Ամբողջ Վրաստանում մեքենաների արգելքի շրջանակներում բացառություն է արվում ֆերմերների համար: Նրանց թույլատրվում է մեքենաներով տեղաշարժվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու նպատակով, առանց հատուկ անցագրի՝ առավոտյան 06:00-ից մինչև 08:00-ն և երեկոյան 18:00-ից մինչև 19:00-ն՝ ապրիլի 22-ից մինչև 26-ը ներառյալ:

Այս բացառությունը, Ասոցիացիայի տեղեկատվության համաձայն, կատարվում է բոլոր ֆերմերների համար՝ մեծ, միջին և փոքր:

Ըստ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեի, թույլատրվում է մեքենա վարել միայն գյուղատնտեսական աշխատանքների համար և միայն նշված ժամանակահատվածում:

Հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ է նշված ժամանակահատվածում ֆերմերների տեղաշարժի հատուկ թույլտվություն, Ռամազ Գոգոլաձեն ասաց. «Հատուկ թույլտվություն հարկավոր չէ, բայց պետք է ապացուցել, որ տեղաշարժվում ես գյուղատնտեսական աշխատանքների նպատակով»:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, ֆերմերներին թույլատրվում է մեքենայով երթևեկել առավոտյան 06:00-ից 08:00-ն և երեկոյան 18:00-ից 19:00-ն՝ միայն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար:

«Որպեսզի այլ նպատակներով մեքենայով տեղաշարժվեն, քաղաքացիներին անհրաժեշտ է հատուկ անցագիր», – ասում է քաղաքապետը:

Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում, անցագիրը հնարավոր է ստանալ քաղաքապետարանում քաղաքացու հայցադիմումը հաշվի առնելուց հետո:

Երեկ՝ ապրիլի 21-ին, կառավարության որոշմամբ՝ ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը երկարաձգվել է մինչև ապրիլի 27-ը: