«Ապագայի աստղեր 2016» 9-­րդ հանրապետական դասական երաժշտության մրցույթ­փառատոնին Ախալքալաքի երկու մասնակից՝ Աղասարյան Մարիան և Անահիտ Ստելմաշովան արժանացան դափնեկրի կոչմանը:

Մայիսի 5-­ից 15-­ը Վրաստանում մեկնարկվեց «Ապագայի աստղեր 2016» փառատոնը: Այս տարի Ախալքալաքը ներկայացավ երկու մասնակցով։ Անահիտ Ստելմաշովան մասնակցում էր այս ամենամյա փառատոնին երկրորդ անգամ, իսկ Մարիա Աղասարյանը՝ առաջին:

Մեր ներկայացուցիչները նվագել են արտասահմանյան, վրացական և հայկական դասական երաժշտություն, և, բացի ժուրիի ոգևորիչ խոսքերից, նրանք հնարավորություն ստացան մասնակցելու Թբիլիսիում կայանալիք մրցույթի դափնեկրերի գալահամերգին, որտեղ նույնպես արժանացան բարձր գնահատման։

«Մրցույթը իր տեսակով շատ լուրջ էր և բավականին ակտիվ մրցակիցներ ունեինք։ Մենք այս տարի ներկայացանք երկու մասնակցով, կարելի է ասել այս տարի ունեցանք նոր աստղ։ Անահիտը ինչ­-որ տեղ փորձ ուներ, իսկ Մարիան ընդամենը 2 տարի ու 6 ամսվա ընթացքում հասել է այն կարգի, որ մրցակցում է արդեն պրոֆեսիոնալ երաժիշտների հետ: Մեր մասնակցությունը այդ փառատոնին պատվաբեր և ինչ­-որ տեղ ռիսկային էր։ Սակայն մեր մասնակիցները պատվով կատարեցին իրենց առջև դրված խնդիրները, ինչը ոչ միայն աշխատասիրության մասին է խոսում, այլ նաև տաղանդի», -­ իր կարծիքը հայտնեց Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը:

Ծրագիրը նախատեսված է եղել 6-­րդ և 7­-րդ դասարանի մասնակիցնրի համար, իսկ մեր ներկայացուցիչները ընդամենը 3­-րդ դասարան են և մյուսների հետ հավասար մրցակցել են։

Նրանց ուսուցչուհին՝ Սվետլանա Կարոյանը մեծ հպարտությամբ նշում է, որ մեկ դպրոցից այն էլ նույն դասարանից 2 տաղանդավոր սան ունենալը պատիվ է ոչ միայն դպրոցի՝ այլ նաև տարածաշրջանի համար։

Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը, սաների հաջողակ ելույթների համար պարգևատրվեց «Արդյունավետ ու հմուտ աշխատանքի» պատվոգրով։

Ջուլիետա Տոնականյան