թատրոնին, նա ասաց, – ինչ կամենա, – բայց մենք վարչապետին դեռ չենք դիմել, Վրաստանի կառավարությունը հոգ է տանում մեր մասին ինչպես բոլոր վրացական առջատար թատրոնների», – կիսվում հայկական թատրոնի տնօրենը:

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը միակն է, որը Հայաստանի սահմաններից դուրս գործում է պետական թատրոնի կարգավիճակով։

Ռիմա Մառանգոզյան